comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զուգահեռում է՝ սա Արցախ կատարած իր յոթերորդ այցն է. դրանով այցերի թիվը հավասարվում է արցախյան թեմային առնչվող իր աշխատությունների թվին: Հերթական այցը տեղավորվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տրամաբանության մեջ եւ իրականացվել ԼՂՀ Ազգային ժողովի, Արցախի պետական համալսարանի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցության շնորհիվ:

ԵՐԲ ՀԱՅ ԴԱՏԻ ՕԳՏԻՆ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ՕՏԱՐՆԵՐԸ

Արցախի մայր բուհի ճեմասրահում տեղադրված նմուշները ցուցահանդեսի առաջին այցելուներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Առաջին այցելուների թվում նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արտաքին գործերի եւ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարներն էին, իշխանության օրենսդիր ու գործադիր թեւերի ներկայացուցիչներ: Ներկայացված են պատառիկներ Հայոց ցեղասպանության առնչությամբ արտասահմանյան մամուլի արձագանքներից: Նկարներում եւ ծաղրանկարներում ոչ միայն թուրքերի ոճրագործությունների կապակցությամբ առաջադեմ գործիչների բողոքը, այլեւ Հայոց ցեղասպանության հարցում Եվրոպայի անտարբերությունն է արտացոլվել: Հայկ Դեմոյանն այս շարքում մեկ այլ հանգամանք է կարեւորում. 1915-ին միջազգային հանրությունը Արեւմտյան Հայաստանը շատ դեպքերում հենց Հայաստան էր անվանում: Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը չի թաքցնում. նման հավաքածուների կարիք ունեն նաեւ Արցախի թանգարանները: Հայկ Դեմոյանը եւս դա անհրաժեշտ է համարում: Ճշմարտությունը ներկայացնելու համար պետք է օգտագործվեն բոլոր հարթակները:

ՆՈՐ ԳԻՐՔ ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որ Արցախը անքակտելիորեն կապված է Ցեղասպանության թեմայի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության հետ՝ Հայկ Դեմոյանը չի էլ կասկածում։ Նա 15 տարվա աշխատանքի արդյունքներն ի մի է բերել ՙԹուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը՚ աշխատության մեջ: Ռուսերեն հրատարակության շնորհանդեսը 2013-ին է կայացել Մոսկվայում: Արցախի պետհամալսարանում արցախյան շնորհանդեսն է կայացել: Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը թե՜ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ թե՜ ցեղասպանության թեմայի իրազեկման գործում, այս համատեքստում ընդգծելով՝ Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը եւ նրա հետեւողական հասարակական գործունեության կարեւորությունը։ Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Ղարաբաղի խնդիրը նույնպես ցեղասպանության արդյունք է. թուրքական ոճրագործության ու ագրեսիայի հետեւանքով թուլացած Հայաստանն ի վիճակի չէր պայքարելու Ղարաբաղի համար։ ՙԱյսօրվա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության պատասխանն է թուրք-ադրբեջանական նկրտումներին՚ - նշել է խորհրդարանի նախագահը։ Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջեւան գոտու հայաթափումը Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եղել ինչպես սուլթանական, այնպես էլ երիտթուրքերի եւ քեմալական կառավարության տարիներին: Պանթուրքիզմի գաղափարախոսությանը հավատարիմ դեպի Արեւելք տարածվել ձգտող Թուրքիայի համար հայությունն ընդամենը պատնեշ է: Թուրքիայի կողմից Ադրբեջան պետության ստեղծումը նույն պանթուրքիզմի գաղափարախոսության զարգացումն էր նշանակում: Դա նաեւ Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջեւան գոտու հայաթափմանն ուղղված քայլ էր, գնահատում է Հայկ Դեմոյանը: Եվ դա միայն պատմագիտական թեզ չէ: Հայկական երկու հանրապետություններն այսօր ոչ միայն պանթուրքիզմի գաղափարախոսության անկանխատեսելի իրականացումն են կասեցնում, այլեւ միջազգային ահաբեկչական ցանցի ծավալումը, որն արդեն իսկ Ադրբեջան պետության անքակտելի մասն է դարձել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շնորհիվ աշխարհն այսօր ավելի է տեղեկացված Թուրքիայի ոճրագործություններին: Անկարան արդեն զգում է հետեւանքները՝ գնահատում է Հայկ Դեմոյանը եւ ակնկալում, որ այդ ոլորտում գրանցված հաջողությունները պետք է արտահայտվեն նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:

100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ՝ ԹՎԵՐՈՎ

Այցի շրջանակներում Հայկ Դեմոյանը դասախոսությամբ հանդես եկավ Արցախի մայր բուհում: Նախ՝ ներքին ձեռքբերումներին է անդրադարձել: Ծիծեռնակաբերդի համալիրն արդեն նոր հնարավորություններով է ներկայանում հարյուր-հազարավոր այցելուներին: Հարստացել են ֆոնդերը, ի հայտ են բերվել նոր, այդ թվում՝ թեմատիկ նյութեր ու վկայություններ: Արդիականացվել են եղած նյութերը այցելուներին եւ ողջ աշխարհին ներկայացնելու հնարավորությունները: Մասամբ նաեւ այդ փոփոխությունների արդյունքում ավելացել են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու հնարավորությունները: ՙԱշխարհի 50-ից ավելի քաղաքներում կազմակերպել ենք ցուցահանդեսներ: Ընդ որում, ցուցադրությունների ընդհանուր տրամաբանությունն այն չէ, որ թուրքերը կոտորել են հայերին եւ վերջ: Փորձում ենք ցույց տալ, թե այդ իրադարձություները ինչ առնչություն ունեն կոնկրետ այն երկրի հետ, որտեղ ցուցահանդեսն է կազմակերպվում՚,- մանրամասնել է Հայկ Դեմոյանը:

ՎՏԱՆԳՆ ԱՆՑԱԾ ՉԷ. ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ Է

1990-ականների սկզբին Արցախում հայերին միայն հետևողական պայքարը փրկեց ցեղասպանությունից: Սակայն վտանգն անցած չի համարում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Անկարայի օրհնությամբ Բաքուն ցեղասպանական քաղաքականությունը շարունակում է առայսօր: ՙ21-րդ դարում էլ աշխարհը բնավ ավելի բարի չէ, քան է՜ր 100 տարի առաջ՝ 1915-ին: Եվ հուսալ, թե միջազգային հանրությունը պետք է լինի նոր ցեղասպաությունները բացառելու երաշխավորը՝ աններելի միամտություն կլինի,- մերօրյա զարգացումներին է հղում անում ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը։- Հայերը ցեղասպանությանն ասում են ՙԱյլեւս երբե՜ք՚ եւ գիտակցում՝ անգամ ամենահիմնավորված պահանջներն ու որոշումներն անօգուտ են դառնում, եթե դրանց թիկունքում ուժեղ բռունցք չկա՚։ 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ