comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Վերջին տարիներին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանն ակտիվացրել է արտասահմանյան կառույցների հետ շփումներն ու համագործակցությունը, ինչը վկայում է, որ մեր հանրապետության օմբուդսմենի ինստիտուտը համապատասխանում է այս ոլորտի միջազգային չափանիշներին:

Սեպտեմբերի 20-21-ին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Յուրի Հայրապետյանի մասնակցությունը Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց հողի մայրաքաղաք Մայնցում տեղի ունեցած՝ Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (ՕԵԻ) հաշվետու-ընտրական ընդհանուր ժողովը ևս ասվածի ապացույցն էր: Մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում Յու. Հայրապետյանը նշել է, որ եվրոպական կազմակերպության ամենամյա հերթական ժողովին մասնակցել են լիարժեք անդամի կարգավիճակ ունեցող բոլոր օմբուդսմենները: Հիշեցնենք, որ ԵՕԻ-ն ԼՂՀ ՄԻՊ-ի անդամակցությունը հաստատել է 2009 թվականին՝ այդ քայլով ապացուցելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է եւ վեր է քաղաքական ցանկացած շահից: Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը հիմնադրվել է 1988 թվականին` Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում: Ներկայում կազմակերպությունն ունի տարբեր կարգավիճակներ ունեցող մոտ 150 անդամ: Այս հեղինակավոր կազմակերպության խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գիտական հետազոտությունների անցկացումը, քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը, օմբուդսմենների հաստատությունների և գաղափարների տարածումը, սատարումն ու գիտական մակարդակով օժանդակումը: Այսօր եվրոպական բոլոր երկրների օմբուդսմենները հիշյալ կառույցի անդամներ են: Յու. Հայրապետյանի խոսքով՝ երկու օր տևած միջոցառումների շարքում ընդգրկված էին նաև կազմակերպության կողմից հրատարակվող ամսագրի շնորհանդեսը, կազմակերպության նոր ղեկավար մարմինների ընտրությունը, հանդիպումներ գործընկերների միջև և այլն: Դեռևս 2009թ. հիշյալ հանդեսում հրատարակվել է ԼՂՀ օմբուդսմենի տարեկան զեկույցը՝ բնականաբար շարժելով Ադրբեջանի համապատասխան կառույցի դժգոհությունը: Յու. Հայրապետյանի տեղեկատվությամբ՝ եվրոպական կառույցին անդամակցելու 6 տարիների ընթացքում տարբեր պետությունների օմբուդսմենների և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, և տարեցտարի մեր հանրապետության այս ինստիտուտն առավել ճանաչելի է դառնում եվրոպական երկրներին: Ըստ Յու. Հայրապետյանի՝ երկրորդ օրը ինստիտուտի նախագահ Բուրգի Վոլգերը ժողովի մասնակիցներին ներկայացել է հաշվետվությամբ, որից հետո տեղի է ունեցել նոր նախագահի ընտրություն, քանի որ լրացել էր այս կառույցի ղեկավարի համար սահմանված առավելագույն ժամկետը: Ինստիտուտի վարչության 18 անդամների ընտրության արդյունքում ՕԵԻ նախագահ է ընտրվել Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց հողի օմբուդսմեն Դիտեր Բուրգարդը: Հաստատվել է նաև գործադիր տնօրինության կազմը: Կառույցի գլխավոր քարտուղար է վերընտրվել Ժոզեֆ Զիգելեն: Մեր զրուցակցի խոսքով՝ վերջինիս նշանակումը հատկապես ուրախացնող էր, քանի որ նախկինում էլ Ժ. Զիգելեն շատ էր շահագրգռված ԼՂՀ օմբուդսմենի ինստիտուտի կայացմամբ ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության խորացմամբ: Հետաքրքիր է, որ եվրոպական ամենահեղինակավոր կառույցներից մեկի տարեկան միջոցառմանն առանց որևէ բացատրության չի մասնակցել Ադրբեջանի օմբուդսմենը, ինչը, Յու. Հայրապետյանի կարծիքով, թերևս պայմանավորված է վերջերս եվրոպական տարբեր ատյանների՝ այդ թվում և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից Ադրբեջանի հանդեպ հնչեցված բավական կոշտ հայտարարություններով: Դա սպասելի էր, քանի որ մինչ այդ էլ Ադրբեջանի օմբուդսմենն իր գործելաոճով միշտ համարվել է իշխանությունների կցորդ: ՙԵս նաև հակված եմ այն կարծիքին, որ ադրբեջանական պաշտոնյան պարզապես խուսափել է ևս մեկ անգամ առնչվել սեփական երկրում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ խայտառակ փաստերի՚,- ասաց նա: Նման միջոցառումներին արցախյան կառույցի մասնակցությունը Յու. Հայրապետյանը շատ է կարևորում. մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ, բայց այստեղ ևս մեր հանրապետությունը հնարավորություն է ստանում արժանավայել ներկայանալ միջազգային հանրությանը: Բացի այդ, այս ինստիտուտում են վերջնական գնահատականի արժանանում եվրոպական բոլոր երկրների օմբուդսմենների ամենամյա, ինչպես նաև թեմատիկ զեկույցները: Որպես կազմակերպության լիիրավ անդամ, ԼՂՀ պաշտպանը հնարավորություն ունի նաև ուսումնասիրել ցանկացած պետության համապատասխան կառույցի փորձը, ինչը ևս դրականորեն է անդրադառնում ինստիտուտի կողմից տարվող աշխատանքներին: Պակաս կարևոր չեն նաև գործընկերների միջև անմիջական շփումները: 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ