comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ ՇՐՋԽՈՐՀՐԴՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ ՇՐՋԽՈՐՀՐԴՈՒՄ

Շուշիի շրջխորհրդի նիստի օրակարգում հրատապ հարցեր էին։

Շուշիի շրջանում 2016 թվականի բերքի տակ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսի ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Գրիգորի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ չորային եղանակների պատճառով շատ տարածքներում հողը դժվար է հերկվում, ինչի պատճառով էլ հերկի աշխատանքները ձգձգվում են: Պահանջվող ցորենի սերմացուի և դիզվառելիքի համար հայտ է ներկայացվել ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն, և մոտակա ժամանակաշրջանում դրանք կտրամադրվեն հողօգտագործողներին: 2015-2017թթ. կերարտադրության և անասնաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 հեկտար խոտհարքի արմատական բարելավում: Ըստ նշված ծրագրի՝ խոտհարքերը թփուտներից մաքրման աշխատանքները կկատարվեն հողօգտագործողների հաշվին, իսկ մնացած ծախսերը (հերկ, սերմացու, ցանքս) կհոգա պետությունը: ՙՇուշիի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ի 2014-2015 ուսումնական տարում կատարված աշխատանքների մասին իր տեղեկատվության մեջ դպրոցի տնօրեն Ռազմիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց դպրոցի առջև դրված խնդիրները և դրանց լուծման համար կոլեկտիվի կողմից իրականացված միջոցառումները: Ըստ նրա, դպրոցում աշխատում է 33 ուսուցիչ: Դպրոցն ունի 13 բաժին, որտեղ սովորել է 201 աշակերտ: Դպրոցի մասնաճյուղերը գործում են Քարին տակ, Լիսագոր, Եղցահող գյուղերում: Անցած ուսումնական տարում դպրոցն ավարտել է 14 աշակերտ, որից 3-ն ընդունվել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը: Բրուտագործության բաժնի սաներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանրապետական փառատոներին: ՙԼՂՀ համայնքները՝ մշակութային խաչմերուկում՚ փառատոնում նրանք գրավել են 2-րդ տեղը: Դպրոցի երգչախումբը մասնակցել է ՙԵրգող Հայաստան՚ 8-րդ հանրապետական մրցույթ-փառատոնին, ՙԱզգային նվագարաններ՚ հանրապետական մրցույթ-փառատոնում շվիի բաժնի սաները գրավել են 2-րդ տեղը: Տարվա ընթացքում երկու անգամ Երևանի պետական կոնսերվատորիայի բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել են վարպետաց դասեր ուսուցիչների և աշակերտների համար: Տարեվերջին ստուգարքների և քննությունների միջոցով ստուգվել են երեխաների գիտելիքները և ունակությունները: Մանկավարժական խորհրդի վերջին նիստում քննարկվել են ինչպես կոլեկտիվին հուզող առաջնահերթ խնդիրները, այնպես էլ նոր ուսումնական տարվա անելիքները` տեղ գտած թերությունները վերացնելու և նոր հաջողությունների հասնելու համար: Շրջվարչակազմի ղեկավարի կողմից հանձնարարվեց հետևողական աշխատանքներ տանել օժտված երեխաների հայտնաբերման և նրանց ունակությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքներում գործող խմբակների աշխատանքը: Քարին տակի պետական մանկապարտեզի գործունեության մասին հաշվետվություն ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Մանուշ Պետրոսյանը: Նրա տեղեկատվությամբ՝ մանկապարտեզում գործում է մեկ խումբ` 28 երեխայի ընդգրկմամբ: Մանկավարժական խորհրդի նիստերում և ծնողական ժողովներում քննարկվում են երեխաների առողջությանն ու դասիարակությանը միտված հարցեր: Մանկապարտեզը, կրթական համակարգի առաջին աստիճանը լինելով, աշխարհաճանաչման կարևոր փուլ է և անջնջելի հետք ու անմոռաց հիշողություններ է թողնում երեխայի հետագա ողջ գիտակցական կյանքի վրա: Տարվա ընթացքում մանկապարտեզում կազմակերպվել են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, իսկ ՙՀրաժեշտ մանկապերտեզին՚ հանդեսը մի յուրահատուկ ստուգատես-հաշվետվություն էր: Պարբերաբար վերահսկվում է մանկապարտեզի սանիտարահիգիենիկ վիճակը: Բուժաշխատողը մասնակցում է յուրաքանչյուր ճաշացուցակի կազմմանը, հետևում մթերքների խոհարարական ճիշտ մշակմանը: Մանկապարտեզը գտնվում է շրջվարչակազմի ղեկավարի ուշադրության կենտրոնում: Անցած տարի մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Հովհաննիսյանի աջակցությամբ այն ապահովվել է սառնարանով, վերանորոգվել է ջրագծի ներքին ցանցը, կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի վարչության Շուշիի բաժնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին բաժնի վարիչ Իննա Իշխանյանի տեղեկատվությունը համառոտ էր ու հագեցած թվերով: Նա ներկայացրեց 2015 թվականի ընթացքում բաժնին վերապահված գործառույթներից բխող աշխատանքների շրջանակը և իրականացված գրանցումների ցանկը: Գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման 151 միավորի նկատմամբ իրականացվել է պետական գրանցում: Հաստատվել է 26 նոտարական վավերացում չպահանջող պայմանագիր: Հաշվետու տարում կադաստրային գործարքների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է՝ կազմելով 308 միավոր՝ նախորդ տարվա 951-ի փոխարեն: Բաժնի վարիչի տեղեկատվութամբ՝ 2015 թվականի անցած ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացվել է նաև 1510 կադաստրային գործերի տվյալների մուտքագրում։ Նիստի վերջում համապատասխան հանձնարարականներ տրվեցին շահագրգիռ կազմակարպություններին: Նիստում քննարկվեցին նաև ներքաղաքային և ներշրջանային նշանակության այլ հարցեր: 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ք. Շուշի