comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԻՆԵԼ ՊԱՏՐԱՍՏ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼ ՊԱՏՐԱՍՏ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ

 

 

 

 Հայկական լեռնաշխարհը տեղաբաշխված է սեյսմավտանգ գոտում. դարերի ընթացքում բազում երկրաշարժեր են ավերել մեր բնակավայրերը:

Սպիտակի մեծ երկրաշարժից հետո՝ 1991 թվականին, ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծվեց Սեյսմիկ անվտանգության ազգային ծառայություն (ՍՊԱԾ), որը 2005 թվականից որպես գործակալություն մտավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմ: Ծառայությունն ունի 6 ստորաբաժանում՝ տեղեկատվության վերլուծության, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման վարչություններ, շենքերի ու շինությունների սեյսմակայունության, դիտացանցերի, գիտատեխնիկական հետազոտությունների, հասարակության հետ կապերի և միջազգային համագործակցության բաժիններ: Գործակալությունն ունի Հյուսիսային (Գյումրիում), Արևմտյան (Երևանում), Հարավային (Կապանում) և Արևելյան (Ստեփանակերտում) տարածքային ծառայություններ: Համակարգում գործում են գիտատեխնիկական և փորձագիտական խորհուրդներ: Ծառայությունը հաճախ կազմակերպում է սեմինարներ բնակչության հետ: Սեպտեմբերի վերջին Արևելյան ծառայության` բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Հայկուշ Եսայանը Բերձորի շրջվարչակազմի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ այստեղ գործող տարբեր կառույցների աշխատակիցների հետ: Նախ նշվեցին նախապատրաստական աշխատանքները երկրաշարժից առաջ: Ընդգծվեց, որ երկրում կառուցվող շինությունները պետք է ունենան բարձր սեյսմակայունություն, ինչն էլ կապահովի հնարավորինս քիչ ավերածություններ և զոհեր։ Պետք է շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքները պահել ազատ, առաջին հարկերի պատուհանների մետաղյա ճաղերը դարձնել շարժական, որ հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում բացել: Կարևորվեցին նաև բնակարաններն ու աշխատավայրը կահավորելը, այլ հանգամանքներ: Պետք է ձեռքի տակ ունենալ փոքր պայուսակ՝ մի քանի օրվա պաշարով, դեղամիջոցներով, տաք հագուստով, ցանկալի է նրանում պահել նաև փաստաթղթերը: Հաջորդ դասը. ինչպես վարվել երկրաշարժի ընթացքում: Նախ ՝ չմատնվել խուճապի: Բնակարաններում գտնվելիս աշխատել շուտ դուրս գալ՝ վերցնելով անհրաժեշտ իրեր, իսկ բարձրահարկերում՝ պատսպարվել հավանական ապահով տեղերում: Փողոցում գտնվելիս հեռու մնալ շինություններից, կամուրջներից, սյուներից և այլն: Իսկ ինչպե՞ս գործել երկրաշարժից հետո, երբ մարդը հայտնվել է փլատակների տակ: Հուսահատվել պետք չէ. հարկ է հիշել՝ քեզ որոնում են: Փլատակի տակ գտնվողը պետք է աշխատի կապ հաստատել դրսի հետ, խնայի ուժերը. եթե կա սնունդ, ջուր, դրանք օգտագործի խնայողաբար: Եվ այսպես՝ դասընթացների նպատակն է բնակչությանը զգոն պահել, չմատնվել խուճապի: Դասախոսությունից հետո Հ. Եսայանը պատասխանեց հնչած հարցերին: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք. Բերձոր