[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ 80 ՏՈԿՈՍԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ

Հոկտեմբերի 8-ը Տեսողության համաշխարհային օրն էր

Սկսած 1989 թվականից, ամեն տարի աշխարհի շուրջ 100 երկրներում հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշում են որպես կուրության դեմ պայքարի ու Տեսողության համաշխարհային օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 300մլն մարդ թույլ տեսողություն ունի, նրանցից 39 մլն-ը կույր է, 19 մլն-ը՝ տեսողության խանգարումներով երեխաներ են: Նման խանգարումներ ունեցող մարդկանց 90 տոկոսն ապրում է ոչ զարգացած երկրներում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կուրություն առաջացնող դեպքերի 80 տոկոսը կարելի է կանխարգելել: Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով ու կուրությամբ տառապող մարդկանց հիմնախնդիրները և պետություններին հիշեցնել կանխարգելիչ միջոցառումների իրականացման՝ իրենց պարտավորությունների մասին: Տարբեր ասոցիացիաներ և հասարակական կազմակերպություններ, համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կուրության կանխարգելման միջազգային գործակալության հետ, աջակցում են միջազգային առողջապահական խնդրի՝ կուրության և տեսողության խանգարումների մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը: ԼՂՀ առողջապահության նախարարությունը միանում է Տեսողության համաշխարհային օրվան: Նախարարության տեղեկատվությամբ՝ Հանրապետական բժշկական կենտրոնում այսօր կատարում են գլաուկոմայի, կատարակտայի, դեֆորմացված կոպերի շտկող վիրահատություններ: Կենտրոնի ակնաբուժական ծառայությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս աչքի հիվանդությունները ժամանակին ախտորոշել և մատուցել բարձրորակ բուժօգնություն: Իսկ մասնագետները պարբերաբար այցելում են շրջաններ, իրականացնում անվճար խորհրդատվություններ, սկրինինգային հետազոտություններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհում բնակչությունը ծերանում է, և տեսողության քրոնիկ խանգարումները բերում են կուրության տարածվածության: Սակայն կուրության հանգեցնող տարիքային բազմաթիվ փոփոխություններ կարող են վերացվել: Ժամանակին միջամտությունը հաճախ կարող է հետաձգել կամ նվազեցնել այդ գործոնների ազդեցությունը։ Տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ծրագրերն ամենաարդյունավետն են։ Հայաստանյան մասնագետների պարզաբանմամբ՝ քաղաքակրթության և տեխնոլոգիայի զարգացման այս դարում մարդիկ չափազանց շատ ժամանակ են ծախսում համակարգիչների, բջջային հեռախոսների վրա, ինչն էլ նպաստում է տեսողության վատթարացմանը: Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում կրկնակի ավելացել են կարճատեսութան դեպքերը: Տեսողության վրա բացասաբար են ազդում նաև բնապահպանական խնդիրները՝ վիտամիններով ոչ հարուստ սնունդը, սթրեսային օրակարգը, տարիքը: Անվերադարձ կուրության կարող են հանգեցնել բնածին հիվանդությունները, շաքարային հիվանդության դեպքում աչքի ցանցաթաղանթի անոթային ախտահարումները, հիպերտոնիան, գլաուկոման: Աստիճանաբար երիտասարդանում է կարճատեսությունը, որը նախկինում համարվում էր անբուժելի հիվանդություն: Բայց արդեն 15 տարի է՝ Հայաստանում վիրահատության միջոցով հնարավոր է գրեթե 100 տոկոսով վերականգնել տեսողությունը։ Տեսողության պահպանման համար մասնագետները խորհուրդ են տալիս կատարել աչքի վարժություններ: Օրվա կապակցությամբ շատ երկրներում անց են կացվում տեղեկատվական ու կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված աչքի հիվանդությունների կանխմանը, ինչպես նաեւ այն բանին, թե որքան կարևոր է ժամանակին բժշկի դիմել ու սկզբնական փուլում բուժել հիվանդությունը: 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ