comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ
[ARM]     [RUS]     [ENG]

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն Պատմության ընթացքն ուղենշած անհատների անուններն ու արժեքը միշտ էլ վեր են մնացել ժամանակի ամենակուլ հոսանքի` մոռացության մատնող կործանարար ուժից:

Իրենց մեծությամբ նրանք ոսկե տառերով հավերժացել են պատմության էջերին` դառնալով ներկան չափորոշող և ապագան լուսավորող փարոսներ, ազգերի ու ժողովուրդների անմահությունը կռող դարբիններ: Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ ջերմությամբ ու երախտիքով է տոնել և պանծացրել մեր թարգմանիչ վարդապետների հիշատակը, որոնց նվիրված երկու տոն է սահմանել Հայ Առաքելական եկեղեցին: Առաջինը կոչվում է ՙՍրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրոբայ՚ և նշվում է հունիսի 11-ից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում (այս տարի` հունիսի 25-ին): Այդ օրը համարվում է Ս. Սահակի և Ս. Մեսրոպի հանդիպման օրը Ռահ գետի ափին: Տոնի օրը բազմաթիվ ուխտավորներ մեկնում են Օշական` երկրպագելու և խունկ ծխելու Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի վրա: Երկրորդը, որ կոչվում է ՙՍրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց` Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դավթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլաեցւոյն՚, նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում (այս տարի` հոկտեմբերի 10-ին) և հիշատակումն է հայոց գրերի գյուտի և Սուրբ Գրքի թարգմանությամբ սկսված ՙԹարգմանչաց շարժման՚: Թարգմանչաց տոնի խորհուրդը լավագույնս ընբռնելու համար պետք է հետադարձ հայացք նետենք պատմական այն շրջանին, երբ հայ ժողովուրդը վերստին կանգնել էր ձուլման վտանգի և լինել-չլինելու խնդրի առջև: Մինչև 5-րդ դարը հայոց դպրոցներում ուսուցումը կատարվում էր հունարեն և ասորերեն լեզուներով: Քրիստոնեության ընդունումից հետո հունական և ասորական ազդեցություններն էլ ավելի ուժեղացան, քանի որ թե՜ Սուրբ Գրքի պատգամների մատուցումը և թե՜ եկեղեցու ծիսական արարողակարգերը կատարվում էին այդ լեզուներով: Դրությունը ծանրացնում էր նաև Հայաստանի բաժանված լինելը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Պետական անկախության կորուստը, երկրի երկատվածությունը, սեփական գրի ու գրականության բացակայությունը հայ ժողովրդին սպառնում էին ուծացմամբ և վերացմամբ: Այս վտանգը խորապես գիտակցում էին թե՜ Հայոց Վռամշապուհ արքան և թե՜ Սահակ Պարթև Հայրապետը, ովքեր ձեռնամուխ էին եղել այդ ծանր վիճակից ելք գտնելու: Երկար դեգերումներից ու որոնումներից հետո, ի վերջո, Մեսրոպ Մաշտոցի միջոցով մեր ազգին շնորհվեց հայոց գիրը, որը դարձավ աշխարհի կործանարար հեղեղներից մեզ պաշտպանող պատվար և մեր անմահության անխախտ գրավական: Գրերի գյուտից անմիջապես հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը մի խումբ աշակերտների հետ ձեռնամուխ եղան Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը, որը տևեց շուրջ 30 տարի: Թարգմանությունը նախ կատարվեց ասորական Պեշիտտա (Պեշիթո) բնագրից, այնուհետև Աստվածաշնչի հնագույն` հունարեն Յոթանասնից (Սեպտուագինտա) թարգմանությունից: Իր լեզվի մաքրության, ոճի հստակության, գեղարվեստական արտահայտիչ պատկերավորության և թարգմանական մտքի ճշգրտության շնորհիվ այս թարգմանությունն օտար գիտնականների կողմից անվանվեց ՙԹագուհի թարգմանությանց՚: Աստվածաշնչի թարգմանությունից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը ծավալեցին քարոզչական լայն գործունեություն, ամենուր բացեցին հայալեզու դպրոցներ, հայացրին մեր Եկեղեցու ծեսը և հիմք դրեցին մեր ծիսական մատյաններին (Ժամագիրք, Շարական, Տոնացույց և այլն), սահմանեցին զանազան կանոններ և օրենքներ: Նրանք ստեղծեցին թարգմանիչների մի ամբողջ դպրոց, որի գործունեությամբ սկիզբ առավ հայ թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունը, սկսվեցին քննվել իմաստասիրության, բնագիտության, պատմության, մարդկային հոգու և տիեզերքի խորքերը: Ծաղկեց քրիստոսաշունչ մշակույթը, թրծվեցին հայ քրիստոնյայի ինքնությունն ու դիմագիծը: Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ցանած հողում ծլեցին ու փթթեցին այնպիսի սերմեր, ինչպիսիք էին Կորյունն ու Եղիշեն, Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը, Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին, Գրիգոր Նարեկացին ու Ներսես Կլայեցին (Շնորհալի) և շատ ուրիշներ: Նրանց բորբոքած հրով վառված` իմացյալ մահով անմահանալու գնացին Վարդանանք և Վահանանք, Սարդարապատի և Արցախյան գոյապայքարի հերոսները: Այսօր էլ բազմաթիվ հայորդիներ, բարձր պահելով սրբազան թարգմանիչների վառած ջահը` մեր ժողովրդին առաջնորդում են դեպի լույս և ճշմարտություն, դեպի անմահության անխախտ ուղին: 

 Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ