comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Վերահսկիչ պալատի հերթական նիստը՝ ՎՊ խորհրդի նախագահ Էռնեստ Ավանեսյանի նախագահությամբ։ Քննարկ ված հարցերն առնչվում էին կրթության և քաղաքաշինության ոլորտներին։

Նիստի առաջին մասին հրավիրված էին կրթության և գիտության ոլորտը կարգավորող լիազոր մարմնի և ԱԺ ներկայացուցիչները՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Ս. Ասրյանի գլխավորությամբ։ Վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետությունը ներկայացնելով, վերահսկողություն իրականացրած հանձնաժողովի անդամ Մ.Հայրիյանը նշեց, որ վերահսկողություն է իրականացվել ԼՂՀ պետական բյուջեից Կրթության և գիտության նախարարությանը ՙԳործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում՚ ծրագրով և կրթական ծրագրերով, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ։ Որոշ ծրագրերում խախտումներ գրեթե չեն արձանագրվել։ Այդպիսիք եղել են դասագրքերի և մեթոդական ու ծրագրային գրականության ձեռքբերման գործընթացում. գնումներն իրականացվել են համապատասխան օրենքների և կարգի խախտմամբ։ Նույն ծրագրով Ամանորի կապակցությամբ ձեռքբերված նվերներից 1582,6 հազ. դրամի 1680 հատ նվեր՝ վաճառողի հետ կնքված պայմանագրով նախատեսվել և հատկացվել է կառավարության համապատասխան որոշմամբ չընդգրկված մարմիններին ու կազմակերպություններին, ինչը ՎՊ¬ն որակում է որպես ոչ նպատակային ծախս։ Նախարարության պահեստում գտնվող դասագրքերի գույքագրմամբ արձանագրվել է ինչպես պակասորդ, այնպես էլ ավելցուկ։ Դասագրքերի ավելցուկը, համաձայն վերահսկվող օբյեկտի իրազեկման, այս տարվա սեպտեմբերին արդեն իսկ տրամադրվել է Շուշիի և Քաշաթաղի կրթության բաժիններին։ Ավագ դպրոցներին տրվող պետական աջակցության մասով սահմանված հաշվարկման մեխանիզմից շեղումով է կատարվել իրականացված ծախսը, բացակայում են որոշ իրավական ակտեր դպրոցում գործող խմբակային պարապմունքների վերաբերյալ, ինչը հնարավորություն չի տալիս պարզել առարկաների ընտրության, աշակերտների քանակի, ժամաքանակի համապատասխանությունը։ ՙՆույն աշակերտի կողմից միևնույն դասաժամին տարբեր խմբակներ հաճախելու, ինչպես նաև միևնույն ժամանակ խմբում 2 ուսուցչի կողմից պարապմունքների անցկացման փաստերը պարապմունքների ձևական բնույթ կրելու կասկածանք են հարուցում՚,¬ նշված է ՎՊ եզրակացության մեջ։ ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտին տրված աջակցության ծրագրով բացակայում է այդ գումարներից ուղղված աշխատավարձի ձևավորման հիմքը, կիրառվել է սխալ գնման ընթացակարգ։ Բուհերի սոցիալական որոշ խմբերի ուսանողներին տրվող փոխհատուցման գումարները հատկացվել են առանց պայմանագրերի կնքման, չի ճշտվել փոխհատուցում ստացած հաստատությունների կողմից ներկայացված ցուցակներում արտացոլված տվյալների արժանահավատությունը, կատարվել է ոչ նպատակային ծախս՝ սոցիալական նշված խմբերին չպատկանող 3 ուսանողի ուսման վարձը լիարժեք փոխհատուցելով։ Պետական և Ագրարային համալսարանների կողմից պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի առանձնացված հաշվառում չի կատարվել, չեն հստակեցվել ուսանողական նպաստի տրամադրման և կրթաթոշակի նշանակման կամ կասեցման ժամկետները և այլն։ Այս ամենը հաշվի առնելով, ՎՊ¬ն եկել է այն եզրահանգման, որ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցման գործող մեխանիզմը վերանայման կարիք ունի։ Անհրաժեշտություն կա մատուցվող ծառայությունների ողջ գործընթացը (ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգը) յուրաքանչյուր տարի ենթարկել խոր տնտեսագիտական վերլուծության, ֆինանսավորման հիմքում պետք է առանցքային համարել ուսանողների որոշակի քանակի հաշվով պահպանման նվազագույն ծախսը։ Այս ամենից ելնելով, ՎՊ¬ն կառավարությանը, ոլորտը կարգավորող լիազոր մարմնին ներկայացրեց մի շարք առաջարկություններ, որոնք կոչված են վերացնելու, իսկ հետագայում նաև բացառելու արձանագրված խախտումներն ու թերացումները։ Նախարար Ս. Ասրյանը բարձրացված հարցերի վերաբերյալ ՎՊ խորհրդին պարզաբանումներ ներկայացրեց։ Նա նշեց, որ համաձայն է ներկայացված հաշվետվության հետ, առաջիկայում հետևողական կլինեն, որ վերացվեն խախտումները։ Հաջորդ հարցը Կապիտալ ներդրումների ծրագրի ՙՋրամատակարարման և ոռոգման համակարգերի զարգացում և շահագործում՚ ուղղությամբ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և պետական սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքների մասին էր։ Ըստ հաշվետվության՝ թույլ են տրվել կոպիտ օրինախախտումներ։ Վերահսկողության ենթարկված ծավալի շուրջ 85 %¬ը (466, 186.65 հազ. դրամ) իրականացրել է Ստեփանակերտի զարգացման հիմնադրամը, իսկ 15 %¬ը (82,823.1 հազ. դրամ)՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը։ Շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ (ստուգված երկու օբյեկտում) վերհանված խախտումները հանգեցրել են 37,574.4 հազ. դրամ գումարի ավել վճարմանը։ Այս գումարները ենթակա են վերականգնման պետական բյուջե։ Կատարողական ակտերում ներառվել են աշխատանքներ, որոնք նախատեսված չեն շինարարական նորմերով, և փաստացի չեն իրականացվել, աշխատանքների արժեքն ուռճացված է, որոշ աշխատանքներ չեն իրականացվել, բայց արտացոլվել են կատարողական ակտերում, թույլ են տրվել մեխանիկական և թվաբանական սխալներ։ ՙՀաշվի առնելով վերահսկողությամբ հայտնաբերված խախտումների բնույթը, Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագրով մյուս գոտիներում իրականացված շինարարական աշխատանքներում չի բացառվում նմանատիպ խախտումների հավանականությունը՚,¬ նշեց զեկուցող Դ. Խաչատրյանը։ Փաստաթղթերում կա անհամապատասխանություն, առկա են թերի մշակված նախագծա¬նախահաշվային առաջադրանքներ, բացակայում են նախագծեր, կատարողական գծագրեր, ջրագծերի փորձարկման ակտեր։ Հիմնադրամի միջոցով իրականացված աշխատանքները կատարողական փաստաթղթերի փաթեթից հստակ չի երևում, թե ում կողմից պիտի իրականացվեր տեխնիկական հսկողությունը։ Դրա իրականացման փաստը չի հավաստվում կատարողական ակտերով, չնայած նշված աշխատանքի դիմաց 4,608.8 հազ. դրամ փոխանցվել է կապալառու կազմակերպություններին, որից 2,508.3 հազ. դրամը վերադարձվել Հիմնադրամին և այլն։ Քաղաքաշինության նախարարն առարկություններ չուներ արձանագրված խախտումների վերաբերյալ։ ԱԺ ներկայացուցիչ՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ա.Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ այսքան խախտումների դիմաց անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Կ. Շահրամանյանը նշեց, որ այդ ծրագրերը նշված ժամանակահատվածում իրականացրել է Ստեփանակերտի քաղաքապետարանը, և միայն հետո է այն փոխանցվել ԼՂՀ քաղաքաշինության նախարարությանը. պատասխանատուները հեռացվել են աշխատանքից։ ՎՊ նախագահ Է. Ավանեսյանը նշեց, որ առաջիկայում կհրավիրվի արտահերթ նիստ՝ այս հաշվետվությունը լրացուցիչ քննարկելու համար։ Այն, հավանաբար, կուղարկվի ԼՂՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու համար։

 Սրբուհի ՎԱՆՅԱՆ