comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԳԼՈԲԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԳԼՈԲԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան (ՀԱՀՖ) 1992 թվականից հոկտեմբերի 10-ը հռչակել է Հոգեկան առողջության համաշխարհային օր:

Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրներին, որոնք ողջ աշխարհում գնալով ահագնանում են: Այս տարի Հայկական հոգեբուժական ասոցիացիան ողջ հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ: Հոկտեմբերի 10-ին ԼՂՀ հոգեբույժների, հոգեբանների ասոցիացիայի և ՀՀ համանուն կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտում անցկացվեց գիտաժողով, որին մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ, Կրթության, գիտության և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովին մուտքի խոսքով հանդես է եկել ասոցիացիայի նախագահ, ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման բժիշկ-հոգենյարդաբան Էլֆրիդա Սարումովան: Նա ներկայացրել է ԼՂՀ հոգեբանների և հոգեբույժների ասոցիացիայի անցած ուղին ու ձեռքբերումները: ԼՂՀ-ում, ինչպես և ամբողջ աշխարհում, հոգեկան առողջությունը մնում է հիմնախնդրային ոլորտներից մեկը: Ըստ բանախոսի` մարդու հոգեկան առողջությունը գրավում է կարևորագույն տեղերից մեկը ՙառողջություն՚ հասկացողության մեջ, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել և ոլորտի հանդեպ մոտեցումներն ավելի հրատապայնացնել` հնարավորինս լայն լուսաբանելով և լրջագույն ուշադրություն դարձնելով մասնագետների պատրաստվածությանն ու զարգացմանը։ Հոգեբանական ծառայության անհրաժեշտությունը կարեւոր է ցանկացած երկրում, առավել եւս` Արցախում, որտեղ ժողովուրդն անցել ու անցնում է դաժան պատերազմի արհավիրքներով` կրելով անդառնալի կորուստներ, ենթարկվելով ծանր փորձությունների։ Անցած 12 տարվա ընթացքում 1 հոգեբույժի և 15 հոգեբանների մասնակցությամբ գործող կազմակերպությունը հսկայական աշխատանք է կատարել հոգեկան առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ. ասոցիացիայում ՀՀ և արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, թրենինգներ, կլինիկական դեպքերի վերլուծություններ և այլն: Է. Սարումովան մտահոգիչ համարեց վերջին տարիներին դիտվող` աուտիզմով հիվանդ երեխաների թվի աճը, նշելով, որ կազմակերպության մասնագետները Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համատեղ աշխատանքներ են տանում հիվանդության խորացումից խուսափելու, երեխաներին մեկուսացվածությունից դուրս բերելու գործում առավել նշանակալի արդյունքի հասնելու համար: Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ կենտրոնի տնօրեն Հակոբ Հակոբյանը հնչեցրեց հայաստանյան կազմակերպության ` գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձը: Նա նաև ներկայացրեց ԲՍՓ¬ի կողմից իրականացված վերջին հետազոտության արդյունքները: Մեր հանրապետությունում ընդհանուր հաշմանդամություն ունեցող մոտ 9000 մարդ է ապրում, որոնցից 1102-ը հոգեկան խանգարումների պատճառով հաշմանդամ դարձած անձինք են: Նման բարձր ցուցանիշը տարբեր գործոններով է պայմանավորված` ձևավորված կարծրատիպ, մասնագետներին դիմելու վախ ու նախապաշարմունք, մասնագիտական ծառայության հասանելիության խնդիր, դեղորայքային բուժման նորագույն մոտեցման և դեղերի բարձր արժեքի հետ կապված դժվարություններ, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և շարունակական կրթության սահմանափակ հնարավորություններ: Իրականացված հետազոտության նպատակն է ուսումնասիրել աշխատունակության կորստով պայմանավորված հաշմանդամություն, հատկապես հոգեկան խանգարումներ ունեցող անձանց սեռատարիքային հատկանիշները, խմբերն ըստ հիվանդությունների և այլն: Ուսումնասիրվածների 66 տոկոսը տղամարդիկ են, 34 տոկոսը՝ կանայք, այն դեպքում, երբ հանրապետությունում կանայք ավելի մեծ տոկոս են կազմում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոգեկան խնդիրներից տարածված է նաև մտավոր հետամնացությունը, որն ավելի շատ հայտնաբերվում է արական սեռի ներկայացուցնիչների մոտ, երբ զորակոչային տարիքում հոգեբուժական քննություն է անցկացվում: Բանախոսը որպես հետևություն հնչեցրեց առողջության պահպանման առաջնային օղակի բարելավման անհրաժեշտությունը` հոգեկան բնույթի խանգարումները վաղ հայտնաբերելու համար: Բացի այդ, պետք է մեծ ուշադրությամբ աշխատեն զորակոչային հանձնաժողովները` իրականացնելով համալիր և հստակեցված փորձաքննություն: Հ. Հակոբյանի խոսքով` անելիքները շատ են հատկապես շրջաններում, որտեղ բնակչությունը զրկված է հոգեբանի դիմելու հնարավորությունից: Բանախոսը հույս հայտնեց, որ կատարված հետազոտությունը հիմք կդառնա հոգեբանների և հոգեբույժների կողմից նոր մոտեցումների մշակման համար: Ասոցիացիայի հոգեբան Անահիտ Լալայանն իր խոսքում կարևորեց հոգեբանական օգնության դերը, նշելով, որ հենվելով միջազգային փորձի վրա` կարելի է փաստել, որ հոգեբանական օգնությունը չի կարող իրականացվել միայն պետական բուժհիմնարկների մասնագետների միջոցով, քանի որ թե՜ հոգեբանի կամ հոգեբույժի կարիք ունեցողները, և թե մասնագետները միշտ այլընտրանքային ծառայություններին դիմելու պահանջ ունեն: Շատ հաճախ մարդիկ հոգեբանին ու հոգեբույժին դիմելու փոխարեն դիմում են այլ մասնագետների՝ թերապեւտների, նյարդաբանների և այլն: Այս ամենը հաշվի առնելով` ընթացիկ տարվա հուլիսին ստեղծվել է ՙէմպատիա՚ հոգեբանական օգնության կենտրոնը: Ա. Լալայանը պատմեց կենտրոնի գործունեության նորարարական մեթոդների մասին: Հոգեբան, ԼՂՀ ԿԳՍ նախարարության կրթության կարիքի գնահատման բաժնի պետ Հասմիկ Եսայանը ներկայացրեց հանրապետությունում ներառական կրթության վիճակն ու ոլորտում հանդիպող դժվարություններն ու ձեռքբերումները: Կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ընդգրկումը հանրակրթական դպրոցներում նպատակ ունի ինտեգրելու նրանց իրենց հասակակիցների շրջանում ու ապացուցել, որ նրանք առանձնացման ու պաշտպանության կարիք չունեն: Ներառականությունը չպետք է դիտարկել առանձին, այն պետք է դիտարկել ընդհանուր կրթական համակարգի բարեփոխումների ծիրում: Դա հաջողվում է իրագործել արդեն գրեթե բոլոր դպրոցներում: Ըստ Հ. Եսայանի` վերջին տասնամյակների ընթացքում ցավալի իրողություն է դարձել հոգեբանի մասնագիտությունն ընտրած դիմորդների մտավոր ցածր մակարդակը: Բուհի կողմից տրված դիպլոմը դեռևս բավարար հիմք չէ հոգեբանական ծառայություն իրականացնելու համար: Աշխատել ցանկացող հոգեբանը պարտադիր պետք է հետբուհական լուրջ կրթություն և փորձ ունենա: Այս հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, բարձրաձայնվեցին կարծիքներ ու առաջարկություններ: Գիտաժողովի ավարտին ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից օրվա առիթով ընդունվեց համատեղ հայտարարություն: 

 Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ