comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷԿՈԳՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷԿՈԳՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 20 միլիոն դոլարի ներդրում Արցախն արցախցիների և հյուրերի համար առավել գրավիչ դարձնելու հեռանկարով

 Արցախում զբոսաշրջության ոլորտը զարգացման նոր հնարավորություն է ստանալու: Օգտագործվելու է հիմնականում այն, ինչով հարուստ է մեր երկիրը՝ բնությունը, անարատ գյուղատնտեսական արտադրանքը եւ, իհարկե, արցախյան հյուրընկալությունը: ԼՂՀ կառավարությունն ու ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամը հոկտեմբերի 10-ին պաշտոնապես ազդարարեցին Արցախում էկոգյուղ հիմնելու ծրագրի մեկնարկը: Ծրագիրը ներկայացրել են խորհրդատու կազմակերպությունների՝ շվեյցարական ՙGutundgut՚ ընկերության ներկայացուցիչներ Ռաֆայել Էնզլերն ու Քրիստիան Մյուլլերը եւ բրիտանական ՙTim Flynn Architects՚ ընկերության ղեկավար Թիմ Ֆլինը: Շնորհանդեսին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի ղեկավար Էդգար Մանուկյանը, բազմաթիվ հյուրեր: Ծրագրի պաշտոնական մեկնարկին շուրջ երկու տարի տեւած հանդիպումներն ու քննարկումներն են նախորդել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում: Նաեւ արտասահմանյան մասնագետներն են ներգրավվել ուսումնասիրություններում եւ խորհրդատվություններում: Երկամյա քննարկումներից հետո խոսքը վերածվում է գործի: Էկոգյուղի մոդելը ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամը ներդնելու է Նորագյուղի տարածքում: Արժեքը 20 միլիոն ամերիկյան դոլար է: ՙԽոստացել էինք 2015-ին ծրագիրն սկսել եւ ուրախ ենք, որ մեր խոստումը կատարեցինք՝ ինչպես միշտ,- ծրագրի պաշտոնական ներկայացման ժամանակ ընդգծել է ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

- Ծրագիրը նախապատրաստած թիմը շատ մեծ գործ է կատարել: Ես վստահ եմ, որ շարունակությունը նույնքան հաջող կիրականացվի՝ Արցախի կառավարության եւ ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամի համագործակցության շնորհիվ: Նախքան մեկնարկը, մենք շատ երկար քննարկումներ ունեցանք թե՜ Արցախի կառավարության, թե՜ արցախցիների հետ: Կարեւոր էր, որ այն չդառնա զուտ արտասահմանյան նախագիծ, երբ մարդիկ այցելում, հանգստանում՝ գնում են, այլ իսկապես ընդգրկված լինի արցախյան էկոհամակարգում, լինի Արցախի ընդհանուր նախագիծը: Հիմքում այն գաղափարն է, թե ինչպես, պահպանելով անցյալը, մեր յուրահատկությունը՝ առաջ նայենք, եւ ոչ միայն տնտեսական, այլեւ կրթական զարգացում կարողանանք ապահովել: Այդ հավասարակշռությունը դժվար էր գտնել: Մենք հասկացանք, որ պետք է օրինակով ցույց տալ այդ ամենը: Շնորհակալ եմ շվեյցարացի մեր գործընկերներին, ովքեր ընկալեցին այդ ամենակարեւոր խնդիրը՚: Ծրագրի նպատակն Ասկերանի շրջանում զբոսաշրջության, էկոգյուղատնտեսության զարգացումն ու կրթական համալիրի ստեղծումն է: Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչ, ճարտարապետ Քրիստիան Մյուլլերն ամենակարեւոր արժեքն է մատնացույց անում, որը հավակնոտ այս ծրագիրը կյանքի կոչելու հարցում որոշիչ դեր է ունենալու. ՙԱրցախի բնակիչների հետ աշխատում ենք արդեն երկու տարի: Եվ ինքներս մեր օրինակով ենք զգում հյուրընկալության աննկարագրելի մակարդակն այս երկրում: Սա է հիմնական արժեքը՚: Էկոգյուղի համար ընտրված տարածքում առկա շինությունները եկեղեցու հետ վերանորոգվելու են, պահպանվելու է նրանց ճարտարապետական տեսքը: Հյուրանոցային բիզնես, էկոլոգիական շինարարություն, զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մոդելային էկոֆերմա, էկոարտադրության կազմակերպման հնարավորություններ ու համապատասխան ուսումնական կենտրոններ: Սրանք էկոգյուղ-համալիրի հիմնական բաղադրիչներն են: Էկոգյուղի ծրագրի իրագործումը կնպաստի տարածաշրջանի առանձնահատկությունն ընդգծող եւ դրանք աշխարհին ճանաչելի դարձնող բրենդի ձևավորմանը եւ տարածաշրջանի համար կստեղծի տնտեսական զարգացման նոր հնարավորություններ: Ծրագրի իրականացումից մեծ ակնկալիքներ կան նաեւ Արցախում: Առավել եւս, որ այդ ոլորտում հաջողության հասնելու բոլոր պայմաններն ունի մեր հանրապետությունը, էկոգյուղի ծրագրի պաշտոնական ներկայացման ժամանակ նշել է նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով հատկապես բնական պայմանները, հյուրընկալության եւ հասարակական անվտանգության բարձր մակարդակը: Ընդ որում՝ էկոգյուղի ծրագրի իրականացման արդյունքում ակնկալիքները միայն զբոսաշրջության ոլորտից չեն լինելու: Այս ուղղությունում գրանցված հաջողությունները շղթայական ռեակցիայով իրենց ազդեցությունն են ունենալու նաեւ մյուս ոլորտների վրա, համոզված է երկրի նախագահը։ Այսպիսի ակնկալիքներով տրվեց արցախյան էկոգյուղի կառուցման աշխատանքների մեկնարկը: Շահագործումը ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամը պլանավորում է երկու տարի անց: Արցախյան էկոգյուղը կարող է դառնալ հայկական երկու հանրապետությունները ներառող զբոսաշրջային շրջանաձեւ երթուղու կարեւոր հատվածներից մեկը: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ