comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄՐՈՑ ՙՄԱԾՆԱԲԵՐԴ՚ (ՄԼԶՆԱԲԵՐԴ)
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՐՈՑ ՙՄԱԾՆԱԲԵՐԴ՚ (ՄԼԶՆԱԲԵՐԴ)

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության բաժնի վարիչ Գտնվում է ներկայիս Դաշքեսանի շրջանում, Հարցհանգիստ (Չովդար) գյուղից հարավ-արեւելք, անդնդախոր ձորերով շրջապատված լեռան գագաթին:

Ըստ տեղագրող Մ. Բարխուդարյանցի՝ այն տեղակայված է ՙ…համանուն վանքի հիւսիսային կանդէպ, ձորի միւս կողմում: Իւր շրջապատից առանձնացած է նաև բերդասարս, որի հարաւային եւ արեւելեան կողմերն վիմահերձ եւ բարձրագոյն ապառաժներ են, հիւսիսային կողմն ունի հաստատուն պարիսպ, երեք ամուր աշտարակներով: Ունի միայն մի դուռ արեւմտեան կողմից եւ բաւական մեծութիւն, որի մակերեւույթն թեքուած է հարաւից հիւսիս: Բերդիս վերնամասում կայ հանգստարան եւ բնակարանների շատ աւերակ: Ստորին մասում կայ… միջնաբերդ, որը տեղացիք անվանում են Նարին-Ղալա, որ ունի առանձին պարիսպ եւ մուտք: Մեծ ուշադրութեամբ ամրափակուած են քարուկիր պատերով կասկածաւոր տեղի կիրճերն. վերջապէս նշանաւոր ամրոցներից մին է բերդս եւ շատ հին: Բերդիս հիւսիսային մասում կայ մի բարակ ջուր, սակայն երեւի թէ բնակիչք չեն բաւականացած ջրովս, այլ խեցեղեն խողովակներով ջուր բերած են արեւմտեան կողմից: Կարծես թէ եղած է քաղաք…՚: Թե ստույգ երբ է հիմնադրվել այս նշանավոր ամրոցը, առայժմ դժվար է ասել: Հայտնի է միայն, որ այն եղել է Կյուրիկյան իշխան Աղսարթանի նստավայրը: Կ. Գանձակեցու վկայությամբ, Լոռե բերդաքաղաքում հաստատված Կյուրիկե Բագրատունու մահից հետո, իր որդիներից Դավիթն ու Աբասը, դավվելով վրացիներից, մեկնում են պարսիկների մոտ եւ իբրեւ ժառանգություն ստանում Տավուշը, Մածնաբերդը եւ այլ ամրոցներ կամ տարածքներ: Դավթի մահից հետո (1145թ.) նրան փոխարինում է որդի Կյուրիկեն, իսկ վերջինիս մահից հետո նրա որդի Աբասը` Զաքարե եւ Իվանե Զաքարյան իշխանների փեսան, որը, սակայն, մահանում է երիտասարդ տարիքում` զավակ չունենալով: Ավելի ուշ պարզվում է, որ Աբասը ուներ որդի մեկ այլ կնոջից, որից էլ Աբասի քույր Բալրինան վերցնում է դեռեւս կաթնակեր երեխային, խնամում նրան, անվանակոչում Աղսարթան` դարձնելով Մածնաբերդի ժառանգատերը: Այդ ժամանակ Նոր բերդի տիրակալ, Բագրատունյաց տոհմից Դավիթ իշխանը որոշում է խաբեությամբ տիրանալ Մածնաբերդին: Խաբելով մանկահասակ Աղսարթանին, դստերը կնության է տալիս նրան, դարձնում իր փեսան, ինքը տիրում Մածնաբերդին, որից հետո` դստերը բաժանում: Բերդի բնակչության աջակցությամբ Դավիթը վռնդվում է Մածնաբերդից: Աղսարթանը կրկին հաստատվում է բերդում, իսկ ավելի ուշ իր իշխանությունը հանձնում դարձյալ Կյուրիկե անունով որդուն, իսկ ինքը դառնում կրոնավոր Գետակիցք վանքում: XIIդ. առաջին կեսին ամրոցը ենթարկվել է սելջուկ-թուրքերի, իսկ ավելի ուշ` մոնղոլների հարձակումներին: 1235թ. մոնղոլ-թաթարները սկզբում գրավում են Շամքորը, որ այն ժամանակ գտնվում էր Վահրամի եւ իր որդի Աղբուղայի իշխանության տակ, հետո իրենց ենթարկում մի շարք այլ ամրոցներ, ներառյալ Մածնաբերդը, որտեղ իշխում էր Աղսարթանի որդի Կյուրիկե Բագրատունին: Պատմաբաններից Մածնաբերդին անդրադարձել է նաև Մ. Այրիվանեցին, տեղեկություններ են պահպանվել ժամանակի մամուլում, իսկ մեր օրերում ամրոցի համառոտ պատմությունը գրի է առել Ս. Կարապետյանը: Եւս մի նկատառում. Մ. Բարխուդարյանցը, նկարագրելով ամրոցը, մեկ այլ պարբերության մեջ, ըստ էության նկատի ունենալով նաեւ ամրոցի դերն ու նշանակությունը տարածաշրջանում, որտեղ ՙ…ամփոփուած են գաւառիս կռապաշտ իշխանաց մարմիններն՚, ինչպես նաեւ` Վահրամ իշխանի ենթակայության տակ գտնվելը, Մածնաբերդը առանձնացնում է Մլզնաբերդից եւ այն համադրում տարածաշրջանի գլխավոր ամրոցներից մեկի` Գարդման բերդի հետ. ՙՄեր կարծիքով այս իսկէ Գարդման բերդն. իսկ սորա մոտինն Մլզնաբերդն, որի մէջ վաղուց եղած է վանք… Մեր համեստ կարծիքով. կրկնում ենք, այս է Գարդման բերդն, որի մասին գրած է Յովհան կաթողիկոսն…՚: Առանց տեղում դիտարկումներ կատարելու դժվար է միանշանակ ընդունել կամ ժխտել Մածնաբերդ-Գարդմանի բերդ համադրությունը: Պարզ է միայն մի բան. ՙԳարդման՚, ՙԳարդմանի բերդ՚ անվանումները, որոնք ներկայացվում են հատկապես վաղ միջնադարյան պատմական աղբյուրներում, հուշում են այդ ամրոցի` որպես տարածքում գլխավոր վարչական կենտրոնի կարգավիճակի մասին, որպես գավառագլուխ կամ մինչաշխարհացույցյան Գարդմանցոց իշխանության աթոռանիստ: Այդ առումով (նկատի ունենալով նաեւ ամրոցի մասին եղած տեղեկությունները) կարծում ենք, որ Մածնաբերդը, ի տարբերություն տարածաշրջանի մի շարք այլ ամրոցների (աշխարհագրական դիրքով, մեծությամբ, պաշտպանունակությամբ եւ այլն, որ գայթակղում էր շատ իշխանների), կարող էր հավակնել տարածքում գլխավոր ամրոցներից մեկի կարգավիճակին։ 

Սլավա ՍԱՐԳՍՅԱՆ