comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՈՍԻ ԱՆՈՒՆՈՎ

Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղում՝ միայնակ գերեզմանի մոտ, միշտ ծածանվում է Հայոց եռագույնը:

Շիրիմը Հակոբ Խաչատրյանինն է, ով իր մարտական ընկերների՝ Էդուարդ Հայրապետյանի և Արշակ Հարությունյանի հետ մարտիրոսվեց Արցախի հյուսիս-արևմտյան սահմանում ս.թ. մարտի 19-ին՝ ազերիների հերթական սադրանքից հայրենի երկիրը պաշտպանելիս: Աղաձորի միջնակարգ դպրոցի շրջանավարտ և Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող Հակոբը դպրոցական տարիներին զբաղվում էր սպորտով, մասնակցում ինտելեկտուալ խաղերի, և նրանց թիմը գրեթե միշտ հաղթող էր ճանաչվում շրջանային ու հանրապետական փուլերում։ Աղաձորի հարևան Իշխանաձոր գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և ՙՔաշաթաղ՚ բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ վերանորոգվել է ինտերնետ-ակումբի համար նախատեսված տարածքը: Իսկ Երևանի պետական համալսարանը հատկացրել է համակարգիչներ ու համապատասխան գույք: Համալսարանի ռազմավարական ուսումնասիրության կենտրոնն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է նաև Քաշաթաղի շրջանի դպրոցների ու մշակութային օջախների հետ, կազմակերպում ինտելեկտուալ խաղեր, օժանդակում կրթօջախներին: Կենտրոնի նախաձեռնությամբ ինտերնետ-ակումբը որոշվել էր անվանակոչել Հակոբ Խաչատրյանի անունով: Հոկտեմբերի 12-ին, կենտրոնի ներկայացուցիչ Ալվինա Աղաբաբյանի գլխավորությամբ, համալսարանի բարձր կուրսերի ուսանողներից և ՙԱրմսես՚ գիտակրթական կենտրոն ՀԿ-ի համահիմնադիրներն այցելեցին Իշխանաձոր, որտեղ կայացավ անվանակոչությունը: Մինչ Իշխանաձոր հասնելը՝ հյուրերը ծանոթացան Քաշաթաղի շրջանի հարավային մի շարք համայնքների բնությանը, կանգ առան Արցախյան գոյամարտի տարիներին տարածքում մարտիրոսված հայորդիներին նվիրված հուշաքարերի մոտ: Ա. Աղաբաբյանը տեղեկացրեց, որ արդեն երրորդ օրն է, ինչ Արցախում են. անցել են Շահումյանի շրջանով, մասնակցել Եղեգնուտ գյուղի դպրոցականների հանդեսին: Այցելել են նաև մի շարք զորամասեր, զրուցել սպաների ու զինվորների հետ: Իսկ Իշխանաձորի դպրոցում կայացավ անվանակոչությունը, որին ներկա էին Հակոբի ծնողները՝ Գայանե և Գագիկ Խաչատրյանները, քույրը՝ Աղաձորի դպրոցի օտար լեզվի ուսուցչուհի Նաիրա Խաչատրյանը, Աղաձորի և Իշխանաձորի գյուղական համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, աշակերտներ, հարևան զորամասի ներկայացուցիչներ: Այստեղ էին նաև ԱՄՆ Ֆրեզնո քաղաքից եկած 3 բժիշկ՝ ամուսիններ Կարինե Լեփեջյան-Վասիլյանն ու Վաչե Վասիլյանը և Կարո Խաչիկյանը, ովքեր այդ օրվա ընթացքում Իշխանաձորի բուժկետում ընդունել էին հիվանդների և բժշկական միջամտություն ցուցաբերել 30-ից ավելի այցելուների: Իշխանաձորի դպրոցականները ելույթով ողջունեցին միջոցառման մասնակիցներին, ներկայացրին Հակոբի հերոսական կենսագրությունը: Չնայած հարևան գյուղից էր Հակոբը, սակայն Իշխանաձորի դպրոցականները լավ էին ճանաչում նրան, և պատահական չէր, որ հուզվում էին քաջի մասին խոսելիս։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը խոսեց այս վերջին 2-3 տարիներին սահմանում թշնամու ակտիվացման մասին՝ կարևորելով մեր զինվորների մարտունակությունը և ցավ հայտնեց, որ արդեն քանի քաջորդի՝ Հակոբի նման, տուն են վերադարձել անմահության ճանապարհով: Այնուհետև ընթերցեց շրջվարչակազմի ղեկավարի որոշումը՝ ինտերնետ-ակումբը Հակոբ Խաչատրյանի անունով անվանակոչելու մասին, իսկ դպրոցի տնօրեն Լուսիկ Հարությունյանին հանձնեց շրջվարչակազմի պատվոգիրը: ՙԱրմսես՚ գիտակրթական կենտրոն ՀԿ-ի համահիմնադիրներից Սիրանուշ Մելիքյանն իր խոսքում փառաբանեց մարտիրոս տղաներին՝ արտասանելով Շիրազի հայտնի ՙԷքսպրոմտ՚-ը։ Հակոբի հայրը, խոսելով որդու և նրա մարտական ու նահատակ ընկերների մասին, մաղթեց, որ այլևս մեր զինվորներից ոչ ոք չզոհվի, բոլոր տղաները տուն վերադառնան։ Իշխանաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազելի Եղիկյանը շնորհակալություն հայտնեց համալսարանականներին՝ դպրոցին մշտապես աջակցելու, հատկացված մարզական գույքի, ինտերնետ-ակումբի կայացման համար: Երեկոյան համալսարանականները հրաժեշտ տվեցին Իշխանաձորին՝ հավաստելով, որ Երևանի պետական համալսարան-Քաշաթաղ կապը լինելու է հաստատուն։ 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք. Բերձոր