comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆԱ ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵԶ ՀԵՏ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵԶ ՀԵՏ Է

Այս տարի Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 50 տարեկան:

Ավա՛ղ, կեսդարյա հոբելյանը կնշենք առանց հոբելյարի... Ծնվել է Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, հասցնում է անգամ 1990թ.-ին Գետաշենի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցիչ աշխատել: Որոշ ժամանակ անց Թաթուլն իր վրա է վերցնում Գետաշենի շրջանի ինքնապաշտպանությունը՝ ստանձնելով Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարի պարտականությունը: 1991թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակները և խորհրդային զորքերը Գետաշենում իրականացրեցին հայտնի ՙՕղակ՚ օպերացիան. նպատակը Գետաշենի ենթաշրջանի հայության բռնի տեղահանումն էր։ Այդ ամենին Թաթուլը դիմագրավում էր իր տոկունությամբ, հերոսական պահվածքով, կազմակերպական բարձր հմտություններով և ունակություններով։ Հայ մի խումբ պատանդների ազատելու համար նա դիմում է համարձակ քայլի. Թաթուլին հաջողվում է պատանդ վերցնել այդ գործողության ղեկավար, ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի Բաքվի գնդի հրամանատար գնդապետ Մաշկովին, օմոնականներին թելադրում է իր կամքը, բայց, ավաղ, զոհվում է։ Թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Մահվանից հինգ տարի անց, 1996թ. սեպտեմբերի 20-ին, Թաթուլ Կրպեյանը հետմահու արժանանում է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն ՙՀայրենիք՚ շքանշանով։ Մարտական ընկերները Թաթուլի մասին խոսելիս առանձնացնում են նրա ազգային մտածելակերպը, խստապահանջությունը դիմացինի և իր իսկ հանդեպ: Նրան սիրում էին, որովհետև ինքնազոհության ճանապարհն էր բռնել հանուն ազգի անվտանգության: ՙԵս դեսանտային զորամասերում զգացի, թե որքան եմ զիջում նրան իմ պատրաստվածությամբ: Տիրապետում էր կառավարման համակարգին, գիտեր ինչը ոնց անել: Չափազանց դժվար էր հսկել Գետաշենի նման պատասխանատու վայրը, ուր գնացողները գրեթե հետ չէին գալիս, բայց նա կարողանում էր տիրապետել իրավիճակին՚,- խոստովանում է ԼՂՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: Իսկ դստեր՝ Ասպրամի հուշերում հայրը միշտ ներկա է, չնայած նա հորը ճանաչում է միայն նկարից։ -Մեկ տարեկան երկու ամսական էի, երբ հայրս զոհվեց: Մայրիկս կամուրջ դարձավ իմ և հայրիկիս միջև: Թեև քիչ ժամանակ հասցրինք միասին անցկացնել, այնուամենայնիվ, մեր փոքրիկ ընտանիքի պատմությունը լի է հիշարժան պահերով: Մայրս միշտ ասում է, որ իմ մեջ հայրիկիս սկզբունքայնությունն ու համառությունն է տեսնում, իր մշտական պայքարը հանուն արդարության: Հայրս առաջիններից էր, ով հասկացավ, որ փողոցային պայքարն արդյունավետ չէ, պետք է զենք վերցնել հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար: Հպարտ եմ, որ հայրիկիս և իր զինակից ընկերների օրինակը ոգեշնչեց և դաստիարակեց հայրենասեր սերունդ, որի ներկայացուցիչը նաև ես եմ: Այսօր մեր առջև ծառացած խնդիրները թեև այլ են, բայց կան առաջնահերթություններ. հայրենիքի պաշտպանություն, մայրենի լեզվի, ազգային արժեքների պահպանություն և այլն, որոնք միշտ էլ արդիական են, և երիտասարդությունը, լինելով հասարակության շարժիչ ուժը, պետք է ակտիվորեն մասնակցի այս գործընթացներին: Չկա մի օր, որ մենք հայրիկին չհիշենք և իր ներկայությունը չզգանք մեր կյանքում: Լինում են կենցաղային, ընտանեկան տարբեր իրավիճակներ, մարդկային տարբեր փոխհարաբերություններ, և մայրս է, որ հիշեցնում է, թե հայրս այս կամ այն դեպքում ինչպես կվարվեր, ինչ կասեր, ինչ խորհուրդ կտար: Բայց ամենից կարևոր պատգամը, որը մայրս փոխանցել է հայրիկից, անմնացորդ նվիրումն է ընտանիքին, հայրենիքին: - Թաթուլը տան վեցերորդ երեխան էր,-պատմում է ավագ եղբայրը՝ Մանվել Կրպեյանը,- շատ աշխույժ էր և ակտիվ ամեն ինչի նկատմամբ. և՜ ուսման, և՜ սպորտի, և՜ խաղերի, և՜ առօրյայում առհասարակ: Մանկական խաղերի ժամանակ միշտ ուզում էր հրամանատարն ինքը լինել, խնդրում էր պապին իր համար փայտից թուր պատրաստել. առնում էր ձեռքն ու ասում. ՙԵս եմ հրամանատարը՚: ¬Թաթուլի մեջ ամենաշատը գնահատում էի մարդասիրությունը: Սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ հատուկ վերաբերմունք և մարդկային աջակցություն ուներ: Տանել չէր կարող անարդարությունը, եթե նման բան նկատեր՝ կռիվ կաներ,- Թաթուլին այսպես բնորոշեց իր երբեմնի դասախոս, ԵՊՀ պատմության ֆակուլտետի այժմյան դեկան Էդիկ Մինասյանը:¬ Թաթուլը որպես ուսանող առանձնանում էր նախ ընդունակություններով. ամեն ինչ շատ արագ էր ընկալում և կարողանում էր նյութը ժամանակին մատուցել, առանձնապես կարևորում էր պատմական ցանկացած իրադարձություն, ցանկացած դեպք վերլուծում էր, կապելով հայրենասիրական մղումների, ազգային նպատակների հետ, շատ հարցասեր էր: Նա, իրոք, հայրենասերի կերպար էր, բուռն էր արձագանքում հայրենասիրական ցանկացած միջոցառման և դրա ակտիվ նախաձեռնողներից էր, ուներ կազմակերպչական մեծ ընդունակություններ: Արցախյան շարժման հենց առաջին իսկ օրերից, ոգևորված ուսանողության հետ, Թաթուլը մասնակցում է ցույցերին, սակայն նա քաջ գիտակցում էր, որ ազգի հարցերը հանրահավաքներով չես լուծի, ու շուտով 4-րդ կուրսի ուսանող Թաթուլ Կրպեյանը դիմում է ներկայացնում համալսարանի ռեկտորատ. ուզում էր մեկնել Գետաշեն, այնտեղ պատմության ուսուցիչ աշխատել։ Նրա խնդրանքը կատարվում է։ Բայց փաստորեն Թաթուլը ուսանողական նստարանից տեղափոխվում էր պատերազմի դաշտ: Նա Գետաշեն է մեկնում մարտական տրամադրվածությամբ ու վերջին պահին էլ զգում էր, որ կարող է սպանվել, բայց դրան մեծ կարևորություն չէր տալիս. ավելի շատ ազգը փրկելու գաղափարն էր նրա մեջ իշխողը, նրա ողջ մտածմունքը Գետաշենն էր ու Արցախ աշխարհը։ Կորուսյալ հայրենիքի վերադարձի գաղափարով ու վճռականությամբ էր դաստիարակված Թաթուլ Կրպեյանը, ով իր կյանքի կարճ, բայց և բովանդակ տարիների ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի համար պետք է պայքարել անմնացորդ, ինքնամոռաց։ Այսօր էլ Թաթուլը մեզ հետ է: Նա կենդանի լեգենդ է, որ ապրում է հայ մարդու սրտում ու հոգում: 

 Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ