comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԿՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ

Երեկ տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համատեղ նիստը:

Օրակարգի հարցերից մեկը երկու հանձնաժողովների 2016թ. համատեղ աշխատանքային ծրագրի հաստատումն էր: Բացելով նիստը՝ ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Լևոն Մնացականյանն ասաց, որ նախորդ տարիներին բավականին համատեղ աշխատանքներ են կատարվել, երկու հանձնաժողովների կողմից երկար տարիներ նմանատիպ աշխատանքային ծրագրեր են մշակվել ու կյանքի կոչվել, ինչն էլ դրական է անդրադառնում հանձնաժողովների գործունեության արդյունավետության վրա: ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը, համատեղ աշխատանքն արդյունավետ համարելով, ավելացրեց, որ այն կշարունակեն 2016-ին, կիրագործեն նաև նոր գաղափարներ: Արցախյան հանձնաժողովի անդամ Գագիկ Խաչատրյանը թեզիսների ձևով ներկայացրեց գալիք տարում համատեղ կատարվելիք աշխատանքները: Նշված ծրագրով նախատեսվում են ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ որոշումներով հաստատված կարգեր, դրույթների փոփոխությունների և լրացումների մասին որոշումների նախագծերի մշակում ու դրանց փորձաքննության իրականացում, հայաստանյան գործընկեր կազմակերպության կողմից՝ առաջարկությունների նախապատրաստում արցախյան հանձնաժողովի մշակած փաստաթղթերի վերաբերյալ, հանձնաժողովների որոշումների փոխանակում, ԼՂՀ հանձնաժողովի մասնագետների ընդգրկում ՀՀ պատվիրակության կազմում՝ արտասահմանյան գործուղումների դեպքում, մասնակցություն ՀՀ-ում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին և սեմինար-պարապմունքներին, համատեղ նիստերի անցկացում, փորձի փոխանակում կարգավորվող ոլորտների մասնագետների համար, համատեղ ուսումնասիրությունների, վարույթների, դիտանցումների, ստուգումների իրականացում և գործնական օժանդակության ցուցաբերում, նոր տեխնիկական միջոցների, տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման համատեղ ուսումնասիրություններ ու դրանց ներդրման միասնական մոտեցման մշակում, աշխատանքների իրականացում՝ կապված ԼՂՀ հանձնաժողովի միջազգային կառույցներին ինտեգրման հետ: Հանձնաժողովների նախագահներ Գ. Բունիաթյանը և Լ. Մնացականյանը վավերացրին աշխատանքային ծրագիրն իրենց ստորագրություններով: Նիստի հաջորդ երկու հարցերը ՙՌադիո FM-103՚ և ՙՓեյս՚ ընկերություններին տրամադրված ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիաների ժամկետները լրանալու կապակցությամբ հանձնաժողովի կողմից հայտարարված 103.0 և 104.3 ՄՀց հաճախականություններով Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման լիցենզավորման մրցույթներին մասնակցելու համար ներկայացված առաջարկների քննարկմանն էին վերաբերում: Մրցույթներին մասնակցելու հայտեր են ներկայացվել վերոհիշյալ ընկերությունների կողմից: Առաջարկները ներկայացրին ՙՌադիո FM-103՚ ընկերության լիազոր ներկայացուցիչ Վարուժան Գաբրիելյանը և ՙՓեյս՚ ընկերության փոխտնօրեն Կարինե Թամրազյանը: ՙՌադիո FM-103՚ ռադիոկայանն արդեն 11 տարի եթերում է: Հաջորդ յոթ տարիների համար առաջարկը ներառում է հայեցակարգային որոշ փոփոխություններ՝ պայմանավորված ժամանակակից ռադիոյին ներկայացվող պահանջներով: Քանի որ հանրությունը տեղեկատվության շատ աղբյուրներ ունի, առավելապես՝ համացանցը, ռադիոյի օպերատիվության խնդիրը փոխվում է: Դրան համապատասխան էլ մշակվել են ուղղությունները։ ՙՓեյս՚-ի փոխտնօրենը, ներկայացնելով առաջիկա ծրագրերը, նշեց, որ ռադիոկայանն իր գործունեությամբ հետապնդում է մի նպատակ՝ զարգացնել ռադիոլսողների երաժշտական ճաշակը, բարձր պահել լսարանի տրամադրությունը: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հարցին, թե կունենա՞ն ինտերնետային հեռարձակում, հետևեց պատասխանը. շատ կուզենային, քանի որ արտագաղթածները խիստ կարոտում են ՙՓեյս՚-ին: ՙՌադիո FM-103՚-ի ներկայացուցիչ Վ. Գաբրիելյանը պատրաստակամություն հայտնեց Արցախի բոլոր ռադիոկայանների ծրագրերի (այդ թվում՝ հանրայինի) մասով անվճար ինտերնետային հեռարձակում իրականացնել, քանի որ իրենց ընկերությունը 2010 թվականից ունի անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները: Նիստն ընդհատեց իր աշխատանքները՝ առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով: Հանձնաժողովի կողմից մրցութային առաջարկների ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն նրա վեբ կայքում: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ