comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՆՎԻՐՅԱԼԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ ՆՎԻՐՅԱԼԸ

 ՙԱրցախյան գոյապայքարի նվիրյալին՚,- այս ընծայագրով եմ միշտ գիրք նվիրում նրան, և դա նա ընդունում է որպես ճանապարհի ուղեցույց, իր կենսագրության եզրագծերը միացնող կշռաչափ։

Ալվարո Շեկյանի հավաստմամբ՝ նվիրյալների արյամբ ազատագրված երկիրը սրբություն է։ Եվ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրա անցյալը լինի հայրենասիրության և արիության դաս, ներկան՝ հարազատ անկյո՜ւն, իր սահմաններով անխոցելի, իսկ ապագան՝ հուսալի ձեռքերում։ Անցյալի դասերը Ա. Շեկյանի անցած մարտական ուղին խոսուն է, հագեցած հերոսական դրվագներով. ՙ1992թ. մարտի 12-ին մասնակցել է Սրխավենդ, Բաշիլար, Ղարաշտար գյուղերի, իսկ մինչ այդ՝ Մալիբեկլու, Ղուշչիլար և Խոջալու գյուղերի ազերական կրակակետերի վերացմանը։ 1992թ. մայիսի 7-9-ը առաջին վաշտի կազմում՝ Շուշիի ազատագրմանը, 1993-ի մարտի 26-ից մինչև ապրիի 7-ը՝ Քելբաջարի ռազմագործողություններին, 1993-ի մայիսի 2-ից մինչև հունիսի 14-ը՝ Խծաբերդին հարող տարածքում մղվող մարտերին, 1993-ի դեկտեմբերի 12-ից մինչև 1994թ. հունվարի 4-ը՝ Ֆիզուլու շրջանի Սեիդահմեդլի և Կարախանբեյլի գյուղերի ազերական կրակակետերի վերացման համար մղված կռիվներին, 1994թ. հունվարի 5-ից մինչև ապրիլի 13-ը՝ Աղդամի շրջանի Սոֆուլու գյուղի ուղղությամբ ծավալված մարտերին՚ ...Այսպես, կարծես բառերով հեշտ է հյուսվում մարտական ճանապարհը քաջ հրամանատարի ու զինվորականի, բայց այն մեծ ու հախուռն ապրումները, որ փոթորկվել են նրա երակներում ու հորդացել որպես հրահանգ ու կոչ, որպես ելքի փնտրտուք, մտքի ու արյան ճիգ, մնացել են ժամանակի կադրից դուրս ու խտացել-կուտակվել են սերունդների գենի աներևույթ շերտերում։ ՙՀայրենիքին ազնվորեն ծառայելն իմ հավատամքն է, իմ գերագույն նպատակը՚,- սրանք են նվիրյալ ազատամարտիկի կյանքի իմաստն ու նշանակությունը։ Նրա համար անցյալը դաս է, որ չի անցյալանում։ Մարտական մկրտությունն Ա. Շեկյանը ստացել է Ասկերանի մոտ, երբ մի քանի խիզախ հայորդիներով կարողացել են կանգնեցնել մեծաքանակ խուժանին։ Այդ փոքրաթիվ ըմբոստները մեծ ոգի, կամքի ուժ և համառություն ունեին։ Նրանք են՝ Սամվել Կարապետյան, Թաթուլ Շեկյան, Վալերի Հայրիյան, Յուրի Իշխանյան (Ջաբի), Լավրենտ Կաֆյան և ուրիշներ։ Ալվարո Շեկյանի համար հայրենիքը ոգու դարբնոց է։ Հայոց պատմությունը, որի էջերը գրվում են նաև այսօր՝ Արցախյան գոյապայքարի նվիրյալների վարքով ու գործով, մերթ դառնում է վրեժի կրակ, մերթ հույսի դուռ ու ապաստարան, մերթ կարոտի շեմ, հիշողության բռունցք... Եվ ամեն սերունդ ուսում առնելուց և արիության դասեր քաղելուց զատ, նաև պատմություն է կերտում սեփական փորձով ու կյանքի գնով։ Սա է ճանապարհը... ՙԵս իմ պարտքն եմ կատարել և ուրիշ ոչինչ՚,- սա է, թերևս, հայրենիքը պաշտպանող անհատի ամենաբնորոշ խոստովանությունը։ Փորձառու զինվորականն առնչվում է ասելիքի ելուստներին և լռում է այն մասին, որ իր անցած մարտական ճանապարհը... արիության դաս է նոր սերնդի համար։ Ապրեցնող տարածություն կա ավանդապահ հայորդու լռության մեջ։ Բառը ուղեցույց է, որի աջակցությամբ ճանապարհորդում է ոգու և մտքի հորիզոններով։ Չի ընդունում, առաջին հերթին, հոռետեսությունը։ ՙՉէ՞ որ կյանքը սիրո և լույսի աղբյուր է,- մտածում է նա,- սիրո ալիքներին հույս ու ջերմություն ավելացնելով՝ կարող ես բացահայտել միակ ճանապարհը, որ տանում է ոգու բարձունքներ։ Ես գոհ եմ ճակատագրից, ուրախ եմ, որ Արցախյան պատերազմում տարած հաղթանակում իմ համեստ բաժինն ունեմ՚։ Հայրենիքի պաշտպանությունը հայ մարդու համար ամենամեծ առաքելությունն է։ Եվ յուրաքանչյուր զորակոչ բանակն էլ ավելի հզորացնելու գործընթաց է, որին մշտապես մասնակցում է Արցախի ազատամարտիկների միության աշխատակից Ալվարո Շեկյանը։ Նրա կարծիքով՝ զորակոչը վիճակահանությամբ սկսվում, բայց չի ավարտվում։ Այն շարունակական գործընթաց է, զորակոչիկի համար՝ կյանքի պատասխանատու փուլ, երբ նա գիտակցաբար մտնում է ինքնադրսևորման բավականին լուրջ շրջան, ուր ամրապնդվում ու սրբագործվում է իր և Հայրենիքի միասնական նպատակը։ Ազատամարտիկը առաջնագծում Ալվարո Շեկյանը թեև 2-րդ կարգի հաշմանդամ է, սակայն մշտապես առաջինն է արձագանքում Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի՝ առաջնագիծ մեկնելու կոչին։ Նա հայրենիքի ճակատագիրը կռող ազատամարտիկներից մեկն է, ում մշտապես անհանգստացնում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծվող լարվածությունը։ Դեռևս 2012թ. մայիսին Ա. Շեկյանը ԱԱՄ Ստեփանակերտի 2-րդ համայնքի ազատամարտիկների հետ մարտական հերթապահություն է իրականացրել առաջնագծում։ Այդ մասին նա իր մտորումներն արտահայտեց ՙԱնդրադարձ՚ հոդվածում, ուր մասնավորապես ասվում է. ՙԱրցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ¬մայոր Սամվել Կարապետյանի անմիջական հրահանգավորմամբ՝ կարևորվում է զգոնությունն ու պատասխանատվությունը։ Գոյամարտի փորձառու ազատամարտիկները սրբությամբ ու անթերի կատարեցին իրենց առջև դրված խնդիրները, որի համար էլ զորամասի հրամանատարի կողմից արժանացան պատվոգրերի։ Ալեքսանդր Հարությունյանի (Սաշկո) գլխավորած խմբի ազատամարտիկներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնում 9-րդ պաշտպանական շրջանի զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանին և իր տեղակալներին, հանձինս՝ հրետանու պետ, փոխգնդապետ Ալբերտ Աբրահամյանի, ինժեներական ծառայության պետ, մայոր Արտուր Բաբաջանյանի և ֆիզիկական պատրաստության պետ, կապիտան Դավիթ Հովհաննիսյանի՝ ջերմ ընդունելության և համագործակցության համար։ Փառք Աստծո, որ ամեն ինչ ավարտվեց հաջողությամբ, և Մայիսյան եռատոնի առթիվ կազմակերպված բոլոր միջոցառումներն անցան միանգամայն նպատակային և խաղաղ պայմաններում՚։ Առաջնագծում լարվածությունն ուժեղացավ նաև 2014թ. օգոստոսին։ Ալվարո Շեկյանը խոստովանում է, որ այս անգամ իր դիրքեր մեկնելու առիթը համընկավ առաջնագծում ուժգնացած լարվածության հետ։ Բոլորի պես նա էլ համոզվեց, որ մեր զինծառայողներն ինքնավստահ են, մարտունակ, զգոն ու աչալուրջ։ ՙԱզատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը կողք կողքի են՚,- այս է մեր հասարակության ոգու և կամքի ամրության գրավականը։ Մեր հարցազրույցը - Լինելով Ղարաբաղյան շարժման և պատերազմի ակտիվ մասնակիցներից մեկը, ինչպե՞ս կբնութագրեիք Ձեր անցած մարտական ուղին։ - Իմ մարտական ուղին սկսվեց 1988թ. փետրվարի 22-ին, Աղդամից ներխուժած բազմահազարանոց խաժամուժի դեմ անհավասար պայքարից։ Դա կարելի է համարել նաև մարտական իմ մկրտությունը։ Սամվել Կարապետյանն իր ակտիվ մասնակցությամբ ոգեկոչում էր մի խումբ կամավորականների, ովքեր էլ, երկաթե ձողերով ու քարերով զինված, կարողացան կանգնեցնել հրոսակախմբերին հենց Ասկերանի մատույցներում։ Դա մեր առաջին հաղթանակն էր։ Սումգայիթյան ջարդերից հետո, վրեժի ցասումով լցված, անպայման ջանում էինք պատասխանել ազերիներին, դեռ ավելին՝ առաջնորդվում էինք արիական կարգախոսով. ՙԶարկին՝ զարկ առավել, մահին՝ մահ առավել՚։ Կանոնավոր բանակ ստեղծվելուց հետո հետախուզական դասակի հրամանատար եմ եղել Շուշիի գնդում, իսկ մինչ այդ՝ վաշտի հրամանատար մոտոհրաձգային գումարտակում։ Մասնակցել եմ Խոջալուի, Մալիբեյլի-Ղուշչիլարի, Սրխավենդի, Ղարաշտարի, Բաշիրլարի թշնամական հենակետերը ոչնչացնելու ռազմագործողություններին, ինչպես նաև Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Ղուբաթլուի, Ֆիզուլու, Մարտակերտի, Հորադիզի շրջանների համար մղված ազատագրական մարտերին։ Բազմաթիվ անգամներ վիրավորվել եմ, բայց չեմ լքել մարտադաշտը։ Պատերազմից հետո շարունակել եմ ծառայությունս ՊԲ շարքերում։ 2007թ. օգոստոսին զորացրվել եմ։ - Պատերազմը Ձեր հոգեաշխարհում ի՞նչ փոփոխություններ կատարեց, հոգով ու հավատով ավելի՞ ամրացաք, թե՞...թախիծն ու կորստի ցավն են երբեմն բզկտում Ձեր հոգին... - Դեռ դպրոցական տարիներին առանց երկմտելու վեճի էի բռնվում ցանկացած անարդարության դեմ, որն էլ վերածվում էր ծեծկռտուքի։ Սովորում էի գերազանց, որն էլ ոգի էր ներշնչում ինձ, հաղորդում վստահություն ու կամք։ Անզիջում էի ու համառ, ինչպես հիմա։ Մարտագործողություններում ինձ առաջնորդում էր անկոտրում կամքը։ Հավատն ու ուժը իմ առջև հարթում էին բոլոր խոչընդոտները։ Հավատում էի Հաղթանակին։ Համոզված էի, որ հայրենիքի համար մարտնչողը անպայման հաղթելու է։ Մեր արյան գինը ազատագրված հայրենիքն է։ Մարտիրոսվածների հիշատակը մեր ճանապարհի լույսն է, հավատի խաչքարը։ Այսօր էլ ես պատրաստ եմ մարտնչել Արցախի յուրաքանչյուր թիզ հողի համար։ - Արյան գնով ազատագրված հայրենիքը սրբատեղի է։ Անկախության սերունդը ինչպե՞ս է գնահատում ազատամարտիկների ձեռքբերումները։ Բավարար մակարդակո՞վ են իրականացվում այսօր Արցախում նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրերը։ - Նոր սերնդի մասին բավականին բարձր կարծիք ունեմ. նախ նշեմ, որ ՙՊտուղը ծառից հեռու չի ընկնի՚ ժողովրդական ասացվածքը մեր մասին է ասված։ Հավելեմ նաև, որ երիտասարդությունը հագեցած է (և ուրախալին դա է) ռազմական գիտելիքներով։ Մեծ հետաքրքրությամբ է մասնակցում դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում կազմակերպվող ՙԱրիության դասերին՚։ Վստահ եմ, որ նոր սերունդը միշտ պատրաստ է զենքով պաշտպանել Հայրենիքը։ - Ինչպիսի՞ն եք տեսնում Արցախի ապագան։ - Ես գուշակ չեմ, ոչ էլ մարգարե, բայց հաղթող զինվորն այնքանով է մարգարե, որ իր ձեռքով է կերտում Երկրի պատմությունը։ Եվ զինվորականի սրտին բավականին մոտ ու հարազատ է Արցախի Նախագահ Բ. Սահակյանի վարած քաղաքականությունը, այն է՝ որպեսզի պատերազմը հեռու լինի երկրի սահմաններից, պետք է հզորացնել բանակը, զարգացնել տնտեսությունն ու մշակույթը, բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը։ Վերացնելով պատերազմի թողած հետքերը՝ ամրապնդում ենք երկրի քաղաքացու հավատն ու վստահությունը։ Հուսով եմ, որ ապագան ավելի խոստումնալից կլինի, և աշխարհը կճանաչի մեր երազած անկախությունը։