comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...՚

Կան անհատականություններ, ովքեր երկրային կյանքին հրաժեշտ տալուց հետո էլ շարունակում են ապրել...

Ապրել ոչ միայն հարազատների, այլև իրենց ճանաչողների հուշերում ու հոգիներում։ Բժիշկ-գինեկոլոգ Զոյա Պավելի Թորոսյանը, ում ծննդյան 80-ամյակը լրացավ օրերս, այն քչերից է, որոնց մասին կարող ես ասել՝ նրանք բարու, գեղեցիկի ու լույսի սերմնացան էին ողջ կյանքում։ Վկան՝ նրա կենսագրությունը, նրա ապրած տարիները՝ լի մաքառումներով, վայրիվերումներով, պայքարով և, ի վերջո, հաղթանակով։ Նա չհասցրեց բոլորել 80-ամյակը, կյանքին հրաժեշտ տվեց չորս ամիս առաջ՝ իր ապրած տարիներով ապացուցելով, որ հերոս դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով։ Իսկ գործն այն, որին ծառայել է Զ. Թորոսյանը շուրջ կես դար, առհավատչյա է նվիրվածության, պարտքի խորը գիտակցումի ու պատասխանատվության։Զ. Թորոսյանը ծնվել է 1935թ., 1953-ին ավարտել Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը, 1959-ին՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ Մեկ տարի աշխատել է հարազատ քաղաքի շտապ օգնության կայանում, 1960-ից մարզային հիվանդանոցում՝ նեղ մասնագիտությամբ։ Հինգ տարի անց նշանակվել է մարզային սանլուստան վարիչ-գլխավոր բժիշկ։ Անգնահատելի է այդ հիմնարկի դերն առողջապահության համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհին։ Որպես ԼՂԻՄ առողջապահական համալսարանների ռեկտոր՝ Զ. Թորոսյանը 1970թ. մասնակցել է համամիութենական ստուգատեսի և, գրավելով առաջին տեղ, արժանացել ԽՍՀՄ առողջապահության նախարարի պատվոգրին։ Երեք ընտրաշրջան նա ընտրվել է հիշյալ մարմնի Ստեփանակերտի քաղաքային կազմակերպության նախագահ։ Բժշկուհին կազմակերպել է ամենամսյա առողջապահական ռադիոհանդես ու հիմնադրել մոր և մանկան հեռակա դասընթացի ծրագիրը։ Տարիների հետ ընդլայնվել է տիկին Թորոսյանի հասարակական գործունեության շրջագիծը։ 1969-ից նա մարզառբաժնի բժշկական խորհրդի անդամ էր, մինչև 2000 թվականը՝ ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական կոլեգիայի անդամ։ Քսան տարի ղեկավարել է ՙԳիտելիք՚ ընկերության բժշկական սեկցիան, 18 տարի աշխատել որպես մարզկինխորհրդի նախագահի տեղակալ, 25 տարի դասավանդել է բժշկական ուսումնարանում, 18 տարի զբաղեցրել առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնը։ Նրան բարձր կարգի բժիշկ է հաստատել և ՀՀ ԱՆ ատեստացիոն հանձնաժողովը։ Բժշկուհին տարբեր տարիների պարգևատրվել է մի շարք մեդալներով։ Առողջապահության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական բացառիկ ծառայությունների համար 2005 թվականին նրան շնորհվեց հանրապետության վաստակավոր բժշկի կոչում։ Հիրավի հարուստ կենսագրության տողատակերից հառնում է բժշկուհու անցած աշխատանքային ուղին, որը կարելի է որակել որպես սխրանք։ Աստված գիտի, թե քանի՛ անքուն գիշերներ է նա անցկացրել հիվանդի մոտ, քանի՛-քանի կանչերի արձագանքել, քանիսին օգնել իր խորհուրդներով և վերջապես մարդկանց պարգևել ոչ միայն ապրելու, այլև երկնել¬արարելու երջանկությունը։ Կեսդարյա նրա աշխատանքային ուղին՝ առլեցուն տագնապներով ու մաքառումներով, պայքար էր հանուն մոր և մանկան, հանուն կյանքի։ ...Պայքար կյանքի համար... 1988 թվականին փոթորկված, հանուն արդարության վերականգնման մոլեգնած Արցախում յուրաքանչյուր Աստծո օր կյանքի ու մահվան պայքար էր։ Յուրաքանչյուր արցախցի փորձում էր ուժերի ներածին չափով սատարել պայքարին, սատարում էին՝ ով ինչպես և ինչով կարող էր։ Այդ առումով բժիշկ¬գինեկոլոգ Զոյա Թորոսյանին մեծ բաժին հասավ։ Վիճակն էլ ավելի ծանրացավ, երբ մայրաքաղաքի փողոցները ողողվեցին անտուն ու անօթևան բռնագաղթածներով։ Արցախի շուրջ օղակն օր-օրի սեղմվում էր, հուսահատության տուտը բռնած արցախցիներից շատերը թողնում էին երկրի սահմանները, և, դժբախտաբար՝ նրանց թվում նաև բազմաթիվ բուժաշխատողներ։ Մնում էին միայն հոգով ամուր մարդիկ, ես կասեի՝ սերուցքը, ընտրանին։ Հանրապետական (նախկին մարզային) ծննդատան 304 աշխատողներից մնացել էր ընդամենը 41-ը, 48 բժիշկներից՝ 6-ը։ Ի հեճուկս մահվան ու պատերազմի՝ օրվա մեջ 12-15 երեխա էր ծնվում, որոնք ասես իրենց առաջին կանչով ազդարարում էին կյանքի շարունակության և հարատևության գաղտնիքը։ Զոյա Թորոսյանը և՜ հանրապետության գլխավոր մանկաբարձ¬գինեկոլոգն էր, և՜ ծննդատան գլխավոր բժիշկը, և՜ բաժնի վարիչը։ Այդ ընթացքում, ապահովության նկատառումներից ելնելով, ծննդատունը երեք անգամ տեղից տեղ են տեղափոխել։ Բժիշկները քուն ու դադար չունեին, աշխատում էին գիշեր¬ցերեկ, հաճախ նաև՝ առանց հերթափոխի, առանց փոխադրամիջոցների. բոլոր մեքենաները տրամադրել էին բանակին։ Հրթիռահրետակոծության տակ չընկնելու համար բժիշկները հարկադրված էին օրերով չհեռանալ հիվանդանոցից։ Իսկ երբ շրջաններից կանչեր էին լինում, իրենք էին մեքենա հայթայթում և շտապում օգնության։ Բժիշկ Թորոսյանը ստիպված էր դիմել դուստրերի օգնությանը. նա իր հետ Հադրութ տարավ և ժամանակավորապես այնտեղ թողեց նորավարտ դստերը՝ Լիլիթին։ Իսկ Գոհարը, կրծքի երեխայով, ինքն էլ հղի, ետ չէր մնում Լիլիթից և օգնում էր մորը։ Բժշկուհին ստիպված էր երբեմն իր հետ շրջան տանել թոռանը՝ Անդրանիկին, այն դեպքում, երբ ճանապարհներն, իրոք, վտանգավոր էին։ Այդքանով հանդերձ, նրանք ստիպված էին նաև բռնագաղթած երեխաների համար սնունդ ու հագուստ հայթայթել։ Ղարմետաքսկոմբինատին կից թիվ 3 մսուր¬մանկապարտեզի վարիչ Ամալյա Գրիգորյանից խնդրեցին տրամադրել սպիտակեղեն՝ փոքրիկներին բարուրելու համար։ Իսկ հետագայում Սփյուռքի օգնությամբ այդ հարցերը փոքրիշատե լուծվեցին։ Բժշկուհու աչքերի առջևից չէր հեռանում այն անծանոթ կնոջ պատկերը, որի անունն անգամ չհասցրին իմանալ։ Ծանր արհավիրքի օրեր էին... Շահումյանից բռնագաղթածները լցվել էին Ստեփանակերտի հրապարակներն ու փողոցները։ Ծննդատուն բերեցին մի երիտասարդ կնոջ, նա վշտից քարացել էր։ Պատմեցին, որ ծնողներին նրա աչքի առջև փախուստի ժամանակ թուրքերն անտառում սպանել են։ Իսկ ամուսինն ամիսներ առաջ գյուղի տղաների հետ հեռացել էր՝ պաշտպանելու շրջանը, և հայտնի չէր, թե որտեղ է զոհվել։ Ծննդաբերող կինն արցունք անգամ չուներ։ Ծնվեց երեխան, փարթամ ու առողջ արու զավակ, որին անգամ նայել չէր ուզում դժբախտ մայրը։ Երկու օր չանցած, տեղատարափ անձրևոտ մի օր, կինն աննկատ հեռացավ՝ նորածին որդուն թողնելով բախտի քմահաճույքին։ Երեխային որդեգրեցին բարի կամքի տեր մարդիկ, իսկ մոր ճակատագիրն առայսօր անհայտ է։ Զ. Թորոսյանին նվիրված ՙԿյանք, որ ասքի է նման՚ գրքում ընթերցում ենք պատառիկներ նրա հուշերից. ՙՍումգայիթի ողբերգության հաջորդ օրն էր... Ինձ մոտ գալիս են գրությամբ։ Ավտոմեքենայում բոլորը թուրքեր են, պարզ էր, որ հիվանդն էլ թրքուհի պիտի լիներ։ Եկել են խնդրելու, որ փրկենք իրենց մերձավորին, իսկ գրությունն ուղարկել էր Ա. Իսագուլովը՝ ՆԳՎ պետը։ Վերջինս գրում է, որ հիվանդին վերաբերվենք խնամքով և հնարավորին չափ զգուշություն ցուցաբերենք, որպեսզի նրա կյանքին վտանգ չսպառնա և այլն։ Նայում եմ հիվանդին և գտնում, որ անհապաղ պետք է վիրահատել։ Իմ գործընկերներն ամենատարբեր արտահայտություն ունեցող հայացքներով ինձ են զննում։ Իսկ ես մտորում եմ բարձրաձայն. ՙԸնդամենը երեկ նրանք մորթում էին մեր հայրենակիցներին, բարուրները շպրտում պատուհաններից, դե՜ արի, վիրահատիր ու փրկիր թշնամուդ կյանքը՚։ Հիպոկրատի երդումն ավելի զորեղ դուրս եկավ, ես փրկելու էի չորս երեխաների մորը և, անսալով խղճիս ձայնին, վիրահատեցի։ Հետո իմացա, որ նա տիրություն է անում նաև քրոջ որբերին, և որ քույրը մահացել է ծննդաբերելիս։ Փրկվում է այդ կնոջ կյանքը։ Երբ նրան հարցրի՝ ինչո՞ւ է այդ վիճակում հայտնվել, պատասխանեց. ՙԱմուսինս ստիպել է, որ քարեր հավաքեմ...՚։ Տեսնես ո՞ր հայի գլուխն էին ուզում ջախջախել։ ...Հաջորդ օրը մեր աղջիկները պատմում են, որ հրապարակում այն թուրքը, որի կնոջը բժիշկ Թորոսյանը վիրահատել ու փրկել է, ժողովրդի մեջ կանգնած, ՙՀայաստան՚ էր վանկարկում... Տղամարդը, որ ադրբեջանաբնակ Քյոսալար գյուղից էր, իր վարքագիծը բացատրում էր հետևյալ կերպ. ՙԱյո, ես ուզում եմ միանալ Հայաստանին... Կնոջս ծանր վիճակում տարել եմ Աղդամ, չեն օգնել, ասել են՝ դուք հիվանդանոց ունեք, տարեք այնտեղ, հետո էլ ասացին, թե մենք մեռելներ չենք ընդունում՚։ Նրա ընտանեկան արխիվում պահպանվող՝ սփյուռքահայ ՙԱսպարեզ՚ թերթի 1993թ. դեկտեմբերյան համարներից մեկում ընթերցում ենք Մանուկ Մնացականյանի ՙԾնունդ՚ հոդվածը, որն առավել քան ասք ու նովել է հիշեցնում... Շուրթերդ բառեր չեն գտնում՝ գովաբանելու բժշկուհուն, ու ակամայից ուզում ես խոնարհվել նրա սխրանքի առջև... Դա միայն մի դեպք էր, իսկ ինչքա՛ն զրկանքներ են կրել նրանք, բազում անքուն գիշերներ անցկացրել ծննդատանը և քանի՛ մանկան կյանք պարգևել, երբ չորսբոլորը մահ ու ավեր էր։ Չի եղել դեպք, որ բժշկուհին չարձագանքեր կանչերին, նա ծննդատուն էր շտապում անգամ հրետակոծության ժամանակ. ստիպված էր դա անել, դա խղճի ու պարտքի թելադրանք էր, և յուրաքանչյուր նոր ծնվող երեխայի հետ ուրախանում էր ու, ձեռքերի վրա վերցնելով՝ մաղթում, որ նորածինը երջանիկ լինի ու խաղաղության ավետաբեր դառնա։ Հաճախ ստիպված էին ծննդաբերությունից հետո նորածնին մոր հետ տուն ուղարկել, չնայած տանն էլ ապահով չէր։ Մի օր նորածնին տուն ուղարկելուց, հերթական լուրերի թողարկման ժամանակ տեղեկացան, որ երեխայի մայրն ու տատիկը հրետակոծության զոհ են դարձել, իսկ հայրը մարտադաշտում էր։ Բժիշկ Թորոսյանի գլխավորած բուժանձնակազմն արել է ամեն հնարավորը, հաճախ նաև անհնարինը մոր ու մանկան առողջության համար... Նրանք բոլոր այդ զրկանքները կրել են հանուն զինվորի, հանուն ազատամարտիկների, որպեսզի վստահ լինեն, որ իրենց թիկունքը պինդ է, որ իրենց կանայք ու զավակները հուսալիորեն պաշտպանված են։ Երկու ճակատում էլ՝ թե՜ առաջնագծում և թե՜ թիկունքում, պայքարն ընթացել է ի սեր անկախության, ի սեր կյանքի ու հարատևության... Պայքարի այդ բովում թրծվել ու իր կենսագրության նորահայտ էջերն է կերտել Զոյա Թորոսյանը, ում ապրած բովանդակ տարիները ապրողներիս հուշում են պատգամն այս. ՙԻնձ բացակա չդնեք...՚, քանզի իր կենսագրությամբ նա միշտ ներկա է իր ժողովրդի կենսագրության մեջ։