comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՅՈՒՏ ԽԱՉԻ ՏՈՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՅՈՒՏ ԽԱՉԻ ՏՈՆԸ

Ամեն մի քրիստոնյայի համար սուրբ և նվիրական է Ս. Խաչը՝ որպես մահվանը հաղթելու զենք և Երկնային արքայության բանալի։

Խաչը, որը ժամանակի երկրային ամենահզոր տերութան՝ Հռոմեական կայսրության մեջ ամենաանարգ մահապատժի գործիքն էր, ընտրվեց Երկնային արքայության Տիրակալի կողմից՝ իբրև հարության, փրկության ու հավիտենական կյանքի խորհրդանիշ։ Խաչի նշանով է դրոշմվում նոր ծնված ու մկրտվող երեխան, խաչն է հովանի լինում նորապսակներին, խաչակնքումով է վավերացվում Տիրոջ կենդանի ներկայությունը, խաչի նշանի ներքո է գերեզման մտնում քրիստոնյան՝ հարության ու փրկության հույսով։ Ս. Խաչի նկատմամբ ունեցած սիրո մեծագույն ապացույցը, թերևս, նրան նվիրված տոներն են։ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Խաչին նվիրված չորս տոն ունի. Երեւումն Ս. Խաչի, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչ և Գյուտ Խաչի։ Այս չորս տոներից վերջինը՝ Գյուտ Խաչի կամ Խաչի գտնվելու տոնը մեր Եկեղեցին այս տարի նշում է հոկտեմբերի 25-ին։ Տոնը շարժական է և միշտ նշվում է Խաչվերացին հաջորդող 7-րդ կիրակի օրը։ Այս տոնի պատմական հիմքը Սրբազան ավանդության միջոցով մեզ հասած մի գեղեցիկ պատմություն է։ Քրիստոսի համբարձումից հետո նրա Խաչափայտը մնաց Գողգոթայի բարձունքում ընկած՝ բոլորից լքված ու անուշադիր։ Գարնանը, երբ երեխաները խաղում էին խոտերի մեջ ու ծաղիկներ հավաքում, ի ծնե կաղ մի երեխա, պատահաբար դիպչելով Խաչափայտին, բժշկվում է։ Այս դեպքից հետո բազում հիվանդներ սկսում են բժշկվել Ս. Խաչի միջոցով։ Հրեաները, ցանկանալով կանխել Խաչափայտի հրաշագործ զորության` հետզհետե տարածվող համբավը, այն դնում են Քրիստոսի գերեզմանում և հողով ծածկում, իսկ քարայրի վրա կանգնեցնում են Աֆրոդիտեի արձանը, որպեսզի Ս. Խաչից բխող հրաշքները վերագրվեն կուռքին: Այդ օրերին տերունական վայրերին երկրպագելու համար իր զավակների հետ Հռոմից Երուսաղեմ է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե կայսրուհին, որը Պետրոս առաքյալի միջոցով դարձի էր եկել ու մկրտվել։ Հակոբոս Տյառնեղբոր միջոցով տեղեկանալով Խաչափայտի մասին՝ նա հրամայում է բացել գերեզմանն ու հանել Խաչը։ Սակայն գերեզմանը բացելուց հետո նրանք մնում են անորոշության մեջ, քանի որ Տիրոջ Խաչափայտի հետ գերեզմանում էին գտնվում նաև երկու ավազակների խաչերը։ Մինչ նրանք փորձում են կողմնորոշվել, հանկարծամահ է լինում կայսրուհու դստրերց մեկը։ Մահացած աղջկան դնում են խաչերից մեկի վրա ու աղոթում, սակայն փոփոխություն չի կատարվում։ Դնում են երկրորդ խաչի վրա ու դարձյալ աղոթում. աղջիկն սկսում է կենդանության նշաններ ցույց տալ, և այսպիսով իմանում են, որ դա աջակողմյան ավազակի խաչն է։ Երրորդ խաչի վրա դնելիս նույնիսկ չեն հասցնում աղոթել, քանի որ խաչափայտին հպվելուն պես արքայադուստրը հարություն է առնում։ Այսպիսով ճանաչում են Քրիստոսի Խաչափայտը, որից մի մասունք վերցնելով՝ կայսրուհին վերադառնում է Հռոմ (հետագայում այդ մասունքը Ս. Հռիփսիմեի միջոցով հասնում է Հայաստան և թաքցվում Վարագա լեռան վրա), իսկ Ս. Խաչը դրվում է տաճարում։ Սակայն Կլավդիոսի ու Պատրոնիկեի մահվանից հետո հրեաները սպանում են Հակոբոս Տյառնեղբորը, Ս. Խաչափայտը մյուս երկու խաչերի հետ նետում Գողգոթա, և այդ վայրը մոռացության մատնելու համար վերածում աղբանոցի։ Շուրջ երեք հարյուր տարի Ս. Խաչը մնում է Գողգոթայի վրա՝ թաղված աղբի ու մոռացության մեջ։ Կոստանդիանոս Մեծ կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին, տեսիլքով հրաման է ստանում Աստծուց` գնալ Երուսաղեմ, գտնել Ս. Խաչը և տերունական վայրերում տաճարներ կառուցել։ 327թ. թագուհին մեծ շքախմբով գալիս է Երուսաղեմ և Հուդա անունով մի հրեայից տեղեկանում, որ Խաչափայտը թաղված է Գողգոթայում։ Թագուհու հրամանով բլուրը մաքրում են և գտնում երեք խաչերը՝ պատված անուշաբույր ռեհանով, որով նրանք զերծ էին մնացել աղբից, հողից ու փտումից։ Տերունական Խաչափայտն անմիջապես ճանաչվում է, քանի որ նրան հպվելով` նախ բժշկվում է մի կին, ապա հարություն է առնում մի պատանի՝ Երուսաղեմի Մակարիոս պատրիարքի որդին։ Գողգոթայի վրա կառուցվեց Ս. Հարության տաճարը, իսկ Խաչափայտը բարձրացվեց այնտեղ՝ ի ցույց ողջ քրիստոնյա աշխարհի և ի նշանավորումն այն իրողության, որ երեք հարյուրամյա անհայտությունից հետո վերջապես գտնվել ու քրիստոնյա աշխարհին է վերադարձվել նրա մեծագույն սրբություններից մեկը։ Ահա այս սրբազան իրողության հիշատակն է, որ ամեն տարի մեծ շուքով տոնակատարում է մեր Ս. Եկեղեցին։ Եվ այս տոնը պատգամ և առիթ է յուրաքանչյուր քրիստոնյայի՝ իր հոգում գտնելու բազում մեղքերի տակ թաղված Խաչը, ապավինելու նրա զորությանը և քայլելով Խաչյալի ճանապարհով՝ արժանանի դառնալու Երկնային արքայության պսակին։ 

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն