comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաներն ամեն տարի լուրջ հաջողություններ են արձանագրում։

2014-2015 ուստարում մարզադպրոցում գործում են բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, սպորտային պարերի, զբոսաշրջության, հանդբոլի, բռնցքամարտի, կարատե կիոկուշինի, թայ քիք-բոքսինգի, սանդա-ուշուի խմբեր։ Պարապմունքներին ընդգրկված են շուրջ 600 մարզիկներ. բասկետբոլի բաժնում մարզվում է 147 հոգի (13 խումբ), վոլեյբոլի՝ 87 մարզիկ (7 խումբ), հանդբոլի՝ 69 (5 խումբ), սպորտային պարերի՝ 57 (4 խումբ), սեղանի թենիսի՝ 38 (4 խումբ), զբոսաշրջության՝ 60 (4 խումբ), բռնցքամարտի՝ 30 (3 խումբ), կարատե կիոկուշինի՝ 12 (1 խումբ), թայ քիք-բոքսինգի՝ 48 (4 խումբ) և այս տարվա սեպտեմբերի 1-ից նոր ձևավորված սանդա-ուշուի բաժնում՝ 40 հոգի (3 խումբ)։ Այս խմբերի սաներն առաջնորդվելով մարզադպրոցի կողմից հայտարարված ՙորակի տարի՚ կարգախոսով՝ շարունակում են ջանասիրաբար պարապել՝ ցուցաբերելով բարձր արդյունքներ, դրանով իսկ Արցախի Հանրապետությունը ճանաչելի դարձնելով աշխարհին։Մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանը գոհ է իր սաների այս տարվա արդյունքներից։ Ընդհանուր առմամբ, մարզադպրոցն իր առջև խնդիր է դրել հավաքական թիմերի համախմբման, մարզադպրոցում գործող մարզաձևերի մասսայականացման համար։ Դպրոցի տնօրինությունն ուշադրություն է դարձնում նաև սաների բուժզննման գործին, և, համաձայն հաստատված ժամանակացույցի, մարզիկները պարբերաբար պարտադիր բուժստուգում են անցնում։ Է. Հովհաննիսյանի խոսքով՝ մարզիկներն ակտիվորեն մասնակցել և շարունակում են պայքարել ներքաղաքային, շրջանային, հանրապետական, ՀՀ, Եվրոպայի և ընդհանրապես, միջազգային մրցաշարերում։ Արդյունքները տարեցտարի բարելավվում են։ Այսպես, 2014թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում տարբեր քաշային կարգերում մրցանակային 1-ին տեղ զբաղեցրին Դավիթ Ղալայանը և Վիտալի Միքայելյանը (մարզիչ՝ Նարեկ Աբրահամյան)։ Նույն տարվա հոկտեմբերին Երևանում թայ քիք-բոքսինգի ՀՀ պրոֆեսիոնալ Մուայ Թայի առաջնությունում տարբեր քաշային կարգերում 1-ին տեղ զբաղեցրին Էրիկ Չիլինգարյանը, Արայիկ Ավանեսյանը, Տիգրան Ավետիսյանը, Տիգրան Սարգսյանը և Լևոն Գրիգորյանը, իսկ մեծահասակների առաջնությունում՝ Դավիթ Խաչատրյանը,Դավիթ Հայրապետյանը, Անտոնիո Քոչարյանը, Արշակ Գրիգորյանը, Ալեքսան Աղաբալյանը, Նաիրի Ավետիսյանը։ Բացի 1-ին տեղից, նշված մարզաձևի սաներն զբաղեցրել են նաև 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան)։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում կայացած բասկետբոլի, կարատե կիոկուշինի, սեղանի թենիսի մրցաշարերում մարզադպրոցի մարզիկներն զբաղեցրել են տարբեր մրցանակային տեղեր։ Սպորտային այս օջախի համար համար մեծ ձեռքբերում էին 2014թ. նոյեմբերի 20-23-ը Վիլնյուսում կայացած՝ թայ քիք-բոքսինգի միջազգային առաջնությունում Դավիթ Հայրապետյանի (66կգ քաշային կարգ) նվաճած ոսկե մեդալն ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մարզիչ՝ Գարեգին Աղաբալյան)։ Առաջընթացը շարունակվեց 2015-ին, երբ մարտի 7-18-ը Թայլանդում կայացած Մուայ Թայի առաջնությունում Դավիթ Հայրապետյանը 71կգ քաշային կարգում գրավեց 1-ին տեղը և դարձավ աշխարհի չեմպիոն։ Սա ոչ միայն մարզադպրոցի, այլև մեր հանրապետության մարզական ոլորտի լավագույն ձեռքբերումներից է։ Ընդհանուր առմամբ՝ թայ քիք-բոքսինգի սաները՝ մարզիչ Գարեգին և Ալեքսան Աղաբալյանների գլխավորությամբ, արձանագրել են բավականին լավ արդյունքներ, հանդես եկել տարբեր մրցաշարերում ու նվաճել բարձր ցուցանիշներ։ 2015թ. մարտի 17-19-ը Երևանում կայացած Մուայ Թայի միջազգային առաջնությունում արցախցիներ Անտոնիո Քոչարյանը, Էդվին Վարդանյանը, Դավիթ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Նաիրի Ավետիսյանը, Վասակ Բարսեղյանը, Ռազմիկ Գրիգորյանը տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են 1-ին տեղ, իսկ շուրջ 10 հոգի՝ 2-րդ և 3-րդ տեղերը։ Դավիթ Հայրապետյանին շնորհվել է լավագույն մարզիկի, Գարեգին Աղաբալյանին՝ լավագույն մարզիչի վկայական։ Այս տարի մարզադպրոցի բասկետբոլի խմբի սաները ՀՀ Արթիկ քաղաքում Հ. Ասոյանի հիշատակին նվիրված՝ 2001-2002թթ. ծնված պատանիների բասկետբոլի հուշամրցաշարում մարզադպրոցի պատանիների հավաքական թիմը գրավեց 1-ին մրցանակային տեղը (մարզիչ՝ Գևորգ Շահնազարյան), իսկ աղջիկների թիմը (մարզիչ՝ Անդրեյ Սարումյան)՝ 3-րդ տեղը։ 2015թ. մարտի 21-ին Հունաստանի Սալոնիկի քաղաքում կայացած կարատե կիոկուշինի աշխարհի առաջնությունում Մարինե Բարսեղյանը 58կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը։ Մարզադպրոցի տնօրենն առանձնացրեց սպորտային պարերի խմբի արդյունքները. մարզիչ Մարինա Վարունցի ղեկավարությամբ սաները մասնակցել են հայաստանյան սպորտային պարերի բաց առաջնություններին և զբաղեցրել մրցանակային տեղեր։ Իսկ 2015թ. հուլիսի 11-12-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած սպորտային պարերի միջազգային մրցաշարի սոլո կարգում Անիտա Ավետիսյանը, Գալինա Գևորգյանը և Մերի Ջամալյանը գրավել են 2-րդ, իսկ Լուսինե Առաքելյանը՝ 3-րդ տեղը։ Նույն մրցաշարում զույգերի միջև մրցապայքարում Մարատ Ղահրամանյանը և Մերի Ջամալյանն զբաղեցրել են 3-րդ տեղը, իսկ երկու զույգ՝ 5-րդ տեղը։ Օգոստոսին կայացած Համահայկական խաղերում սպորտային պարերի զույգերի միջև մրցաշարում Մարատ Ղահրամանյանը և Էլեն Աբրահամյանն զբաղեցրել են 3-րդ տեղը։ Է. Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ այս բաժնի սաները կշարունակեն մասնակցել սպորտային պարերի գծով տարբեր մրցաշարերի, քանի որ դրանք կդառնան օլիմպիական մարզաձև։ Մարզադպրոցի վերջին նվաճումը հոկտեմբերի 2-5-ը Վիլնյուսում կայացած՝ աշխարհի K-1 մարզաձևի առաջնությունում արցախցի երկու մարզիկների արծաթե մեդալներն են։ Է. Հովհաննիսյանը վստահ է, որ մարզադպրոցն, իր առջև դնելով ֆիզիկական կուլտուրայի միջոցով մարզիկների առողջության պահպանման ու ամրապնդման, ռազմահայրենասիրական դաստիարակության և ֆիզիկական պատրաստվածության խնդիրների լուծման նպատակ՝ կշարունակի արձանագրել բարձր արդյունքներ։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ