comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Բակո ՍԱՀԱԿՅԱՆ. ՙԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
[ARM]     [RUS]     [ENG]

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ. ՙԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳԼԽԱՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

 

 

 

1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը, այդուհանդերձ, հակամարտությունը մինչ օրս չի հանդարտվել։

Չնայած այն բանին, որ ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու կրակոցները սովորական երևույթ են դարձել, տարածաշրջանի քաղաքներում և այլ բնակավայրերում կյանքը եռում է։ Ու թեև նրա անկախությունն աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել, իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչող տարածաշրջանն ունի իր նախագահը, կառավարությունը, նախարարությունները։ Արդեն երկրորդ անգամ նախագահի պաշտոնն զբաղեցնում է Բակո Սահակյանը։ Բ. Սահակյանի հետ մեր հանդիպումն անցավ նրա ընդարձակ, փայտից հարդարված, բայց անչափ համեստ աշխատասենյակում։ Թեև ողջույնի խոսքերը ռուսերեն հնչեցին, ավելի ուշ նախագահը ցանկություն հայտնեց, որ հարցազրույցն անցնի հայերեն՝ թարգմանչի միջոցով։ ՙՄիայն մայրենի լեզվով եմ կարողանում իմ մտքերն արտահայտել այնպես, ինչպես ուզում եմ՚,- ասաց նա։

- Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն, ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Դուք շատ եք ճամփորդում արտասահմանյան երկրներով, ինչպե՞ս են Ձեզ ընդունում այլ երկրների ղեկավարները։

- Այո, այն փաստը, որ մեր պետությունը ճանաչված չէ, իրավիճակին որոշակի բացառիկություն է հաղորդում և այն դեպքերում, երբ մեր պատվիրակությունները լինում են արտասահմանյան երկրներում ու հանդիպումներ ունենում նրանց ղեկավարների կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Արտասահմանում մենք հանդիպումներ ենք ունենում խորհրդարանների անդամների և ոչ պետական սեկտորի ներկայացուցիչների, վերլուծաբանների ու գիտնականների հետ։ Ձգտում ենք հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ, և այյս գործընթացն ակտիվորեն զարգանում է։ Բազմաթիվ երկրների հետ արդեն կապեր ենք հաստատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդկային ռեսուրսները, տնտեսությունը, լուսավորությունը կամ սպորտը, բայց դեռևս հնարավորություն չունենք ուղղակիորեն հանդիպելու այդ երկրների ղեկավարների հետ։ Անում ենք հնարավորը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն։

- Ի՞նչ երկրների հետ եք ակտիվ կապեր պահպանում։

- Մեր կապերը հատկապես աշխույժ են Ֆրանսիայի հետ։ Այդ երկրի հետ մենք շատ համաձայնություններ ունենք։ Որոշ քաղաքներ իրենց դիրքորոշումն են հայտնել հենց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման առնչությամբ։ Մենք նաև ակտիվորեն զարգացնում ենք առանձին քաղաքների միջև բարեկամությունը, կատարվում է մշակութային տարաբնույթ փոխանակում։Գերմանիայի և Ֆրանսիայի խորհրդարաններում աշխատում են խմբեր, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հետ կապեր պաշտպանելու հարցում։ Այս գործընկերները մեծ դերակատարում ունեն այլ երկրների հետ կապեր զարգացնելիս։

- Դուք ասացիք, որ այլ երկրների նախագահների հետ պաշտոնական հանդիպումներ չեն լինում։ Միգուցե Դուք կարողանում եք այդ երկրների ղեկավարների հետ կապեր հաստատել ոչ պաշտոնակա՞ն մակարդակով։

- Իրոք, մենք շատ ենք ձգտում կապեր հաստատել այլ պետությունների ու նրանց ղեկավարների հետ, բայց երբեմն դրվար է հասկանալ միջազգային հանրությանը, որն, ասես, խուսափում է մեզ հետ ցանկացած կապեր ունենալուց։ Արցախի Հանրապետությունը ներկայումս իր կայացման փուլում է և ձգտում է հետևել միջազգային իրավունքի նորմերին ու այլ կանոնների: Մենք իսկապես չենք հասկանում՝ ինչու ուրիշ երկրներ չեն ցանկանում միջազգային հարաբերություններ զարգացնել մեզ հետ, չէ՞ որ ՙճանաչված՚ կամ ՙչճանաչված՚ կարգավիճակը չպետք է խոչընդոտ դառնա հասարակությունների միջև ոչ քաղաքական մակարդակով կապեր զարգացնելու համար։ Մեր երկիրը վաստակել է ինչպես միջազգային հանրակցության հետ շփումներ ունենալու, այնպես էլ նրանում ընդգրկված լինելու իրավունքը։

- Ամեն օր հաղորդագրություններ են լինում հրաձգությունների և զոհերի մասին։ Ինչպե՞ս կբնութագրեիք այսօրվա իրավիճակն Ադրբեջանի հետ շփման գծում։

- 1994թ. կնքվեց հրադադարի մասին համաձայնագիրը, որն ստորագրել են Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը։ Մենք հետևում ենք համաձայնագրով նախատեսված պայմաններին, քանի որ խաղաղությունը մեզ համար գլխավոր արժեքներից ու նպատակներից մեկն է։ Մենք չենք ուզում, որ անցյալի առանձին դրվագներ կրկնվեն, ուստի ձգտում ենք հնարավորինս կայուն վիճակ պահպանել։ Բայց մյուս կողմը շարունակ խախտում է հրադադարի մասին համաձայնագրով նախատեսված կետերը, գրեթե անընդմեջ մեր դեմ կիրառվում է ծանր սպառազինություն։ Մեծ տարբերություն կա 2-3 տարի առաջ և այսօր տեղի ունեցող իրադարձությունների միջև։ Ադրբեջանը խախտում է ոչ միայն կրակի դադարեցման ռեժիմի մասին ստորագրված համաձայնագիրը, այլև միջազգային նորմերն ու սկզբունքները: Այդ երկիրը պատասխանատվություն է կրում կատարվածի համար, քանի որ վարում է ագրեսիվ քաղաքականություն, և միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այդ իրավիճակին:

- Ինչպե՞ս կգնահատեիք միջազգային հանրության ներկա դիրքորոշումն այս հակամարտության հարցում։ Ձեզ հիասթափեցնո՞ւմ է նրա պասիվ արձագանքը։

- Չի կարելի ասել, թե հիասթափված ենք, քանի որ տեսնում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված միջազգային հանրակցության ջանքերը։ Այն, որ խաղաղությունն ու կայունությունը, թեկուզ մասամբ, հնարավոր են դարձել, հենց միջազգային հանրակցության ջանքերի արդյունք է։ Մենք նաև առաջարկել ենք խաղաղարար գործընթացը լրացնել այնպիսի կետերով, ինչպիսիք են շփման գծից դիպուկահարների հեռացումը կամ տոնական օրերին կրակի լրիվ դադարեցումը, բայց բոլոր այս առաջարկներն ադրբեջանական կողմը մերժել է։ Միակ բանը, որ կուզենայինք, այն է, որ միջազգային հանրությունը խոսեր և արձագանքեր առավել կոնկրետ։ Միայն այն ժամանակ, երբ խոսքերն ուղղված լինեն ճիշտ հասցեատիրոջը, տվյալ դեպքում՝ խաղաղարար գործընթացի խախտման համար պատասխանատու կողմին, իրավիճակը կփոխվի։

- Ինչպիսի՞ն է հակամարտության լուծման հեռանկարների Ձեր տեսլականը։

- Մենք դրական սպասումներ ունենք, քանի որ առանց դրա հակամարտության պայմաններում կարելի չէր դիմակայել։ Թեև Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ ձգտում է մեզ անհուսության մատնել, մենք հույս ունենք, որ այդ երկիրը կփոխի իր մոտեցումներն ու դիրքորոշումը, որ քաղաքական ասպարեզ կգան նոր գործիչներ, ովքեր այլ կերպ կմոտենան իրավիճակին։ Ի վերջո, Ադրբեջանի ժողովուրդը նույնպես պետք է հակամարտությունը խաղաղ, քաղաքակիրթ ճանապարհով լուծելու ցանկություն ունենա։ Հուսանք, կգա այն օրը, երբ մենք կկարողանանք քաղաքակիրթ երկխոսության և քննարկումների սեղանի շուրջ նստել։

- Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ բարգավաճող և ընդլայնվող քաղաք։ Ինչպե՞ս եք տեսնում նրա ապագան մոտակա 10 տարիներին։

- Հանրապետությունն ու մայրաքաղաքը զարգանում են բավականին արագ տեմպերով։ Եթե այստեղ վերադառնաք մեկ տարի հետո, ակնհայտ տարբերություն կտեսնեք։ Մենք ձգտում ենք, որ այստեղ պայմաններն առավելագույնս բարվոք լինեն ոչ միայն տեղի բնակչության համար, որպեսզի օտարերկրյա հյուրերն էլ այստեղ լավ զգան իրենց։ Մենք շատ ենք շահագրգռված հանրապետության զարգացման հարցում և հավատում ենք, որ մեր ու մեր երեխաների ապագան պայծառ կլինի։

- Անձամբ Ձեզ համար ի՞նչ էր նշանակում երկրորդ անգամ վերընտրվելը։

- Դա նույն պատասխանատվությունն էր, ինչ՝ առաջին անգամ ընտրություններում հաղթելու ժամանակ։ Սա որոշակի առաքելություն է, որը պետք է հնարավորինս լավ իրականացնել։ Նախագահության առաջին ժամկետի ընթացքում ես փորձ ձեռք բերեցի, որն այժմ ուղեկցում է ինձ աշխատանքում ու շատ է օգնում խնդիրների առավել արդյունավետ լուծման հասնելու հարցում։

- Ինչպ՞ս արձագանքեց Ձեր ընտանիքը, երբ իմացավ, որ հաջորդ հինգ տարիներին էլ այդ պաշտոնում կլինեք։

- Նորությունն այդ երկակի զգացմունքներ հարուցեց։ Մի կողմից, ընտանիքս ուզում էր տեսնել ինձ մեկ այլ գործի մեջ, որ կնոջս ու երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն, ավելի քիչ սթրեսներ ունենամ և ստիպված չլինեմ բազմաթիվ խնդիրներ լուծել։ Մյուս կողմից, նրանք քաջ գիտակցում են՝ ինչ մարտահրավերների հետ է առերեսվում մեր երկիրը, և սատարում են այդ որոշումը։

- Որո՞նք են Ձեր պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցած առավել ակնհայտ փոփոխությունները, և ի՞նչ նոր մարտահրավերների հետ եք բախվում։

- Փոփոխություններն, իրոք, մեծ են, և դրանք նկատելի են շատ ոլորտներում։ Ամենամեծ խնդիրներն ու մարտահրավերները կապված են անվտանգության հետ։ Ադրբեջանն անդադար խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը, դրությունը գնալով ավելի վտանգավոր է դառնում, ավելի ծանր սպառազինություն է կիրառվում։ Սա, անկասկած, ազդում է իրավիճակի վրա ու լուրջ մտահոգություն հարուցում։

- Լեռնային Ղարաբաղում շատ անգամ եմ լսել, որ մարդիկ կարող են նախագահին մոտենալ հենց փողոցում և զրուցել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ։ Ճի՞շտ է սա։

- Դա ինչ-որ անսովոր մի բան չէ, մարդկանց հետ հանդիպելու և շփվելու շատ հաջող միջոց է։ Նման հանդիպումներն օգնում են ավելի հստակ պատկերացում կազմել, թե ինչպես են աշխատում մեր պետական մարմինները, ինչ խնդիրների հետ են առնչվում մարդիկ։ Նման զրույցները մեծ խթան են հնարավորինս լավ աշխատելու համար։ 

՚ Ինդրե ՎԱՅՆԱԼԱՎԻՉՅՈՒՏԵ Հատուկ lrytas.lt-ի համար՝ Լեռնային Ղարաբաղից