[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԵՄԱ

Առողջապահության ոլորտում վերջին տարիներին եվրոպական տարբեր գիտաժողովների և այլ միջոցառումների՝ հանրապետության տարբեր բուժմիավորումների մասնագետների մասնակցության առումով ակտիվություն է նկատվում:

ԼՂՀ ԱՆ ՙՈւռուցքաբանական դիսպանսեր՚ ՓԲԸ¬ի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանը վերջերս մասնակցել է նման միջոցառումների, ինչն էլ առիթ է դարձել զրուցելու նրա հետ: Ա. Հայրիյանի տեղեկատվությամբ` եվրոպական առաջատար մասնագետների մասնակցությամբ ուռուցքաբանական խնդիրներին նվիրված գիտաժողովներ տարվա ընթացքում կազմակերպվել էին նաև Երևանում, որոնց մասնակցել են նաև արցախյան մասնագետները: Իսկ Լատվիայի Յուրմալա քաղաքում կազմակերպված` ՙՔաղցկեղային որոշ հիվանդությունների բուժման հայեցակետերը՚ թեմայով գիտաժողովին մասնակցում էին ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ եվրոպական և ամերիկյան բուժհաստատությունների ներկայացուցիչներ: Ուռուցքաբանները քննարկել են չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժման ժամանակակից մեթոդները: Առանձնակի ուշադրության է արժանացել Լատվիայում դեռևս խորհրդային տարիներին արտադրվող և վերջերս կրկին դեղարդյունաբերության մեջ ընդգրկված ՙֆտորաֆուր՚ դեղամիջոցը: Հաջորդ` ավելի մեծ միջոցառումը, որը կազմակերպվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, Եվրոպական ուռուցքաբանների միության 18-րդ համաժողովն էր: Ա. Հայրիյանի խոսքով` ամենամյա համաժողովը համարվում է ավանդական եվրոպական միջոցառում, սակայն մասնակիցները ներկայացնում են աշխարհի գրեթե բոլոր պետությունները: Այս տարի գրանցվել էր մոտ 30 հազար մասնակից: Հինգ օր տևած համաժողովի աշխատանքները զուգահեռաբար տարվել են տարբեր կոնֆերենց-դահլիճներում, որոնց ընթացքում ուռուցքաբանության տարբեր ճյուղերի առաջատար մասնագետները ներկայացրել են ոլորտի արդիական խնդիրներն ու քաղցկեղային հիվանդությունների բուժման նորագույն մեթոդների մասին զեկույցներ: Հագեցած ծրագիրը, աշխարհի լավագույն ուռուցքաբանների հետ շփվելու հնարավորությունն ու մտահոգող խնդիրների քննարկումները խիստ արդյունավետ են գնահատվել բոլոր մասնակիցների կողմից: Ա. Հայրիյանի տեղեկատվությամբ՝ միջոցառման ընթացքում հնչած հետազոտությունների և ելույթների հիման վրա կազմվել են ուռուցքաբանության ուղեցույցներ, որոնք արդեն թարգմանվել են հայերեն և տեղադրվել համացանցում` հնարավորություն ընձեռելով մեր բոլոր մասնագետներին ուսումնասիրել չարորակ նորագոյացությունների բուժման նոր մեթոդներն ու համաշխարհային առաջատար փորձը: Ուռուցքաբանի խոսքով, մասնակիցների համար ամենաօգտակարն ու ուսանելին ուռուցքաբանության հետազոտման ժամանակակից մեթոդների օգտագործման մասին հանգամանալից տեղեկատվությունն էր: Մեթոդներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել ուռուցքներն իրենց զարգացման սկզբնական փուլում։ Գաղտնիք չէ,։որ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը հետագա արդյունավետ բուժումն ապահովելու հիմնական գրավականն է: Գաղտնիք չէ նաև, որ, ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ չարորակ ուռուցքները հայտնաբերվում են հիմնականում նախաքաղցկեղային փուլում, մեզ մոտ ուռուցքն առաջին անգամ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում, ինչը պայմանավորված է հիմնականում հիվանդների դիմելիության ցածր մակարդակով: Համաժողովի ընթացքում նորություններ են հնչել նաև նոր սինթեզվող հակաքաղցկեղային դեղամիջոցների մասին, որոնք արդեն փորձարկումների փուլը հաղթահարել ու դեղարդյունաբերության մեջ են ներառվել: ժամանակակից բժշկությունն արագ տեմպերով է զարգանում, և ուռուցքաբանության ասպարեզում այսօր նոր մոտեցումների, նոր դեղամիջոցների ներմուծումը բավականին արագ է տեղի ունենում: Նկատի ունենալով այս իրողությունը՝ Ա. Հայրիյանը ուռուցքաբանութան ոլորտում համաշխարհային փորձին համընթաց շարժվելու տեսանկյունից խիստ պահանջված ու արդյունավետ է համարում հայ ուռուցքաբանների և քիմիոթերապևտների մասնակցությունը ուռուցքաբանության բնագավառի համաշխարհային առաջատար գիտաժողովներին ու սեմինարներին։ Ուռուցքաբանը նկատեց, որ մեծ արժեք ունեն հատկապես նոր հետազոտությունների ու ձեռքբերումների մասին տեղեկատվությունն ու հնարավորության դեպքում Արցախում դրանք ներդնելու փորձը: Խոսելով մեր հանրապետությունում չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման ու դրա արդյունքների մասին, Ա. Հայրիյանն ասաց, որ վերջին տարիներին մարդիկ ավելի հետևողական և ուշադիր են իրենց առողջության նկատմամբ, ինչին նպաստել են նաև բուժհաստատության կողմից կազմակերպվող բաց դռների օրերն ու այլ միջոցառումներ: Չարորակ ուռուցքները ոչ մի հատուկ ախտանշան չունեն, այդ պատճառով էլ պետք է պարբերաբար ստուգվել, հետազոտվել՝ ևս մեկ անգամ հիշեցրեց նա, հավելելով, որ ուռուցքաբանն իր կողմից իրականացվող բուժումների արդյունքից գոհ է լինում միայն այն դեպքում, երբ հիվանդը չի ունենում դատապարտվածի հոգեվիճակ: ՙԱյսօր եվրոպական երկրներում գաղտնի ընթացք ունեցող որոշ հիվանդությունների հայտնաբերման նպատակով բնակչության առողջ հատվածի հետազոտությունները որոշակի տարիքային խմբերում պարբերական և զանգվածային բնույթ են կրում,-ասաց բուժհաստատության ղեկավարը:- Մեզ մոտ ևս կազմակերպվել են մի շարք տեղակայումների չարորակ ուռուցքների վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրեր` արգանդի վզիկի և կրծքագեղձի, ինչպես նաև թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով: Այդուհանդերձ, արդյունքը մեզ չի գոհացնում, մեր բնակչությունը սովորություն ունի ուռուցքաբանի դիմել բժշկական մեծ թվով կաբինետներով անցնելուց հետո միայն՚: Ուռուցքաբանը խորհուրդ է տալիս տարվա մեջ գոնե մեկ անգամ հետազոտվել, ինչով կնպաստենք չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերման գործին: Հիվանդության բուժման և քաղցկեղով հիվանդների ապրելունակության ցուցանիշների բարելավման գործում Ա. Հայրիյանը կարևորում է նաև առողջապահության առաջնային օղակում աշխատող բժիշկների դերը, քանի որ ինքնազգացողության հետ խնդիրներ ունեցողն առաջինը նրանց է դիմում, և շատ բան կախված է վերջիններիս զգոնությունից ու նշանակած հետազոտությունների ցանկից: Այդ ուղղությամբ հաջողության հասնելու նպատակով ամեն տարի ուռուցքաբանական կենտրոնի կողմից հանրապետության բոլոր շրջաններում և մայրաքաղաքում պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման ու բուժման նոր մեթոդներն ու նորացված ուղեցույցները: ՙՄենք հույս ունենք, որ իրականացվող աշխատանքների արդյունքում տարեցտարի կբարձրանա մեր բնակչության զգոնությունը, միաժամանակ կնվազի բարձիթողի դեպքերի թիվը՚,- ասաց նա: Ընթացքի մեջ է նոր ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունը, որը կունենա ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի եւ մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRT) կաբինետներ, վիրահատարաններ եւ ինտենսիվ թերապիայի սենյակներ: Ա. Հայրիյանի տեղեկատվությամբ, շինարարության ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ գալիք տարում բուժանձնակազմը կաշխատի նոր շենքում:

 

Նունե Հայրապետյան