[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԻՆՆԱՄՍՅԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեցին համակարգի ընթացիկ տարվա ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Խորհրդակցությունը, որին ներկա էին կենտրոնական ապարատի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության, քրեակատարողական և պետական պահպանության վարչությունների ղեկավարները, վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ համակարգի ղեկավարն ընդհանրական գնահատական չտվեց ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեությանն՝ այն թողնելով տարվա արդյունքների ամփոփմանը։ Այդուհանդերձ, Կ. Աղաջանյանն իր դժգոհությունը հայտնեց ծառայության մի քանի ստորաբաժանումներում առկա թերությունների վերաբերյալ։ Հրապարակելով և հանգամանալից վերլուծելով հանրապետությունում հանցագործությունների, մասնավորապես՝ բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ արձանագրված արդյունքները, ԼՂՀ ոստիկանապետը բացատրություն պահանջեց Ստեփանակերտի քաղվարչության, Մարտակերտի, Շահումյանի և Քաշաթաղի շրջբաժինների պատասխանատուներից՝ հանրապետության մասշտաբով միջինից ցածր ցուցանիշների համար։ ՙԱրցախում չբացահայտված հանցագործություններ չպիտի լինեն։ Մենք պետք է հասնենք այնպիսի մակարդակի, որ մեր քաղաքացիները կկարողանան առանց մտավախության, առանց դուռը կողպելու հանգստանալ իրենց բնակարաններում։ Իսկ դրա համար պարտավոր ենք հասարակությունը մաքրել հանցագործ տարրերից՚,- ասաց Կ. Աղաջանյանը։ Հանրապետության ոստիկանապետը համակարգի աշխատողների ուշադրությունը հրավիրեց անչափահասների և նախկինում դատվածների կողմից հանցագործությունների կանխարգելման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես նաև՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նա միաժամանակ հանձնարարեց խստորեն պահպանել հանցագործությունների գրանցման կարգը, ձերբազատվել դրանք թաքցնելու արատավոր երևույթից։ Ի դեպ, խորհրդակցության նախօրեին տեղի էր ունեցել ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2015թ. ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփումը, որտեղ հիմնական զեկուցումով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը։ Ըստ նրա՝ ընթացիկ տարվա նշված ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում գրանցվել է 111 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 96-ի դիմաց։ Այսինքն՝ մայրաքաղաքում 15,6 տոկոսով հանցագործությունների աճ է արձանագրվել։ Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունների տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր ուղղություններով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 33,5 տոկոս (2014թ. 9 ամիսներին՝ 33 տոկոս)։ ԼՂՀ ոստիկանապետը պատասխանատու անձանց հանձնարարեց շտկել ծառայությունում տեղ գտած թերությունները և մինչև տարեվերջ էական առաջընթաց ապահովել հանցագործությունների բացահայտման գործում։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ