[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒԾՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ԽՆԴԻՐ

Քարից կարծր Քարին տակ գյուղը հերոսական անցյալ ունի: Գյուղի ազատագրումը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ողջ ընթացքի համար:

Իսկ այսօր այն որպես ուղենիշ է ծառայում, որով սնվում են ապագա սերունդները: Քարինտակցու առօրյային, գյուղի առջև ծառացած խնդիրներին ծանոթանալու համար շրջայց կատարեցինք գյուղում: Ինչպես հետպատերազմյան բոլոր գյուղերում, այստեղ ևս բացառություն չեն կենցաղային մեծուփոքր խնդիրները: Եղանք միհարկանի մանկապարտեզում, որը կառուցվել է 1930-ական թվականներին և ի սկզբանե ծառայել որպես մանկապարտեզ: Պատերազմից հետո այն գործել է ընդմիջումներով` հովանավորների ֆինանսավորմամբ: 2002 թվականից անցելով Հայ օգնության միության ենթակայության տակ` լրացրել ՀՕՄ-ի ՙՍոսե՚ մանկապարտեզների շարքը։ ՀՕՄ-ը ֆինանսավորումը դադարեցրել է 2010 թվականից: Այնուհետև կառույցն սկսել է գործել պետական հովանավորությամբ։ Տնօրեն Մանուշ Պետրոսյանի հավաստմամբ, պայմաններն այնքան էլ հարմար չեն. սենյակները խոնավ են, որոշ սենյակներ էլ՝ բնական լույսից զրկված: Շինությունը տիպային չէ, ուստի մասնագետները կոսմետիկ վերանորոգումների համար գումարի հատկացում չեն երաշխավորում։ Շենքը վերջին անգամ նորոգվել է 2005 թվականին, իսկ դասասենյակներից մեկը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել երկու տարի առաջ՝ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանի միջոցներով: Տնօրենի հավաստմամբ՝ մանկապարտեզում առկա խնդիրներից է ընդամենը մեկ խումբ ունենալը. սենյակի փոքր լինելու պատճառով 3,5-ից 5,5 տարեկան երեխաներն իրար հետ են լինում, ազատ տեղ չլինելով՝ երբեմն նույն ծնողի երեխաները՝ ծնողի համաձայնությամբ, իրար հետ են քնում: Նաև գույքի պակաս կա՝ մահճակալներ, անկողնային պարագաներ, աթոռներ: Չի գործում երկու զուգարաններից մեկը: Սննդի ծախսերի մի մասը հոգում են ծնողները: Այստեղ գործում են արտոնություններ երեք և ավելի երեխա ունեցողների ու հաշմանդամների ընտանիքների երեխաների համար. երկու այս խմբերի երեխաների վճարը կազմում է ամսական 3000, իսկ մյուսներինը` 6000 դրամ: Մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում մանկապարտեզին, այս անգամ գումար է տրամադրել հատակի և խոհանոցի կոսմետիկ վերանորոգման համար: Մանուշ Պետրոսյանն իր և կոլեկտիվի անունից շնորհակալություն է հայտնում բարերարին՝ հերթական բարեգործության համար: Մեկ հայրենանվեր և ողջունելի նախաձեռնության մասին ևս. հունիսին՝ գյուղի համայնքային կենտրոնի բացման օրը, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները, ծանոթանալով մանկապարտեզի շենքային պայմաններին, նախաձեռնեցին նաև նոր մանկապարտեզի շինարարությունը, իհարկե, ԼՂՀ կառավարության գործուն աջակցությամբ (տեղեկացնենք, որ համայնքային կենտրոնը կառուցվել է ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ և Արգենտինայի հայ համայնքի ներդրումներով): Տնօրենը հույսով սպասում է այն օրվան, երբ պատերազմի թոհուբոհով անցած քարինտակցու նորօրյա սերունդը կդաստիարակվի ու կկրթվի շենքային բարեկարգ պայմաններում: 

Արևիկ ԲԱԲԱՅԱՆ