[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐԻՆՏԱԿՑԻՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՊՐԵԼ ՈՒ ԱՐԱՐԵԼ

Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց 3 կմ հեռավորության վրա՝ Շուշիի բերդի հարավային մասի բարձր քարաժայռերի ստորոտում, ընկած է Քարին տակ գյուղը։

Տեղանքի դիրքից էլ հենց առաջացել է գյուղի անվանումը։ Այն հիմնվել է 1700-ական թթ. սկզբներին, և բնակչությունը հիմնականում տեղափոխվել է Դիզակ գավառի Խծաբերդ, հետագայում նաև մի քանի գերդաստաններ՝ Մեծ և Հին Թաղեր գյուղերից։ Քարին տակի շրջակայքում կան պատմական հուշարձաններ, կամուրջներ, 12-13-րդ դդ. քարանձավային շինություններ։ Գյուղացիները բնակություն են հաստատել գետի երկայնքովզ ընկած հատվածներում և զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Քարին տակում կանգուն է 1816թ. կառուցված Սուրբ Աստվածածին փոքրիկ եկեղեցին։ Արցախյան գոյապայքարի տարիներին Շուշիի բարձունքում տեղակայված կրակակետերից հակառակորդն անընդհատ հրետակոծում ու ռմբակոծում էր գյուղը՝ բազմիցս փորձելով գրավել այն։ Վերջին փորձը 1992թ. հունվարի 26-ի ճակատագրական հարձակումն էր։ Գյուղաբնակները և օգնության հասած ազատամարտիկները համախմբվելով՝ հետ շպրտեցին ազերիներին։ Հակառակորդը մարտադաշտում թողեց հարյուրից ավել դիակ։ Պատահական չէ, որ ազերիները կիրճն ավանեցին ՙԱրյունոտ ձոր՚։ Պատերազմից հետո գյուղը կիսավեր էր։ Տարեցտարի այն վերականգնվեց պետության և բարերարների շնորհիվ։ Այժմ համայնքն ապրում է բնականոն կյանքով։ Քարին տակի համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը տեղեկացրեց, որ 2008թ. վերակառուցվել է դպրոցը, կից մարզադահլիճը, իսկ 2016թ. նախատեսվում է կառուցել 50-տեղանոց տիպային մանկապարտեզ։ Համայնքի սեփական միջոցներով անց է կացվել գյուղի կենտրոնական կոյուղագիծը, հետո նաև նոր ջրագիծ, ու այժմ շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում։ Գյուղը գազիֆիկացված է, գրեթե լրիվությամբ ավարտին է հասցված փողոցների գիշերային լուսավորումը։ Քարին տակն ունի 600 բնակիչ, որից 170-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, 410-ը՝ 18- 63 տարեկաններ, իսկ մնացածը՝ ավելի բարձր տարիքի։ Համայնքի շուրջ 130 բնակիչ ունի մշտական աշխատանք։ Մ. Առուշանյանի պարզաբանմամբ՝ քարինտակցիների մի մասն աշխատում է գյուղում, մի մասն էլ՝ Շուշիի տարբեր հիմնարկներում, ծառայում Պաշտպանության բանակում։ Ներկայումս գյուղաբնակներն զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ։ Հողը սակավ է, ունեն ընդամենը 31հա տնամերձ և 23 հա վարելահող։1998թ. 210 հա վարելահող սեփականաշնորհվել է Ասկերանի շրջանի Սղնախ, Սզնեք և Կարմիր գյուղ համայնքներից, բայց հեռավորության պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել և վարձակալությամբ տրամադրում են նշված համայնքների բնակիչներին։ Քանի որ գյուղի դիրքը թեք է, ճանապարհները սելավների պատճառով անընդհատ վնասվում են, բայց դրանց մի մասն աստիճանաբար վերականգնվում է։ Գյուղն ընդգրկված է սալահատակման ծրագրի մեջ։ Քարին տակի դպրոցն ունի 103 աշակերտ, իսկ մանկապարտեզ հաճախում է 28 երեխա։ 1999 թվականից առայսօր Քարին տակում արձանագրվել է 268 ծնունդ։ 2015թ. 9 ամսվա տվյալներով գրանցվել է 9 ծնունդ։ Այստեղ բազմազավակ 4 և ավելի երեխաներ ունեցող 15 ընտանիք կա, 3 ընտանիք էլ 6 և ավելի երեխաներ ունեցողներն են, որոնք ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրով և պետբյուջեի միջոցներով ապահովվել են բնակարանով։ Վերջին տարիներին կառուցված համայնքային կենտրոնում կան գրադարան, բուժկետ, և ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավարը, ունեն լավ բուժակ, որն սպասարկում է ոչ միայն գյուղի,այլև, անհրաժեշտության դեպքում՝ շրջակա գյուղերի բնակիչներին։ Մ. Առուշանյանը գյուղի զարգացման մեծ հույսեր ունի։ Նրա խոստովանությամբ՝ քարինտակցիները չեն լքում իրենց գյուղը, շարունակում են կառչել իրենց հողին, ապրել,մաքառել ու արարել։ 

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ