[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՅՔԱՐ

Ռազմիկ Պետրոսյանի  հետ մեկ անգամ հանդիպելն իսկ բավական է՝ պատկերացում կազմելու  նրա՝  որպես մարդ տեսակի մասին, հասկանալու նրա դիրքորոշումը կյանքի, ընտանիքի, հայրենիքի նկատմամբ։

Նրա խոսքը ենթատեքստեր չի  պարունակում, ասում է այն, ինչ  ցանկանում է, որ լսելի լինի, հավատարիմ է իր ճշմարտությանն ու որդեգրած սկզբունքներին։ 

Այսօր Ռազմիկ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ դարձավ 75 տարեկան։ Օրվա առթիվ հոբելյարին հրավիրեցինք  հարցազրույցի։

- Պրն Պետրոսյան, մենք, իհարկե, գիտենք Ռազմիկ  Պետրոսյան անհատին, ռազմիկին և մարզիկին։ 

Բայց գուցե  ինքներդ ներկայանաք  ընթերցողին։

- Ծնվել եմ 1940թ. նոյեմբերի 7-ին, Գանձակ (Կիրովաբադ) քաղաքում, բանվորի ընտանիքում։ Սովորել եմ  տեղի Խ. Աբովյանի անվան  հայկական միջնակարգ դպրոցում։ 1960թ. ավարտել եմ  Ստեփանակերտի գյուղատնտեսական  տեխնիկումը։ Ծառայել եմ  խորհրդային բանակում, ապա ընդունվել և ավարտել  Երևանի պետական  ֆիզիկական կուլտուրայի  ինստիտուտը։ 

1964-1977թթ. խաղացել եմ  ֆուտբոլի վարպետների  թիմերում՝  Նովոռոսիյսկի ՙՑեմենտում՚, Երևանի ՙԱրարատում՚, ապա՝  Ստեփանակերտի ՙՂարաբաղում՚։ 

1977թ. ՙՂարաբաղ՚ ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն եմ եղել, նույն թվականին թիմը դարձել  է Ադրբեջանի  առաջնության  հաղթող և սկսել հանդես գալ ԽՍՀՄ առաջնությունում։ Դասավանդել եմ  Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում,  միաժամանակ կատարել ՙՂարաբաղ՚  ֆուտբոլային թիմի ավագ  մարզիչի պարտականությունները։ 1986թ. նշանակվել եմ Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան  մարզադաշտի տնօրեն։ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից եմ,  ՙԿռունկ՚  կոմիտեի նախագահության անդամ,  Տնօրենների  խորհրդի նախագահության անդամ, իսկ Արցախի  Ազգային խորհրդի ստեղծման  օրից՝ խորհրդի նախագահության  անդամ։ Եղել եմ Արցախի ազատագրական պայքարի  ընդհանուր  ջոկատների շտաբի պետ։ 1990թ. բանտարկվել և 4 ամիս մնացել եմ  ԽՍՀՄ բանտերում՝ ջոկատներ ստեղծելու  և զենքեր բաժանելու մեղադրանքով։ 1992թ. նշանակվել եմ Կենտրոնական  պաշտպանական շրջանի  շտաբի պետ։ Մասնակցել եմ ազգային-ազատագրական  պայքարի բոլոր  շրջանների մարտերին, երկու անգամ  վիրավորվել եմ։ 1990-1995թթ. ՀՀ Գերագույն  խորհրդի  պատգամավոր էի։ Պարգևատրվել եմ  ԼՂՀ ՙՄարտական  խաչ՚ 2¬րդ աստիճանի շքանշանով, ՙԱրիության  համար՚ մեդալով։ 

Ամուսնացած եմ, ունեմ 3 զավակ։ Ունեմ ներքին ծառայության  գնդապետի կոչում, թոշակառու սպա եմ։ 

- Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել։

¬ Մանկությունս և պատանեկությունս անցել են հին հայկական Գանձակ քաղաքում։ 

Հայաշատ քաղաք էր։ Հայերն ապրում էին  քաղաքը կիսող  Գյանջաչայ գետի աջ ափին։ Մանկությունս  անցել է  այնպես, ինչպես Խորհրդային  Միության բազմաթիվ  երեխաներինը՝  բակերում խաղալով, գետում լողանալով։

Հայերը  լավ արհեստավորներ էին, և թուրքերը նախանձով ու միաժամանակ հարգանքով էին վերաբերվում իրենց արհեստով ու մասնագիտությամբ ճանաչված հայերին։ Չնայած  Խորհրդային  Միությունը, այսպես կոչված, բարեկամական  երկիր էր, հայ և  ադրբեջանցի նույնիսկ երեխաների միջև հակակրանք  կար, և հաճախ էր  երեխայական վեճը վերածվում  քարակռվի։ Կային  հայ  տղաներ, որոնցից թուրքերը  պարզապես  վախենում էին  և խուսափում նրանց հետ ընդհարվելուց։ 

Սկզբնական շրջանում Կիրովաբադում  ազերիները թվով չէին գերակշռում հայերին։ Նրանք  ավելացան հետագայում՝ գյուղից քաղաք եկողների հաշվին։ Չնայած ճնշումներին, հայերն  իրենց  ընդունակությունների  ու  կազմակերպչական բնատուր  շնորհքի շնորհիվ կարողանում էին նույնիսկ  բարձր պաշտոններ զբաղեցնել  հիմնարկ-ձեռնարկություններում։ Նրանք  նաև լավ  շինարարներ ու երկաթագործներ էին, իսկ ազերիները  հիմնականում  զբաղվում էին  առևտրով։ 

Կիրովաբադում կար  5 հայկական դպրոց, կային թերթեր ու ամսագրեր հայերեն լեզվով, հայկական թատրոն։ Դրանք կամաց-կամաց  վերացվեցին, քանի որ Ադրբեջանն ամեն  ինչ անում էր  արգելափակելու մեր ազգայինը,  զրկելու հայկական  մշակույթին հաղորդակցվելու  հնարավորությունից։ Նման քաղաքականություն տարվում էր Ադրբեջանի  հայաշատ բոլոր վայրերում։

Հայերի և թուրքերի  հարաբերությունները  սրվում էին հատկապես ֆուտբոլային խաղերի ժամանակ։ 

Մինչև  1957թ. Կիրովաբադի ՙԴինամո՚ ֆուտբոլային  թիմի  բոլոր խաղացողները հայեր էին, հետագայում նոր¬նոր ի հայտ եկան ադրբեջանցի ֆուտբոլիստներ։  Մարզադաշտի, որը գտնվում էր հայկական  թաղամասում, տնօրենը  նույնպես հայ էր։ 1959թ. ՙԴինամո՚-ի և  Լենինականի  ՙՇիրակ՚¬ի  միջև ընդհարում  տեղի ունեցավ,  երբ  ՙՇիրակը՚  2։1 հաշվով հաղթեց ՙԴինամո՚¬ին։ Ազերիները սկսեցին քարկոծել մեր ֆուտբոլիստներին,  հետո, երբ  քարը վնասեց նրանցից մեկին,  հայ երկրպագուները  լցվեցին  խաղադաշտ և մեր ֆուտբոլիստներին  ապահով հասցրին հանդերձարան։  Պարզվել էր՝ թուրք խուժանը  մարզադաշտ էր բերել  ատրճանակներ, որսորդական  հրացաններ, երկաթե ձողեր։ Ասելիքս այն է, որ թուրք  ամբոխի մոտ,  հրահրման դեպքում, գեների մեջ եղած  գազանային բնազդն է արթնանում։ Թուրքը չի փոխվել դարերի ընթացքում, և այն ժամանակ նույնիսկ, երբ թվում էր, թե բարեկամ ժողովուրդներ են ապրում իրար կողքի, նրա մեջ եղած ատելությունը պարբերաբար արթնանում էր նիրհից։ 

- Ինչպե՞ս եկաք Ստեփանակերտ։ 

- 1957 թվականն էր։ Ընդունվեցի  Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում։ Մեզ  հետ սովորում և պրակտիկ  աշխատանքներին  մասնակցում  էին  ադրբեջանցի ուսանողներ։ 

-Իսկ ինչպե՞ս տարվեցիք ֆուտբոլով։

-Կիրովաբադում ազատ ժամերս ամբողջովին տրամադրում էի ֆուտբոլին։ Խաղում էի բակային  թիմերում, հետո  ընդգրկվեցի  քաղաքի պատանեկան  հավաքականի  մեջ, մի քանի  անգամ  մեկնեցինք  Բաքու և  հանդիպումներ ունեցանք այլ թիմերի  հետ։ Երբ  տեղափոխվեցի  Ստեփանակերտ, ինձ հիշում էին Բաքվի մրցումներից, ուստի և  հրավիրեցին  պարապմունքների։ Այնուհետև  դարձա Ղարաբաղի հավաքականի  անդամ. խաղում էինք գլխավորապես  ադրբեջանական  թիմերի հետ։ Պետք է նշել, որ ազգային խտրականությունն առավել  բացահայտ  դրսևորվում էր սպորտի բնագավառում։ Ադրբեջանցի  դատավորներն  ամեն կերպ խրախուսում էին իրենց  թիմերին և առիթներ  որոնում՝ մեզ  պատժելու։  Ըստ Ադրբեջանի  վերադաս մարմինների որոշման՝ բոլոր  ֆուտբոլային  թիմերի կազմում  ադրբեջանցիները պիտի կազմեին  70%։ Բայց նրանց  մեջ խաղացողներ քիչ կային։  Երբ  ես արդեն դարձել էի   ՙՂարաբաղ՚ թիմի  մարզիչ, դեմ չէի, որ մեր թիմի կազմում  ադրբեջանցիներ խաղային, բայց այդպիսիք  չկային, և  մենք ստիպված էինք խաղի ընթացքում  նրանց փոխարինել հայ ֆուտբոլիստներով։ Քանի որ մեր կազմում հիմնականում  հայեր էին,  առաջնություններում  մեզ  հայկական  թիմի տեղ էին դնում և զարմացած հարցնում,  թե ինչու  ենք  խաղում  Ադրբեջանի կազմում։ 

- Ստացվում է  այնպես, որ  չնայած ընտրել  էիք  գյուղատնտեսի մասնագիտությունը, Ձեր տարերքը սպորտն  էր։ 

- Այո։ Եվ 1961թ. ընդունվեցի  Երևանի  ֆիզկուլտինստիտուտը։  Առաջին կուրսում  էի, երբ զորակոչվեցի բանակ։ Ծառայում էի սկզբում Բաքվում, ապա Ստեփանակերտում, հետո տարան Նախիջևան։  Աստիճանաբար  վարժվեցի բանակային կյանքին,  ծանոթացա  զենքի տեսակներին, հմտացա  հրաձգության  մեջ։  Շատ չանցած, ինձ հրավիրեցին  Անդրկովկասի  զինվորական շրջանի  ֆուտբոլային թիմ։  Դարձա հավաքականի անդամ։ Կիսապաշտպան  էի, բայց  սիրում էի միանալ  հարձակվողներին։ Զորացրվելուց հետո  ինձ հրավիրեցին  Նովոռոսիյսկի  ՙՑեմենտ՚ թիմը,  ուր կիսապաշտպան էի, երբեմն էլ՝  աջ եզրային հարձակվող։ Թիմը լավ խաղ  ցույց տվեց և այդ տարի  երկրորդ խմբում դարձավ  Ռուսաստանի չեմպիոն։  Ես որոշ վաստակ ունեցա այդ գործում, որովհետև  մասնակցեցի բոլոր  խաղերին և  խփեցի  22 գնդակ։ 

ՙՑեմենտի՚ հետ ընկերական խաղերից  մեկի ավարտից հետո  ՙԱրարատ՚  թիմի մարզիչ Արտեմ Ֆալյանն  ինձ հրավիրեց խաղալու ՙԱրարատում՚։ Դա ինձ  համար մեծ պատիվ էր, և խաղաշրջանի  ավարտից հետո տեղափոխվեցինք Երևան։ Հայկական ֆուտբոլ ներկայացնող  այդ ուժեղ թիմում հանդես գալը երազանք էր, և այն իրականություն դարձավ։ ՙԱրարատում՚ խաղում էի  փոխարինողների կազմում։ 1966թ. ֆուտբոլի ԽՍՀՄ առաջնությունում փոխարինողների կազմում  ես խփել էի  15 գնդակ, և ինձ հրավիրեցին Ստեփանակերտ՝ որպես  ՙՂարաբաղ՚  ֆուտբոլային  թիմի ավագ  մարզիչ, և իմ մարզական կյանքի  երկրորդ շրջանն  ընդմիշտ կապվեց  Արցախի հետ։ 

- Եվ ոչ միայն  մարզական...

- Այո։  Ընտանիք կազմեցի, զավակներ  ունեցա, որոնք  մեծացան  այս հողում (ի դեպ՝ հայրս և մայրս  էլ  ղարաբաղցիներ են՝ Կաղարծի և Աշան գյուղերից)։ Այնպես որ՝  մենք ուղնուծուծով ղարաբաղցի ենք  և կապված ենք այս հողին։ 

- Բացի մարզիկից, Դուք նաև Ղարաբաղյան   շարժման  ակտիվիստներից եք։ Ինչպե՞ս  Շարժումը և Դուք գտաք իրար։

- Նախ ասեմ, որ դեռևս 60-ական թվականներին  հայերի և ադրբեջանցիների միջև  հարաբերությունների  սրացում, ինքնադատաստաններ,  ազգային հողի վրա վեճեր ու ծեծկռտուք միշտ էլ եղել են։ Դրանց մի մասը՝  Ադրբեջանի  ղեկավարության հրահանգով կամ իմացությամբ։ 

Հասկանալի է, որ դա մեզ՝ այն ժամանակվա  տաքարյուն  երիտասարդներիս,  դուր չէր գալիս։ Այնպես որ՝  Արցախի ազգային  ազատագրական  պայքարի ակունքները, խմորումները  շատ ավելի  խորն  են։ Կային մարդիկ, ովքեր շարունակ  պայքարում էին  Ադրբեջանի  գաղութատիրական  քաղաքականության  ու անարդարությունների  դեմ,  նրանցից որոշներին ես լավ ծանոթ էի, շփվում էինք։ 1987 թվականից, օգտվելով վերակառուցման իրադրությունից,  ղարաբաղցիները  նամակներ էին գրում և բազմաթիվ ստորագրություններով ուղարկում Մոսկվա՝ պահանջելով  ուղղել  1921թ. թույլ տրված սխալը։ Ես այդ ժամանակ Ստ. Շահումյանի անվան մարզադաշտի տնօրենն էի  և մասնակցում էի կուսակցության մարզկոմի շենքում  գումարված  Ստեփանակերտի կուսակցական և տնտեսական  ակտիվի ժողովին, որին ներկա էր նաև Ադրբեջանի  կոմկուսի Կենտկոմի  երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը։ Ես առաջարկեցի հեռագիր  ուղարկել  Մոսկվա՝ լուծելու ԼՂ հարցը, քանի որ մարզն Ադրբեջանին այլևս չի ենթարկվում։ Այդտեղից էլ սկսեց իմ Շարժումը, ծավալվեց  մինչև ՙԿռունկ՚, Ազգային խորհուրդ,  զենքի  հայթայթում, պաշտպանության  կազմակերպում, պատերազմ  ու հաղթանակ։

-Ձեր արածի և ապրածի մասին  շատ է խոսվել, գրվել։ Ձեր վաստակը  գնահատվում է։ Հիմա  արդեն 75 տարեկան եք։ Երբևէ խորհե՞լ եք Ձեր  անցած ճանապարհի մասին, ինքներդ Ձեզ  գնահատական  տվել, վերլուծել հաղթանակներն ու  բացթողումները։

-Ես այդ մասին  շատ եմ մտածել։ Առաջին  հերթին՝  սխալների մասին։ Այն ժամանակ  չէինք էլ պատկերացնում, որ նման դաժան փորձություններ են  սպասվում մեզ։ Պատերազմին պատրաստ էինք,   բայց  չէինք  սպասում, որ այն  այդքան դաժան պիտի լիներ։  Պիտի այնպես անեինք,  որ իշխանության այնպիսի մարդիկ գային, որ  մտածեին ժողովրդի մասին և ի վիճակի լինեին  նրա բարեկեցությունն ապահովել։ Նման  հնարավորություն մենք ունեինք։

-Իսկ ոգի՞ն։ Այսօր ժողովրդի մեջ  կա՞  88-ի ոգին։ 

-Ես մնացել եմ նույնը։ Եվ այդ  առումով  ՙ75՚-ը կարծես թե ինձ չի վերաբերում։ Իսկ ժողովուրդը՝ ժողովուրդը  մի քիչ  կոտրված է։ Ոգին  թուլացած է։ 88-ին բոլորս մի հոգի ու մի մարմին էինք, ՙիմ՚ ու ՙքո՚  չկար, կար  Շարժում, Հայրենիք ու  մեկ ամբողջական ժողովուրդ։

-Ո՞րն եք Ձեր կյանքի  հաջողության բանաձևը համարում։ 

-Ես վատ մարդկանց հետ  ընկերություն չեմ անում։ Չեմ սիրում նաև նման  մարդկանց  հետ մեկ միջավայրում գտնվել։ 

- Այսօր շուրջ  25 տարեկան  անկախ պետություն ունենք. նաև՝ Ձեր շնորհիվ։ Այսպիսի՞ն էիք պատկերացնում այն երկիրը, որի հիմքերը  դնում էիք 88-ին։

-Ոչ։ Մեր պատկերացրածն  ուրիշ երկիր էր,  որը  պիտի որ միացյալ Հայաստան լիներ։ 

Բայց դեռևս  89-ին մենք գիտեինք, որ  պատերազմն  անխուսափելի է։ Ցավոք, սխալներ ենք թույլ տվել, որոնք  ճակատագրական են դարձել։ Դրանցից ամենամեծն այն է,որ Ղարաբաղն  այսօր  դուրս է մնացել բանակցային  գործընթացից։ Մենք հաղթանակած երկիր ենք, և մեր  քաղաքական  ղեկավարությունը հաղթողի  դիտակետից  պիտի  նայեր այդ գործընթացին և ներկայանար  ըստ արժանվույն։ Դրա համար այսօր, երբ  Ղարաբաղի  հարցով քննարկումներ են լինում,  Հայաստանի քաղաքական ղեկավարությունը  լիարժեք  չի կարող պատասխան տալ. այդտեղ  ասելիք ունի Արցախը, իսկ նրա ձայնը չլսել՝ չի ստացվի։

-Այսօր, ի՞նչ եք կարծում, այդ  սխալներն ուղղելու հնարավորություն կա՞։

-Որքան ես գիտեմ ԼՂՀ քաղաքական վերնախավին, Նախագահ Բ. Սահակյանին, նրանք զիջումների  չեն գնա ընթացող  ՙառևտրի՚ մեջ։ Ես հետևում եմ աշխարհաքաղաքական զարգացումներին, տարբեր մակարդակներով  ընթացող՝ Ղարաբաղյան  կարգավորման  բանակցություններին  և այլն։  Երևում է՝ որ Ղարաբաղյան կողմը  հաստատուն է իր որոշման մեջ, և ես ողջունում եմ դա։ 

-Ստացվում է՝ Ձեր պայքարը չի ավարտվել...

-Պայքարն ավարտվում է վերջնական հաղթանակով։ Ռազմի դաշտում  մեր հաղթանակը  փայլուն էր։ Ես սա ամենայն  անկեղծությամբ եմ ասում։ Քաղաքականության մեջ և տնտեսական  դաշտում սխալներ թույլ ենք տվել, որոնք մի քիչ ստվեր են գցել այդ հաղթանակի վրա։ Ուրեմն, դեռ պայքարելու տեղ կա։ Իսկ ես զինվոր եմ։ Ինչպե՞ս կարող եմ իմ պայքարն ավարտած  համարել։ Մի քանի տարի առաջ ես իմ մտորումները գրքի ձևով լույս ընծայեցի։ Այնտեղ, մի փոքրիկ գլխում ՙՓոխզիջման սահման՚ վերնագրով, իմ տեսակետն եմ արտահայտել։ Կարելի է փոքրիկ  զիջումների գնալ՝ հանուն կարգավորման։ Բայց էական հարցերում՝ երբեք, քանի որ  ռազմավարական առումով ԼՂՀ-ն զիջելու տեղ  չունի։ Միջազգային ցանկացած  երաշխիք չի կարող ավելի կայուն լինել, քան այն, ինչին հասել ենք։ Ինչպիսի բանակցություններ էլ որ ընթանան, մի գլխավոր  սկզբունք չի կարող դառնալ  փոխզիջման առարկա։ Այն է՝ ԼՂՀ-ն պետք է սահման ունենա  Հայաաստանի, Ադրբեջանի և մի երրորդ  պետության հետ, և ինքը լինի այստեղ ապրող ժողովրդի անվտանգության և ազատ զարգացման  երաշխավորը։ Մյուս բոլոր դեպքերում ԼՂՀ-ն կշարունակի մնալ կռվախնձոր Ադրբեջանի և  Հայաստանի, ուրեմն նաև՝ երրորդ ուժերի միջև, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում երբեք կայունություն չի հաստատվի։

- Պրն Պետրոսյան, հաճախ է ասվում, որ սպորտը քաղաքականությունից  դուրս է։ Դուք մնացել եք և՜ սպորտում, և՜ քաղաքականության  մեջ։ Ինչպե՞ս դա ստացվեց։ 

- Նախ, ես չեմ ընդունում, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։  Մեզ հայտնի են բազմաթիվ քաղաքական մտահղացումներ, որ լուծվել կամ  փորձել են լուծել սպորտի միջոցով։ Իրականում  սպորտը մեծ քաղաքականության  մաս է։ Եվ այս ամենը հաշվի  առնելով, նաև իմանալով սպորտի և  քաղաքականության  ներքին խոհանոցը, ես կոչ կանեի վերջնական  հաղթանակ տանելու  համար  ուժեղանալ։ Ուժեղանալ նախ բանակով, ապա՝ տնտեսապես և սպորտի զարգացմամբ։ 

Մեր մարզադաշտը  կառուցվել է ոչ թե համերգների  ու նմանատիպ միջոցառումների  համար։ Այն  պետք է ծառայի սպորտին։ Սպորտը պետք է  մասսայականացնել, քանի որ  պետք է առողջ մարմին ունենալ, որպեսզի   այնտեղ առողջ ոգի դաստիարակվի։ 

- Ի՞նչ անել զարգացում  ապահովելու համար. երկրում,  սպորտում, այլ ոլորտներում։ 

- Գաղտնիք չկա։ Ամեն  մարդ իր տեղում պիտի լինի. զբաղվի այն գործով, որը սիրում է, և որը  կարողանում է կատարել։ Խոսքը վերաբերում է  ինչպես երկրի պատասխանատու պաշտոններին, այնպես էլ  սպորտի ու մյուս բնագավառներին։ Ինչպե՞ս կարող է, ասենք, ֆուտբոլը  հաջողության հասնել, եթե ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահն իր տեղում չէ։  Ինչպես ասում են՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ 

- Դուք կյանքի մեծ ճանապարհ եք անցել։ Որտեղի՞ց է սկսվում հայրենիքը։ 

- Հայրենիքն սկսվում է ընտանիքից, ընկերությունից, սիրուց։ Սերը հայրենիքի նկատմամբ  արտահայտվում է մանկան նկատմամբ սիրով, հոգատարությամբ, ընկերոջ հանդեպ անձնազոհությամբ, կարիքավորին՝  օժանդակությամբ։ Մի խոսքով, մանր թվացող  բարի գործերի մեջ է հայրենասիրությունը։  Եվ մենք բոլորս նման հայրենասիրություն պիտի կրենք  ու  այն նաև սերմանենք  մեր զավակների մեջ։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ