[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ Է

Սփյուռքագետ Քնարիկ ԱՎԱԳՅԱՆԸ պատմական գիտությունների թեկնածու է, դասավանդում է ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայում, նաև աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում` որպես առաջատար գիտաշխատող:

Նրա հետազոտությունները Սփյուռքին են վերաբերում, ունի նաև ուսումնասիրություններ` նվիրված արտերկրում հայ կամավորական շարժումներին։

- Տիկին Քնարիկ, ի՞նչ զգացումներով ոտք դրեցիք արցախյան հողին:

-Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ ազատ Արցախի Հանրապետությունում և մոտիկից եմ ծանոթանում Արցախի քաջակորով ժողովրդին և վայելում մայրաքաղաք Ստեփանակերտի հյուրընկալությունը:  Ինը տարի առաջ եմ եղել այստեղ, բայց այն ժամանակ ուրիշ էր: Հիմա Արցախը բացարձակապես կայացած պետություն է, և ես հպարտ եմ, որ այս ժողովրդի մի մասնիկն եմ և գալիս եմ այստեղից քաղելու հայրենասիրության իմ բաժինը:

- Պատմաբանի Ձեր ուսումնասիրությունների առանցքը Սփուռքն է: Սփյուռքի ձևավորման ի՞նչ փուլեր կառանձնացնեիք:

- Սփյուռքը 1915 թվականից հետո է ձևավորվել, բայց կար նաև գաղթավայրային շրջանը, որը նույնպես ուսումնասիրել եմ: Իմ ատենախոսության թեման եղել է Ամերիկայի հայ գաղութի պատմությունը` սկսած սկզբնավորումից` 1618-ից, երբ առաջին հայը հաստատվել է Նոր երկրում, այն ժամանակ դեռ Մեծ Բրիտանիայի գաղութն էր: 

- Ո՞վ էր այդ առաջին հայը:

- Առաջինը Մեծ Բրիտանիայում կալվածատիրոջ սպասավոր Ջոն Մարտինն էր: Ենթադրում են, որ անուն-ազգանունը Հովհաննես Մարտիկյան կարող է եղած լինել: Նա, որպես անգլիացու սպասավոր, մեկնել է Նոր երկիր` Վիրջինիայի գաղութ, և քանի որ հայ էր, կարողացել է ձեռներեցություն ցուցաբերել, ազատվել սպասավորի կարգավիճակից և դարձել է գաղութային ժամանակաշրջանում քաղաքացիություն ստացած առաջին օտարահպատակը։ Ջոն Մարտինը դառնում է ծխախոտի մեծ պլանտատոր և արդեն որպես հավասար քաղաքացի` Անգլիայի հետ առևտուր էր անում: Ատենախոսական աշխատանքս ընդգրկել է 1618-ից մինչև1924 թվականը, որը սահմանագծային է որոշ առումով. նախ` Հայոց ցեղասպանությունից  հետո 1915-1923թթ. սահմանագծային դարձան մեր պատմության համար, բացի այդ` Միացյալ Նահանգների պատմության մեջ էլ շրջադարձային եղավ այն փաստը, որ ամերիկացիները սահմանափակեցին ներգաղթը իրենց երկիր: Հետաքրքիրն այն է, որ պատմությունն ասես կրկնվում է. խոշոր քաղաքական գործընթացների ընթացքում` և՜ Առաջին աշխարհամարտի տարիներին, և՜ Երկրորդ աշխարհամարտից հետո, և՜ այսօր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պայմաններում Միացյալ Նահանգները լիբերալականացնում է գաղթականական օրենքները, որպեսզի ընդունի քրիստոնյա բնակչությանը, համալրի իր ուղեղների բազան, իսկ հետո սահմանափակում է մտցնում` ճիշտ այնպես, ինչպես եղավ 1924 թվին:  Ի՞նչ արեց Ամերիկան. եղեռնից փրկված հայ որբերի համար որբանոցներ բացեց, ապա նրանց փոխադրեց Ամերիկա, և մենք, փաստորեն, մեր գենոֆոնդը հանձնեցինք օտարին:

- Ձեր ուսումնասիրությունները հրատարակվո՞ւմ են, թե՞ դառնում են գիտական նեղ շրջանակի սեփականությունը:

- 2000 թվականին լույս տեսավ իմ աշխատանքը` ՙԱմերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը՝ սկզբնավորումից մինչև 1924 թվականը՚ վերտառությամբ: Իմ ուսումնասիրությունների նյութը միայն անհատ հայերը չէին, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվում էին այդ երկրում: Օրինակ` գաղութային շրջանի Ամերիկայում մետաքսի հումքի մշակությունը ձախողվում է, չէին կարողանում շերամաբուծության անհրաժեշտ մակարդակ ապահովել: Մինչդեռ այդ գաղութը պետք է մատակարարեր Անգլիայի թագավորի պատմուճանի համար անհրաժեշտ մետաքսը: Օսմանյան կայսրությունում ամերիկացիները ռուսական դեսպանի միջոցով տեղեկանում են, որ Զմյուռնիայում հայերը այդ հարցում շատ հմուտ են: Եվ ահա Գևորգ անունով մի հայ (որը Ամերիկայում դառնում է Ջորջ) և իր ընկերը (նրա անունը հայտնի չէ) գնում են Նոր երկիր, Վիրջինիայի գաղութում ձեռնամուխ լինում շերամաբուծությանը և մեծ հաջողության  հասնում: Անգլիական գրականության մեջ նույնիսկ հիշատակություն կա այդ երկու հայերի մասին, որոնց բերեցին և զարգացրին մետաքսագործությունը:

- Ո՞ր ժամանակաշրջանի մասին է խոսքը:

- 1700-ականների կեսերին էր: Սա անհատ հայերի մասին, իսկ հետո արդեն, երբ ամերիկյան միսիոներները մուտք գործեցին Օսմանյան կայսրություն, նրանց նպատակն էր քրիստոնեություն տարածել մահմեդականների շրջանում, բայց պարզ էր, որ նրանք ոչ մի հաջողության չէին հասնի:  Այդպես էլ եղավ. հիշատակություններ կան, որ մեկ հոգու միայն հաջողվեց դավանափոխ անել, նրան էլ հավատակիցները հրապարակավ կախաղան բարձրացրին: Միսիոներները հետամուտ էին ավելի հեռուն գնացող նպատակների. ներթափանցելով կայսրության խորքերը` նրանք գտան հայերին, որոնք ավելի ընկալունակ էին քրիստոնեական քարոզների նկատմամբ, և ամերիկացիները կարողացան որոշակի թվով հայերի իրենց թակարդը գցել: Նրանք ընդունեցին բողոքականություն, որը հայ իրականության մեջ ստացավ Ավետարանական եկեղեցու կարգավիճակ: Փաստորեն օտարները, սկզբում կրոնական քողի տակ, կարողացել են մեր ուղեղները որսալ: Հետո նրանք տեսան, որ հայերը ուսումնատենչ են, սկսեցին նրանց համար կայսրության տարածքում դպրոցներ, քոլեջներ, այլ կրթական հաստատություններ բացել: Շատ հայտնի քոլեջներ էին Պոլսի ՙՌոբերտ՚ քոլեջը, ՙԱնատոլիան՚, Մարզվանի աղջկաց քոլեջը և այլն, որտեղ ուսուցումը տարվում էր հայերեն և անգլերեն լեզուներով: Ամերիկյան միսիոներների հաջողության մեծագույն գրավականն այն էր, որ նրանք դպրոցներ էին բացում նաև աղջիկների համար, ինչը Օսմանյան կայսրությունում չէր խրախուսվում` չհաշված տնային պայմաններում տրվող մասնավոր դասերը: Նրանք կարողացան հայ իրականության մեջ ներբերել այն, ինչը չկար, և ինչին հայությունը կարոտ էր: Այդ ամենից բացի` նրանք շատ արագ թարգմանեցին և սկսեցին տպագրել ու անվճար տարածել աշխարհաբար ՙԱստվածաշունչ՚: Այսպես կարողացան նրանց հոգիները որսալ: 

- Ի՞նչ հեռանկարներ էին բացվում այդ հաստատությունների շրջանավարտների համար:

- Պարզ է, որ նրանք պիտի ուզենային կատարելագործվել, որովհետև քոլեջի մակարդակը նրանց չէր բավարարի: Եվ միսիոներների հանձնարարականներով նրանք մեկնում էին Միացյալ Նահանգներ` ուսումը շարունակելու: Հիմնականում ընտրում էին բժշկություն, իրավագիտություն և աստվածաբանություն: Մեզանում առաջին քիմիկոսը` Քրիստափոր  Տեր-Սերոբյանը, քիմիաբանություն էր ուսումնասիրում Նահանգներում։ Քանի որ տեղ չուներ ապրելու, իր դասախոսը տրամադրել էր քիմլաբորատորիան, որտեղ և’ մնում էր, և’ փորձեր էր անում: Եվ այդ երիտասարդը փորձերի ժամանակ հայտնագործում է մի գույն, որը շատ օգտակար պիտի լիներ դոլարի դրամանենգությունը կանխելու համար: Դոլարի կանաչ և սև գույների հեղինակը դարձավ Ք. Տեր-Սերոբյանը,  նրա գյուտը ամերիկյան կառավարությունը համարեց աստվածային պարգև: Բայց այդ երիտասարդը` 4 հազար դոլար գումար պարգևով (այն ժամանակ դա մեծ գումար էր) և լավ հանձնարարականով չի մնում Ամերիկայում, այլ վերադառնում է հայրենիք: Այդ հանձնարարականով սուլթանը նրան մեծ պաշտոն է տալիս կայսրության գանձարանում: Այնպես որ, ուսանելու մեկնած երիտասարդները կապը բնօրրանի հետ չէին կտրում, հիմնականում վերադառնում էին և ձգտում իրենց գիտելիքներով ծառայել հարազատ ժողովրդին: Պատկերացնո՞ւմ եք, Օսմանյան կայսրությունում առաջին տպարանը, առաջին կահույքագործարանը Միացյալ Նահանգներից փոխադրել են հայերը, և այդպես շատ-շատ առաջին բաների նախաձեռնությունը նրանց է պատկանում: Հայերը կապող օղակ էին առաջադեմ Եվրոպայի ու հետամնաց կայսրության միջև: Եվ վերջինս ինչքան որ զարգացել է, առաջադիմել է, ինչ-որ չափով ոտք է գցել Եվրոպայի հետ, միայն` շնորհիվ հայերի:

- Իսկ ինչպիսի՞ դիրք էր բռնել կայսրությունը միսիոներների գործունեության նկատմամբ:

- Եթե մեր եկեղեցին հալածում էր բողոքականներին, որովհետև նրանք մեր հոտն էին պակասեցնում, ապա Օսմանյան կայսրությունը, ամերիկյան կառավարության պարտադրանքով, 1846թ. հիմնեց ավետարանական միլլեթ, այսինքն` հայ ավետարանական համայնք, ինչը նշանակում է, որ ավետարանական եկեղեցին մեր իրականության մեջ սկսեց գործել հենց այդ թվականից։ Եվս մի հետաքրքիր փաստի մասին եմ ուզում ասել, որը մտածելու տեղիք է տալիս: Մինչև 1896 թվականը Օսմանյան կայսրությունից դժվար էր արտագաղթելը. եթե սուլթաններն ուզում էին հայերից ազատվել, պիտի թույլատրեին արտագաղթը: 1896-ից հետո դա թույլատրվում էր միայն պատրիարքարանի թողտվությամբ, իսկ 1899 թվականից արդեն` պատրիարքարանի թույլտվությամբ, նաև հաստատումով, որ այլևս երբեք չպիտի վերադառնային կայսրության տարածք և պիտի բարիդրացիական հարաբերություններ պահպանեին կայսրության հետ: 

- Արդյո՞ք միայն ամերիկահայ սփյուռքի պատմությունն է ձեր ուսումնասիրության առարկան:

- Ես հետազոտում եմ նաև սերնդափոխության գործընթացը սփյուռքում: Եթե մենք ցեղասպանությունից հետո դիտարկենք սփյուռքի իրավիճակը, ապա ունենք մի քանի շերտեր` իրենց սերունդներով: Ցեղասպանությունից առաջ որոշ անհատ պանդուխտներ, որոնք գնում էին ժամանակավոր աշխատելու և վերադառնալու, մնում էին.  դա արդեն օտարացած սերունդն է, որը փոշիացել է` մեկ յոթերորդով-մեկ ութերորդով հայեր են, որոնք այլևս չեն զգում իրենց արմատները, ազգային պատկանելության գիտակցություն չունեն: Դրանք կորած-օտարացած հայեր են: Երկրորդ շերտը ցեղասպանությունից մազապուրծ   որբերն են, ովքեր հայտնվել են արտերկրում, և նրանց ժառանգները: Այսօր արդեն այդ շերտի հինգերորդ սերունդն է, որը օտարացման ճանապարհն է բռնել, որովհետև Արևմուտքի երկրներում երրորդ սերունդը արդեն անկյունադարձային է:  Այսպիսի մի կոպիտ հաշվարկ անենք. եթե Արևմուտքի երկրներում առաջին սերունդն օտար ամուսնություն կնքում էր 10-12 տոկոսով, ապա մնացած  տոկոսը ներէթնիկ ամուսնություններին էր բաժին ընկնում: Ցեղասպանությունից փրկվածների երկրորդ սերնդի հայերի համար (այնտեղ կրթություն ստացած սերունդն է) խառնամուսնություններն արդեն սովորական են դառնում, հատկապես որ եղեռն վերապրած նրանց ծնողները նախընտրում էին իրենց զավակներին հեռու պահել այդ հիշողություններից, հոգեկան ցավից, որպեսզի նրանք հեշտությամբ ինտեգրվեն հասարակությանը` առանց բարդույթների: Հիշենք ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ՙՄայրիկ՚ ֆիլմը. այնտեղ շատ տիպիկ է սերնդափոխության գործընթացը, և շատ ցայտուն են պատկերված հատկապես խառնամուսնությունների հետևանքները` երբ զղջումը կամ ափսոսանքն ի զորու չեն շտկելու դրանք: 2004-ին Միացյալ Նահանգներում էի, և 15 տարեկան մի երիտասարդ` սև հոնքերով, հայի աչուկներով` բայց կիսված, որովհետև, ինչպես ինքն է ասում, մեկ երրորդով հայ է` մայրը ճապոնացու և իտալացու խառնուրդ է, հայրը հայ է... Հայրենադարձներն այս առումով զերծ մնացին ուծացումից: 1946-48թթ. Հայաստան եկան 90 հազար հայեր Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, Ռումինիայից և այլ երկրներից: Ճիշտ է, եկածներից 1700-ը աքսորվեցին Սիբիր` մեծ մասամբ ներքին մատնությունների պատճառով: Հայապահպանությունը սփյուռքում անհույս և անհեռանկար գործընթաց է, ի վերջո, ձուլումը, ուծացումը անխուսափելի են: Եվ այն միջոցները, որոնք այսօր հատկացվում են դրանց դեմն առնելու համար դրսում, ավելի լավ է Հայաստան և Արցախ ուղղորդվեն: Եթե Այնճարի պես անապատը կարողացել ենք դրախտ դարձնել, ինչո՞ւ մեր դրախտ Արցախը և Հայաստանը չշենացնենք: Մեծ հայրս` սփյուռքահայ անվանի հասարակական-քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանը հենց դա նկատի ուներ, երբ ասում էր. ՙՄենք սփյուռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամեն կողմը ցրված ենք, այլ բռնությունից ու հալածանքից ստիպված… Հայու վերջին տունը, հայու վերջին տեղը Հայրենիքն է ու Հայաստանը՚: Նա կոչ էր անում սփյուռքի մեր հայրենակիցներին ներգաղթով սատարել հայրենիքի վերաշինությանը, որովհետև ներգաղթի մեջ է հայ ժողովրդի փրկությունը, ինչպես Հայաստանի մեջ է ողջ հայ ժողովրդի ապագան: Ըստ էության, սա է, որ պիտի գիտակցի յուրաքանչյուր հայ` հայության ապագան Հայաստանում և Արցախում է` հայկական երկու անկախ հանրապետություններում: 

Հարցազրույցը` 

Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆԻ