[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԵՎՈՐԵԼՆ Է

Նոյեմբերի 17-ը աշխարհի տարբեր երկրներում նշում են որպես Ուսանողների միջազգային օր։ Տոն, որ կարծես ևս մեկ անգամ շեշտում է ուսանողների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը։

Ու թեև օրն այդ զուգորդվում է երիտասարդության, ռոմանտիկայի ու զվարճանքների հետ, այնուհանդերձ, այդ գեղեցիկ օրվա նախապատմությունն անչափ տխուր է ու ողբերգական։ 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողներն ու դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի ցույցի, ինչի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողի գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Ուսանողական շարժման ինն ակիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողների միջազգային օր։ Վերջին մի քանի տարիներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը։ Տոնի հիմնական նպատակն ուսանողներին ակտիվության մղելն է, բուհական կյանքն ու առօրյան հետաքրքիր դարձնելը։ Ուսանողների միջազգային օրվա հռչակումը և հերոսական այս պատմությունը ևս մեկ անգամ վկայում են, թե որքան մեծ ու կարևոր դեր ունի ուսանող երիտասարդությունը զարգացած հասարակության կերտման գործում։ Օրվա կապակցությամբ Արցախի մայր բուհում նախատեսված տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում՝ ակտիվիստ ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ Ավելի քան յոթ տասնյակ ուսանողներ ԱրՊՀ ռեկտորի կողմից արժանացան դրամական պարգևների և խրախուսական նվերների։ Ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ մայր բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը մաղթեց, որ նրանք ոչ միայն զինված լինեն մասնագիտական գիտելիքներով, այլև հարստանան մտքով ու հոգով։ ՙՈւրախ եմ, որ առիթ ունենք միմյանց շնորհավորելու,- ասաց Մ. Մինասյանը,-։ Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ մենք դեռևս չունենք նման տոն. արդեն երկու տարի է՝ Երևանի պետական համալսարանում մայիսի 16-ը նշում են որպես Հայաստանի ուսանողության օր։ Հուսով ենք, որ մի օր էլ մեր հանրապետության պետական տոնացույցում կունենանք նման օր, ինչն առիթ կլինի մեր ուսանողներին շնորհավորելու և ընդգծելու նրանց դերը։ Չնայած մարտահրավերներն ու խնդիրներն այսօր շատ են, բայց հնարավորություններն էլ քիչ չեն։ Այս առումով նախանձել կարելի է ներկայիս ուսանողներին՚։ Ռեկտորը զուգահեռներ անցկացրեց մի քանի տարի առաջ սովորողների և ներկայիս ուսանողության հնարավորությունների հետ՝ նշելով, որ տարբերությունը մեծ է։ Այսօր տեղեկատվական դաշտն այնքան լայն է, որ ընդամենը մի քանի րոպեում կարող են տեղեկություններ իմանալ աշխարհի տարբեր ծայրերի մասին։ Ուսանողը կարող է փոխել իր մասնագիտությունը, բուհը, որտեղ սովորում է, ինչը հնարավոր չէր անել մի քանի տարի առաջ։ Մայր բուհի ղեկավարը հույս հայտնեց, որ ուսանողները նպատակային կօգտագործեն ուսումնառության տարիները և արդյունքում կունենան ակտիվ, նախաձեռնող, ռեալ մտածող քաղաքացիներ։ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին ԱրՊՀ նիստերի դահլիճում և ավարտվեցին ուսանողների ուժերով կազմակերպված տոնական համերգով։ 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ