[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

2015 թվականի հոկտեմբերի 29-ին ընդունվել է ՙՀանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին՚ ԼՂՀ օրենքը, որով դրվում է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման հիմքը։

Այս կապակցությամբ մեր հարցերին պատասխանում է ԼՂՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Սիլվա ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում հանրային հատվածի կազմակերպությունը, և ո՞ր կազմակերպություններն են դասվում հանրային հատվածի կազմակերպությունների շարքը։

- Հանրային հատվածի կազմակերպությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններն են, որոնք կոչված են իրականացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները և գործունեություն են ծավալում միայն ոչ առևտրային բնագավառներում։ Այդպիսի կազմակերպություններ են համարվում պետական կառավարչական հիմնարկները, համայնքների ղեկավարների աշխատակազմերը և պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց հիմնական առանձնահատկությունը պետական կամ տեղական բյուջեներից ֆինանսավորումն է։

- Ո՞րն է ՙՀանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին՚ ԼՂՀ օրենքի հիմնական նպատակը։

- Մինչ այս օրենքի ընդունումը օրենսդրորեն սահմանված չէին ԼՂՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման միասնական հիմունքները։ Դրանք կարգավորվում էին գործող ՙՀաշվապահական հաշվառման մասին՚ ԼՂՀ օրենքով, ԽՍՀՄ ժամանակներում հաստատված հաշվային պլանով, ԼՂՀ կառավարության որոշումներով և լիազոր մարմնի հրամաններով։ Սակայն պետք է նշել, որ հիշյալ օրենքի կիրառումը նպատակահարմար չէ հանրային հատվածի կազմակերպությունների համար, քանի որ տարբեր են հանրային ու մասնավոր հատվածի կազմակերպությունների գործողության ոլորտները և ֆինանսական հաշվետվությունների կազմման, ներկայացման ու հրապարակման սկզբունքները։ Իսկ կիրառվող հաշվային պլանը համարժեք չէ հանրային հատվածի ներկայիս կարիքներին և այս բնագավառում արձանագրվող զարգացման ժամանակակից միտումներին։ ՙՀանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին՚ ԼՂՀ օրենքի հիմնական նպատակը հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումն է։ Նշված օրենքի դրույթներն ուղղված են հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման վարման և կազմակերպման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և հաշվապահների որակավորման գործընթացների կարգավորմանը։

- Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրումը։

- Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի ստանալ պետական մարմինների առանձին և համախմբված ֆինանսական հաշվետվություններ և հուսալի ու արժանահավատ տեղեկատվություն պետության ֆինանսական վիճակի, գործունեության ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել արդյունավետ հսկողություն և վերահսկողություն պետական մարմինների գործունեության նկատմամբ։ Այս համակարգի ներդրման արդյունքում հանրային հատվածի կազմակերպություններում կունենանք հաշվառման առավել բարձր մակարդակ և առավել որակյալ մասնագետներ։

-Սույն օրենքի ընդունումից հետո Ձեր հետագա անելիքները։

-Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգը ներդրվելու է երկու հիմնական փուլով, որոնցից առաջինն ընդգրկելու է նախապատրաստական միջոցառումները, իսկ երկրորդը` համակարգի ներդրման միջոցառումները։ Նախապատրաստական միջոցառումները կներառեն. ¬ հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և հաստատում, այդ թվում` հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ԼՂՀ ստանդարտը, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը, կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի մոդելը, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի փաթեթը և այլն, ¬ հաշվապահների վերապատրաստումների անցկացում` ըստ նախապես հաստատված խմբերի, - հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով ապահովում։ Համակարգի ներդրման միջոցառումները հանրային հատվածի կազմակերպություններում կներառեն. - ներքին իրավական ակտերի մշակում և հաստատում` հիմք ընդունելով հաստատված իրավական ակտերը, ¬ ակտիվների և պարտավորությունների գույքագրում և դրանց գույքային (անալիտիկ տվյալների) ցուցակների կազմում, ¬ մուտքի հաշվեկշիռների պատրաստում, ¬ հաշվապահական հաշվառման միասնական համակարգչային ծրագրի ներդրում, ¬ ակտիվների և պարտավորությունների անալիտիկ և սինթետիկ տվյալների մուտքագրում հաշվապահական հաշվառման միասնական համակարգչային ծրագիր, ¬ նոր համակարգով հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների պատրաստում, ¬ համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստում։

- Ինչպե՞ս է իրականացվելու անցումը հաշվապահական հաշվառման նոր համակարգին։

- Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումն իրականացվելու է աստիճանաբար, ըստ խմբերի` լիազոր մարմնի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, ընդ որում` 1-ին խմբում ընդգրկվելու են այն կազմակերպությունները, որոնք պատրաստելու են առանձին ֆինանսական հաշվետվություններ, 2-րդ և 3-րդ խմբերում` վերահսկող (լիազոր մարմիններ` պետական կառավարչական հիմնարկներ) կազմակերպությունները` իրենց ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների հետ, որոնք պատրաստելու են համախմբված ֆինանսական հաշվետվություններ, 4-րդ խմբում` վերահսկող (լիազոր մարմիններ` ԼՂՀ շրջանների վարչակազմեր և քաղաքային համայնքներ) կազմակերպությունները` իրենց ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների և գյուղական համայնքներ հետ, որոնք պատրաստելու են համախմբված ֆինանսական հաշվետվություններ։

ՙԱԱ՚