[ARM]     [RUS]     [ENG]

ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արցախում պատերազմի մասին շարունակում են հիշեցնել ոչ միայն սահմանում հնչող կրակոցները, այլեւ ժամանակ առ ժամանակ տարբեր բնակավայրերում հայտնաբերվող չպայթած ռումբ-ականները, որոնք 1990-ականների ծանր օրերի ժառանգությունն են:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են: ՙThe HALO Trust՚ կազմակերպության սակրավորների աշխատանքի հերթական հասցեն Մարտունու շրջանի Ճարտար քաղաքն էր. վերջերս հերթական մաքրված տարածքն է հանձնվել համայնքին: Ավիառումբը 1992-ին հենց Ճարտարի մուտքի մոտ է ընկել: Պայթած եւ չպայթած մասերը բավական մեծ տարածքի վրա էին սփռվել: Հարեւան թաղամասի բնակիչները տեղը լավ գիտեին: ՙԳիտեինք, որ ռումբի մի մասը հենց ընկնելուց պայթել է, բայց չպայթած մասեր էլ կային՚,- հիշում է բնակիչներից Արարատ Անտոնյանը: Ավելի ուշ՝ պատերազմից հետո, գյուղամերձ այս տարածքի մի մասն անգամ ցանկապատվել է եւ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվել, պատմում է համայնքի ղեկավար Արթուր Աղաբեկյանը: Հենց գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ էլ, 2010-ին, հերթական մահաբեր բեկորներն են գտնվել: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել: Ահազանգել են: Նույն թվականին ՙThe Halo Trust՚-ը տարածքի վերգետնյա մաքրում է իրականացրել: Սակայն վտանգը դեռ մնում էր: Տարիների ընդմիջումից հետո որոշում է ընդունվել տարածքը հիմնավորապես ազատել վտանգավոր բեկորներից: ՙՍտորգետնյա մաքրում է իրականացվել 3 հեկտար տարածքում, շուրջ 30 ավիացիոն ռումբ ենք հայտնաբերել եւ ոչնչացրել՚,- արդյունքների մասին է պատմում բրիտանական ոչ կառավարական այս կազմակերպության ականազերծող թիմի հրամանատար Էդգար Սարկիսովը: Արտաքինից անվտանգ այս գնդակները վտանգավոր են անգամ երկու տասնամյակ հետո, հիշեցնում են սակրավորները եւ վստահեցնում՝ նման բեկորներ մաքրված այս տարածքում այլեւս չկան: Այդ մասին վկայող փաստաթղթերը ստորագրվել եւ հանձնվել են քաղաքապետին ու Մարտունու շրջանի քաղպաշտպանության շտաբի պետին: Մինչև Ճարտարը աշխատանքներ են իրականացվել նաեւ Քաշաթաղի տարածքում: ՙՆախքան այդ՝ ականազերծման աշխատանքներ ենք իրականացրել Նորաշենիկ եւ Քարեգահ գյուղերում՚,- պատմում է ՙThe HALO Trust՚-ի Ստեփանակերտի գրասենյակի կառավարիչ Գալա Դանիլովան: ՙԱյդ կատեգորիայի տարածքները բավական ընդգրկուն են՝ մոտավորապես 6 միլիոն քառակուսի մետր եւ մոտ 80 գյուղ՚,- մանրամասնում է կազմակերպության Հայաստանի եւ Ղարաբաղի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանը: Այս տրամաբանությամբ էլ ընտրվել է. ՙLandmain Free Artsakh Compaign՚-ի աջակցությամբ։ ՙThe Halo Trust՚-ը 2016-ին ականազերծման աշխատանքներ կիրականացնի Հադրութի եւ Մարտունու շրջանների միջեւ ընկած ականապատ տարածքներից մեկում: Եթե Ճարտարի հարեւանությամբ գտնվող տարածքի մաքրումը մոտ 15 հազար դոլար է արժեցել, ապա 2016-ի ծրագրի համար շուրջ 100 հազար դոլար կպահանջվի: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ