[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏՆ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՔ՝ ՀԵՏԱԳԱ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդեն քանի տարի՝ Նոյեմբերի 26-ը Արցախում նշվում է որպես Դատախազության աշխատողի մասնագիտական օր։ Տոնի այս հատկանշումը կապված է 1924թ. նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի մարզային դատախազության ստեղծման հետ։

Մասնագիտական օրվա կապակցությամբ ԼՂՀ դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստին ներկա էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները։ Համասեռ կառույցի իր գործընկերներին շնորհավորելու էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Տոնի առթիվ համակարգի աշխատողներին շնորհավորեց ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը։ Նրա խոսքով՝ մասնագիտական տոների ցանկում դատախազության օրվա նշումը վկայությունն է այն իրողության, որ երկրի իշխանությունները կարևորում են օրենքի գերակայությունը հանրապետությունում՝ այս համատեքստում ընդգծելով դատախազական աշխատանքի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Հանրապետության ղեկավարության կողմից մշտապես դրսևորվող աջակցությունը ԼՂՀ դատախազության առջև դրված խնդիրների լուծմանը, լավ հիմք է՝ լիարժեք իրականացնելու Սահամանադրությամբ և օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունները։ ՙԱկնհայտ է, որ դատաիրավական բնագավառում և, մասնավորապես, դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները որակական նոր մակարդակի վրա են դրել Արցախում իրավակարգի ապահովման դրվածքը,- ասաց Ա. Մոսիյանը։- Այդ շրջանակում բարելավվել են նաև դատախազների կենսապահովման և աշխատանքային պայմանները, ինչը ևս լուրջ խթան է մասնագիտական պատվախնդրությամբ առաջնորդվելու, աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ որդեգրելու, դատավարական որոշումներ ընդունելիս անաչառ ու սկզբունքային լինելու, հանձնարարված գործի նկատմամբ առավել պատասխանատվություն ցուցաբերելու համար՚։ ԼՂՀ գլխավոր դատախազը մատնանշեց համակարգի մարմինների և հանրապետության մյուս իրավապահ ու հսկողական գործառույթներ իրականացնող կառույցների միջև առկա սերտ համագործակցությունը։ Հաշվի առնելով այդ կառույցների պատասխանատուների ներկայությունը՝ Ա. Մոսիյանը մեկ անգամ ևս վերահաստատեց Արցախի դատախազության պատրաստակամությունը՝ նրանց հետ փոխգործակցությունն ավելի խորացնելու գործում։ ՙՕրենքի գերակայությունն Արցախում, հիրավի, այլընտրանք չունի։ Սա մի ուղենիշ է, որին հավատարիմ ենք եղել ի սկզբանե։ Մենք կարողացել ենք ժողովրդավարական արժեքներին համահունչ երկրում ստեղծել մի համակարգ, որը ներկայումս հանդիսանում է ԼՂՀ կայացած պետական կառույցներից մեկը։ Դատախազության յուրաքանչյուր աշխատակցի համար այսօր տեսանելի և ընդունելի են այն առաջնահերթությունները, որոնցով ամբողջանում են մեր հետագա անելիքները։ Ճիշտ օգտագործելով մեր մասնագիտական ներուժը, ունենալով աշխատանքային բավարար փորձ՝ մենք անկասկած կկարողանանք նորանոր հաջողություններ արձանագրել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՚,- ասաց ԼՂՀ գլխավոր դատախազը։ Դատախազության մասնագիտական տոնի առթիվ համակարգի աշխատողներին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Այն ներկայացրեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը։ Նա միաժամանակ կարդաց Նախագահի հրամանագիրը, ըստ որի աշխատանքում ձեռք բերած արդյունքների համար և Դատախազության օրվա առիթով ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Արմեն Գալուստի Գալստյանը պարգևատրվել է ՙՄխիթար Գոշ՚ մեդալով և պետական բարձր պարգևը հանձնեց հասցեատիրոջը։ Հիրավի, վերջին մի քանի տարիներին երկու հայկական հանրապետությունների դատախազությունների միջև համագործակցությունը նոր որակ է ձեռք բերել։ Արցախի գործընկերներին ուղղված շնորհավորանքի խոսքում ՀՀ դատախազը երկու կարևոր հանգամանք մատնանշեց։ Դրանցից առաջինը, ըստ Գ. Կոստանյանի, օրինականության երաշխավորման գործառույթն է, որը բացարձակ արժեք է, և այդ առումով դատախազի դերն անփոխարինելի է։ Նա հպարտությամբ փաստեց, որ ԼՂՀ դատախազությունն արդեն կայացած համակարգ է։ Երկրորդ կարևոր ուղղությունը, ինչպես ասաց ՀՀ գլխավոր դատախազը, արդարության գաղափարն է, որի մասին չպետք է մոռանալ։ ՙՄենք բոլորս մեր գործառույթները պետք է իրականացնենք արդարության սկզբունքով,-ասաց Գ. Կոստանյանը։- Բնականաբար, մեզնից որևէ մեկը չէր ուզենա, որ իր կամ իր հարազատի նկատմամբ անարդար գործեին։ Հետևաբար, պետք է այնպես անել, որպեսզի որևէ մեկի ճակատագիրը չխեղվի մեր անփութության, անգրագիտության կամ ոչ արդարացի լինելու պատճառով՚։ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ԼՂՀ դատախազության մի քանի աշխատողներ պարգևատրվեցին ՙՀամագործակցության ամրապնդման համար՚ մեդալով։ Նույնանուն մեդալով, ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրամանով, դատախազության մեկ այլ խումբ աշխատողներ պարգևատրվեցին ոստիկանության հետ սերտ համագործակցության համար։ Հրամանագիրը ներկայացրեց ոստիկանության կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը։ Դատախազության համակարգի աշխատողներին և վետերաններին շնորհավորեց ու բարեմաղթանքի խոսք ասաց ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը։ Նրա խոսքով՝ ԼՂՀ դատախազությունն իր երկարամյա գործունեության ընթացքում լուրջ դերակատարություն է ունեցել մեր երկրում մարդու իրավունքների, քաղաքացիների օրինական շահերի պաշտպանության, ժողովրդավարական արժեհամակարգի ստեղծման ու պահպանման գործում։ ՙՀամակարգն իր առանցքային դերակատարումն ունի հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման համակարգին ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Ազատամարտի տարիներին համակարգի աշխատողները, ցուցաբերելով անձնական խիզախություն և նվիրվածություն, անառիկ են պահել հայրենի սահմանները՝ կատարյալ օրինակ ծառայելով նոր սերնդի համար՚,- ասաց Ա. Ղարամյանը։ Նրա համոզմամբ՝ հենվելով տասնամյակների հարուստ փորձի վրա ու առաջնորդվով օրենքի գերակայության և ժողովրդավարության հաստատման ուղեգծով, ինչպես նաև խորացնելով ՀՀ գործընկեր կառույցի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունը՝ դատախազության աշխատողները կկարողանան հասնել նոր հաջողությունների։ Դատախազության մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել նաև ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը։ Մասնագիտական տոնի առթիվ անակնկալներ ուներ ԼՂՀ գլխավոր դատախազը։ Ա. Մոսիյանի հրամաններով համակարգի մի խումբ աշխատողներ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանացան պարգևների, պատվավոր կոչումների և խրախուսանքի։ Գլխավոր դատախազի հրամանները ներկայացրեց դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը։ Գլխավոր դատախազի առանձին հրամանով դատախազության աշխատակազմը խրախուսվեց դրամական պարգևով։ Կոլեգիայի նիստին արձանագրվեց մեկ այլ հաճելի արարողություն. տեղի ունեցավ Ստեփանակերտ քաղաքի դատախազության նորանշանակ դատախազ Կարեն Գրիգորյանի երդման արարողությունը։ Նիստի ավարտին Արթուր Մոսիյանը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար՝ նշելով, որ դատախազության համակարգի հանդեպ հավատն ու վստահությունը կայուն հիմք կդառնան հետագա աշխատանքում նոր հաջողություններ արձանագրելու համար։ 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ