[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Պատարագ նշանակում է ընծա, նվեր, զոհաբերություն: Սուրբ պատարագ է կոչվում քրիստոնեական եկեղեցու կարևորագույն արարողությունը` Սուրբ Հաղորդության խորհրդի կատարումը:

Մարդն անընդհատ մեղանչող էակ է: Դեռևս առաջին մարդը` Ադամը, մեղքի հետևանքով վտարվեց դրախտից` Աստծո հավերժական ներկայությունից, և դարձավ մահկանացու: Ադամի սերունդը` մարդկությունը, շարունակեց ենթակա մնալ մեղքի ու մահվան իշխանությանը: Աստծո ողորմությանն արժանանալու և սեփական մեղքերը քավելու համար մարդիկ նվիրատվություններ էին կատարում Աստծուն և կենդանիներ զոհաբերում: Սակայն ո՜չ երկրի բարիքները, ո՜չ էլ կենդանիների արյունը չեն կարող սրբել մարդու մեղքերը և բացել փրկություն ճանապարհն առ Աստված: Ուստի Աստված ինքը բացեց այդ ճանապարհը. Աստծո Որդին` Հիսուս Քրիստոս, մարդու կերպարանքով ծնվեց և ապրեց մարդկանց մեջ` սովորեցնելով փրկության արժանանալու աստվածահաճո կյանքի ուղենիշները: Եվ Հիսուս Քրիստոս Ինքը վճարեց մարդկությանը մեղքից ու մահվանից ազատագրելու փրկագինը` տանջանքների ենթարկվելով, խաչվելով, մահանալով և ապա Հարություն առնելով: Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոս Իր աշակերտների հետ վերջին ընթրիք է կատարում, որի ժամանակ վերցնում է հացը, օրհնում այն, կտրում և տալիս Իր աշակերտներին... Այսպիսով, Քրիստոս հաստատում է Սուրբ Հաղորդության խորհուրդը` պատվիրելով այն միշտ կատարել Իր հիշատակի համար: Եվ Քրիստոսի հետևորդները` քրիստոնյաները, ավելի քան երկու հազար տարի կատարում են Նրա պատգամը Սուրբ Պատարագի արարողությամբ: Խորհուրդը Ս. Հաղորդություն է կոչվում, քանի որ հացի` նշխարի ու գինու միջոցով հավատացյալները խորհրդանշական կերպով հաղորդակից են դառնում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, հաղորդակից են դառնում մարդու փրկության համար տրված մեծագույն Պատարագին` Աստվածորդու ինքնազոհաբերմանը: Սկզբնական շրջանում Ս. Հաղորդության խորհրդի կատարումը բավականին պարզ ու կարճ արարողություն է եղել: Հետագայում այն աստիճանաբար ավելի է գեղեցկացվել ու կատարելագործվել աղոթքներով, սաղմոսներով, հոգևոր մեղեդիներով և արարողության այլ բաղադրիչներով: Արարողության առանցքային անձը Եկեղեցու Խորանում` Սուրբ Սեղանի վրա Պատարագ մատուցող քահանան է` պատարագիչը: Պատարագիչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին: Պատարագչին Խորանում օգնում և սպասավորում են սարկավագները, ովքեր խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի աշակերտներին և միջնորդ են հանդիսանում պատարագչի ու հավատացյալների միջև: Իսկ երգչախումբը կամ դպրաց դասը խորհրդանշում է հավատացյալներին: Ս. Պատարագին լիարժեք մասնակցելու համար պետք է մկրտված լինել, գիտակցել կատարած սեփական բոլոր մեղքերը, զղջալ` այլևս այդ մեղքերը չկրկնելու հստակ որոշումով, ապա Ս. Պատարագի նախորդ երեկոյից ծոմ պահել (ոչինչ չուտել), առավոտյան եկեղեցում մասնակցել մեղքերի համընդհանուր խոստովանության կարգին և Ս. Պատարագի ընթացքում ստանալ Ս. Հաղորդություն: Չմկրտված և վերոնշյալ հոգևոր պատրաստվածությունը չունեցող մարդը չի կարող Ս. Հաղորդություն ստանալ, այլ կարող է միայն լուռ ներկա գտնվել Ս. Պատարագին և աղոթել: Սակայն կարևոր է, որ ցանկացած քրիստոնյա մկրտվի և պատրաստվի Ս. Հաղորդությանը: Հայ Առաքելական Եկեղեցու Ս. Պատարագը բաղկացած է 4 մասերից. 1. Պատրաստություն. նպատակն է սրբագործել Պատարագի մասնակիցներին` սկսած պատարագիչ քահանայից: Տևում է սկզբից մինչև ՙԱշխարհգալոց՚ հատվածը, երբ որ պատարագիչը թափորով իջնում է Խորանից, պտտվում եկեղեցում և կրկին բարձրանում Խորան` Հիսուս Քրիստոսի օրինակով, Ով իջավ երկնքից, ապրեց մարդկանց մեջ ու կրկին երկինք բարձրացավ: Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մարդեղացումը: 2. Երախայից Պատարագ. ՙերախա՚ նշանակում է չմկրտված անձ: Պատարագի այս հատվածը տևում է մինչև այն պահը, երբ սարկավագը երգում է ՙՄի ոք հերախայից…՚` կոչ անելով չմկրտվածներին, թերահավատներին, ապաշխարողներին ու անմաքուրներին չմոտենալ աստվածային սուրբ խորհրդին` Ս. Հաղորդությանը: Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը մարդկանց մեջ: 3. Հավատացելոց կամ Սրբեցելոց Պատարագ. Պատարագի կարևորագույն հատվածն է, որը եզրափակվում է հավատացյալների` Ս. Հաղորդություն ստանալով: Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին դրվագները: 4. Վերջին օրհնություն և Արձակում. Ս. Պատարագի եզրափակիչ մասը: Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Համբարձումը: 

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ

Արցախի թեմի տեղեկատվական համակարգի տնօրեն