Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԳՈՐԾԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԻՐ ՈՂՋ ԷՈՒԹՅԱՄԲ...

 ՙՄարտական խաչ՚ 1-ին աստիճանի շքանշանակիր Սամվել Վլադիմիրի Հարությունյանը, ով համարվում է Արցախյան պատերազմի ամենաերիտասարդ հրամանատարներից մեկը, ծնվել է 1970թ. դեկտեմբերի 4-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Ավարտել է մայրաքաղաքի հ. 5 հիմնական դպրոցը։ Ստեփանակերտի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր, երբ 1991թ. դեկտեմբերին զինվորագրվեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի՝ նոր կազմավորվող 6-րդ վաշտին։ 1991-92թթ. Ս. Հարությունյանը ԿՊՇ վաշտերից մեկի հրամանատարի տեղակալն էր, 92-ի սեպտեմբերից՝ 3-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը։ Մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Մալիբեկլուի, Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի, Մեծ Շեն, Սարսանգի ջրամբարի և շուրջ 12 այլ գյուղերի ազատագրական մարտերին։ Ս. Հարությունյանը կամավորների խմբով մարտից առաջ թափանցել է թշնամու թիկունք, խուճապ ստեղծել ու դրանով ապահովել գումարտակի հաղթանակը։ Այդ Սամվել Հարությունյանի գլխավորած մարտիկներն էին, որ արժանի դաս տվեցին ադրբեջանական էլիտար համարվող Գերանբոյի գումարտակի ասկյարներին՝ վերջնականապես և գլխովին ջախջախելով նրանց։Դեկտեմբերի 4-ին Սամվելը կդառնար 45 տարեկան, հիրավի ծաղկուն հասակ։ Ավա՛ղ, հարազատներն ու մարտական ընկերները նրա հոբելյանը նշեցին առանց նրա։ Առավոտյան նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրմին, ապա՝ Ստեփանակերտի հ. 5 դպրոցի Փառքի սրահում։ Դպրոցի դահլիճում տեղի ունեցած հուշ-ցերեկույթին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը (ով օրվա հերոսի հարազատ եղբայրն է), ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԱԱՄ նախագահ, ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, մարտական ընկերները, հարազատները, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Հանդիսավարների բացման խոսքից հետո հնչեց ԼՂՀ օրհներգը, ապա ներկաների համար ցուցադրվեց ՙԳոյամարտ՚-ի ստեղծագործական կազմի ուժերով պատրաստված ՙԱմենաերիտասարդ հրամանատարը՚ տեսաֆիլմը։ Դպրոցի աշակերտների ասմունքի հիմքում ընկած էին Սամվել Հարությունյանի կյանքի ու գործունեության նշանակալից դրվագները։ Աշակերտներն ու ՊԲ ՙԱսպետ՚ համույթի մենակատարները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ։ Միջոցառման մասնակիցները հուզմունքով ունկնդրեցին օրվա հերոսի մարտական ընկերոջը՝ Գագիկ Բեգլարյանին, ում կարծիքով՝ Սամվելի ռազմավարական տաղանդն արժանի է ուշադրության... Մինչև գրոհն սկսելը նա լավ ուսումնասիրում էր թշնամու դիրքերը, երբեմն անձամբ հետախուզելով գրոհի ուղին, ձգտելով հաղթանակը շահել առանց զոհերի։ Սամվելը լավ զինվոր ու լավ ընկեր էր։ Քաջությունն ու մարդկային վսեմ բնավորությունը նրան դարձրին 6-րդ վաշտի ամենից սիրված զինվորը, վերհիշում է Գ. Բեգլարյանը։- 1992 թվականը բեկումնային տարի էր. մեկը մյուսի հետևից ազատագրվում էին Մարտակերտի շրջանի գյուղերը։ Թշնամին, որքան էլ հզոր ու թվով շատ, գլուխը կորցրած՝ լքում էր իր ռազմական հենակետերը։ Թեժ մարտերում պատահում էր, Սամվելի հետ լիաթոք ծիծաղում էինք փախչող օմօնականների հետևից։ Այդ ՙքաջերը՚ վտանգի պահին դեն էին նետում ոչ միայն զենքը, այլև հագուստն ու ոտնամանները։ Այդպես երևի հեշտ էր վազելը։ Արդեն ազատագրվել էին Սարսանգը, Մեծ Շենը, Մաղավուզը, թուրքական բանակը նահանջելով՝ ամրացել էր Հակոբ Կամարի գյուղի մոտ։ Գրոհում էր 6-րդ վաշտը, որի հրամանատարի տեղակալը Սերգեյ Թովմասյանն էր։ Մարտը վարում էր Սերգեյը։ Նա միշտ առջևից էր գնում, չէր մտածում մահվան մասին։ Քաջ էր, համառ, համարձակ։ Հետևում նրա վաշտի ջանքերով ազատագրված գյուղերն էին, առջևում՝ դարան մտած թուրքերը։ Գրոհը Սերգեյի գլխավորությամբ պսակվեց հաղթանակով, բայց, ավաղ, Սերգեյն այդ մարտում զոհվեց։ Հրամանատարի տեղակալ է նշանակվում Սամվել Հարությունյանը։ Դա նաև Սերգեյի ցանկությունն էր. նա հաճախ էր գնահատում իր մարտական ընկերոջ քաջությունը։ Օգոստոսին մարտերն ավելի թեժացան, թշնամին ամեն օր նոր ուժեր էր կուտակում հատկապես Սարսանգի ուղղությամբ՝ ցանկանալով դաշտերին ու այգիներին կյանք ու շունչ տվող Սարսանգի լիճը, ոռոգման համակարգը պահել իր ձեռքում։ Այդ օրերին վաշտի հրամանատարը բացակայում էր, նրան փոխարինում է Սամվելը։ Հմտորեն վարելով մարտը՝ նա կարողացավ թշնամուն ետ շպրտել, խլելով նրանից Տ-72 երկու տանկ և մեծ թվով զենք ու զինամթերք։ Երբ սեպտեմբերին (1992թ.) ինքնապաշտպանական ուժերի վաշտերից կազմակերպվեցին գումարտակներ, 22-ամյա Սամվելին նշանակեցին թիվ 3 գումարտակի հրամանատար։ Ասես նրա եռանդն ավելացավ, դարձավ նորաստեղծ գումարտակի շունչն ու ոգին։ Կարճ ժամանակում նրա հրամանատարությամբ ազատագրվեց 12 գյուղ, թշնամուն սեղմեց Մարտակերտի սահմանագծի վրա։ Կային գյուղեր ու ռազմական հենակետեր, որոնք մի քանի անգամ ձեռքից ձեռք անցան։ Թշնամին չէր ուզում իրեն պարտված ճանաչել։ Ճիշտ է, հաճախ նրանք մարտի դաշտում թողնում էին մի քանի տասնյակ սպանվածներ, բայց գալիս էին նորերը, գալիս էին հարբած, թմրադեղերի ազդեցության տակ։ ՙԵթե ուզում ես թշնամուն լիակատար պարտության մատնել, ջախջախել, խուճապի մեջ գցիր նրան, դա մեզ սովորեցնում են բոլոր մեծ զորավարները՚,- ասում էր Սամվելը։ Այդ գործում նա իր մեթոդն ուներ։ Մարտից առաջ նա խիզախներից մի քանի հոգու միշտ ուղարկում էր թշնամու թիկունքը, որոնց հայտնվելը մարտի ժամանակ իսկապես մեծ խուճապ էր ստեղծում թշնամու բանակում։ Հրամանատար նշանակվելուց հետո Սամվելը ձգտում էր առաջվա պես մոտիկից շփվել զինվորների հետ, նրանց կողքին բաց խրամատում հսկել թշնամու դիրքերը, ընկերների հետ կրել բոլոր զրկանքները։ Գումարտակում շատերն էին ամուրի, և սիրո թեման նրանց խոսակցության նյութն էր։ Հրամանատարն էլ էր ամուրի, գուցե և սիրած աղջիկ ուներ, գուցե Արցախի գեղուհիներից մեկն սպասո՞ւմ էր նրան... Բայց 1993թ. մարտի 20-ին Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի մոտ թշնամու լարած հակատանկային ականից իր չորս խիզախ ընկերների հետ զոհվեց Սամվելը։ Գ. Բեգլարյանն ընթերցեց իր հեղինակած ՙՍերը խրամատում՚ բանաստեղծությունը, և որպես օրվա անակնկալ՝ բացեց չակերտները. բանաստեղծությունը նվիրված է Սամվելի սիրած աղջկան, ով նրա մարտական ընկերուհին էր միաժամանակ։ Ներկաների հետ իր տպավորություններով կիսվեց հերոսի ուսուցչուհին՝ Լաուրա Հովսեփյանը, վկայելով, որ խորը կսկիծով է տանում սաների կորուստը։ Հիշեց ու վերհիշեց նրանց անունները, անթաքույց հպարտությամբ խոսեց Սամվելի մասին, ով աչքի էր ընկնում գերազանց առաջադիմությամբ։ Ցավոք, պատերազմը խառնեց շատերի ճակատագրերը։ Սամվելն ընկավ պայքարի կես ճանապարհին։ Եվ այսօր ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիներով հպարտանում ենք ոչ միայն ապրողներս։ Նրանք օրինակ կծառայեն նաև գալիք սերունդների համար։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ