[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱՌ, ԱՆՇՐՋԵԼԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Հարցազրույց ԼՂՀ դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Արմեն ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

 -Արմեն Գալուստի, ինչպես հայտնի է՝ Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Թերևս դա առիթ է՝ մեկ անգամ ևս խոսելու երևույթի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր ղեկավարած բաժինը զբաղվում է գողության, խարդախության, յուրացման և վատնման դեպքերի բացահայտմամբ։ Կոռուպցիոն հանցագործությունների տեսակետից տարածաշրջանում ի՞նչ տեղ է զբաղեցնում Արցախը:

- 2003թ. դեկտեմբերի 9-ին Մեքսիկայում մեկնարկել էր Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի ստորագրման գործընթացը, և այդ պատճառով դեկտեմբերի 9-ը հռչակվեց կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Թե ինչպիսի վնասակար և կործանարար հետևանքներ կարող են ունենալ կոռուպցիոն երևույթները, կարելի է դատել ՄԱԿ-ի կոնվենցիայից ու դրանով առաջարկվող՝ բազմաբովանդակ և համակարգային հակակոռուպցիոն միջոցառումներից, միջպետական համագործակցության ուղղություններից ու պարտավորությունների ծավալներից: Թեև Արցախն առայժմ միջազգային իրավունքի սուբյեկտ չէ, այդուհանդերձ, ներպետական կամքն ու ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելու արցախյան հասարակության անդրդվելի ձգտումը մղում է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի, որի արդյունքները ՄԱԿ-ի հիշյալ կոնվենցիան ստորագրած պետությունների համեմատությամբ նույնիսկ գոհացուցիչ և ընդօրինակելի են: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակական և որակական ցուցանիշների տեսանկյունից արցախյան հասարակությունը դասվում է առավել պաշտպանվածների շարքին, և այդ առումով Արցախը հարևան մի շարք երկրների համեմատությամբ նախանձելի բարձրության վրա է: - Կոռուպցիա անվան տակ շուրջ երեք տասնյակ հանցագործություններ կան ընդգրկված. որո՞նք են մեր հանրապետությունում ավելի հաճախ արձանագրվողները։

- Հիմնականում արձանագրվում են կոռուպցիոն հանցագործություններ՝ կապված պետական միջոցների՝ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակության, պաշտոնատար անձանց կամ առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական փաստաթղթերի կեղծման, հարկեր վճարելուց խուսափելու, իսկ երբեմն նաև՝ կաշառք տալու, ստանալու և կամ կաշառքի միջնորդության դեպքեր:

- Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում ո՞ւմ հետ եք համագործակցում:

- Ընդհանրապես պատրաստ ենք համագործակցել ցանկացած պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների հետ, սակայն առավել արդյունավետ ու առարկայացված է ԼՂՀ ոստիկանության, Վերահսկիչ պալատի, հարկային մարմինների և Ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցությունը:

- Գաղտնիք չէ, որ հասարակությունը ևս շահագրգիռ կողմերից է՝ բացահայտելու և վերացնելու կոռուպցիոն հանցագործությունները: Հաջողվո՞ւմ է այդ գործում ընդգրկել նաև հասարակության անդամին:

- Ցավով պիտի հայտարարեմ, որ արցախյան հասարակությունը անհրաժեշտ չափով ակտիվ ու ներգրավված չէ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում: Քիչ առաջ հիշատակված ՄԱԿ-ի կոնվենցիան կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դերակատարություն է շնորհել քաղաքացիական հասարակությանը՝ առանց նրանց ներգրավվածության այդ պայքարի արդյունավետությունը համարելով դատապարտված անհաջողության, և միաժամանակ անդամ պետություններին առաջադրել ու նրանց պարտքն է համարել ապահովել հասարակական ներգրավվածությունը։ Եթե հետևել եք վերջին տարիներին դատախազության կողմից զանգվածային լրատվության միջոցներով արված հրապարակումներին, ապա նկատած կլինեք հասարակությանն ուղղված համագործակցության մեր բազմաթիվ առաջարկները, կոչերն ու հորդորները: Եվ ասեմ, որ դրանք արդյունք տվել են, սակայն կոռուպցիոն երևույթներն իսպառ արմատախիլ անելու նպատակով հռչակված պետական քաղաքականությունը պահանջում է ավելին, քան հիմա ունենք, որին հասնելու համար դատախազությունն այսուհետ ևս միջոցներ կձեռնարկի նման հանցագործությունների դեմ պայքարում հասարակական զանգվածի ներուժն օգտագործելու՝ այդ թվում հասարակական կազմակերպություններին տվյալ գործընթացին մասնակից դարձնելու ուղղությամբ: Ուստի շահագրգիռ և պատրաստակամ կառույցների հետ կկազմակերպվեն քննարկումներ՝ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, նոր մոտեցումներ ձևակերպելու համար: Կոռուպցիոն երևույթների նկատմամբ հանդուրժողականության և անտարբերության բացառում. ահա այն ձևաչափը, որով դատախազությունը գնահատում է հասարակության ներգրավվածության և մասնակցության աստիճանը, և որին հասնելը դատախազությունը իրատեսական և հնարավոր է համարում:

- Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շարքում հաճախ են հայտնվում կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտները: Ո՞րն է պատճառը:

- Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում գոյություն ունի առաջնահերթ մի կանոն՝ մշտապես ուշադրության տակ պահել այն ոլորտները, որոնք սնվում են պետական միջոցներով և որտեղ առկա է չարաշահումների բարձր ռիսկ: Կրթության ոլորտին պետության կողմից մեծ ուշադրություն է դարձվում, հետևաբար այդ համակարգը իրավապահ մարմինների տեսադաշտից դուրս լինել չի կարող և թույլ վերահսկողության պատճառով այդ համակարգում իրոք չարաշահումներ լինում են: Տեղական ինքնակառավարման համակարգը նույնպես ստանում է պետական աջակցություն, այդ իսկ պատճառով այն ևս խաչաձևվում է իրավապահների հետ, իսկ հիմնական պատճառը համայնք-տեղական ինքնակառավարման մարմիններ կառուցողական փոխհարաբերությունների ու փոխադարձ պատասխանատվության հողի վրա կառուցված հարաբերությունների՝ առայժմ թույլ զարգացածությունն է:

- Ուրիշ ի՞նչ միջոցներ են կիրառվելու առաջիկայում նման բնույթի հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար:

- Կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի արդյունավետության հիմնական գրավականը քրեական քաղաքականության դաշտում պարբերաբար նոր ոլորտներ ու բնագավառներ ներառելն ու կոռուպցիոն երևույթները մերկացնելն է: Այդ նպատակով հատկապես վերջին տարիներին ԼՂՀ վերահսկիչ պալատի հետ համագործակցության շրջանակում այդպիսի ոլորտներից առանձնացվել է պետական միջոցներով իրականացվող շինարարությունը, հատկանշական է, որ 2015թ. հիշյալ մարմնի հետ փոխգործակցության շնորհիվ արդեն ունենք հարուցված մի շարք քրեական գործեր: Ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համառ և անշրջելի կամքի դրսևորում, իսկ աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է կրեն հետևողական, անընդհատ ու շարունակական բնույթ, ինչին ԼՂՀ դատախազությունը պատրաստակամ ու հաստատակամ է:

- Եվ վերջում ՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից, թույլ տվեք ՙԱզատ Արցախ՚ թերթի ընթերցողների անունից շնորհավորել Ձեզ պետական բարձր պարգևի՝ ՙՄխիթար Գոշ՚ մեդալին արժանանալու համար: Երբ գնահատվում է մարդու կատարած գործը, հատկապես՝ երկրի իշխանությունների կողմից, կարծում եմ, մեծագույն հպարտություն է:

-Շնորհակալություն շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար: Հիրավի, երկրի բարձրագույն ղեկավարության կողմից պարգևատրվելը հաճելի է, ոգևորող, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց պարտավորեցնող է: Տեղին եք նշել՝ պարգևը շնորհվել է աշխատանքի համար, իսկ աշխատանքը դատախազությունում թիմային է, համակցված՝ սկսած իմ ղեկավարած բաժնից մինչև ԼՂՀ գլխավոր դատախազ, հետևաբար՝ պարգևը բոլորիս կատարած աշխատանքի ընդհանրական գնահատականն է: 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ