[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

ՄԱՐՏՈՒՆԻ

 Նիստում Սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2015թ. կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց գործակալության պետ Ն. Գասպարյանը: Նա նշեց, որ կարևորելով սոցիալապես անապահով խավերի կենսապայմանների բարելավումը, ծնելիության աճի և բազմազավակության խթանումը, ամուսնությունների խրախուսումը և նորաստեղծ ընտանիքների պետական աջակցությունը, ինչպես նաև նման ընտանիքների հաշվառումը, իրականացվել են մի շարք պետական աջակցության ծրագրեր, որոնց հանրագումարային արժեքը կազմել է 497175հազ. դրամ, փոխանցման ենթակա է 52550հազ. դրամ: Բանախոսը ըստ սոցիալական խավերի գումարային տեսքով ներկայացրեց նրանց հատկացված նպաստները։ Հարցի վերաբերյալ ընդունված որոշմամբ սոցծառայության Մարտունու տարածքային գործակալության պետին հանձնարարվեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամ ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սոցիալական պաշտպանվածության խնդիրները, մշտական հոգատարություն ցուցաբերել միայնակ և մենակյաց կենսաթոշակառուների, մանկուց հաշմանդամ, ծնողազուրկ երեխաների նկատմամբ: Ճարտար, Սոս, Մաճկալաշեն համայնքների ղեկավարների և ավագանիների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Կ.Դոլուխանյանը։ Նշված համայնքներում ստուգվել են նաև քաղաքացիական պաշտպանության, հողօգտագործման, գործավարության և այլ բնագավառներ: Բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ժամանակ է հատկացվել դրանց վերացման համար: Հարցի վերաբերյալ ընդունված որոշմամբ Ճարտար, Սոս, Մաճկալաշեն համայնքների ղեկավարներին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված թերությունները մինչև 2016թ. հունվարի 26-ը վերացնելու ուղղությամբ և կատարվածի մասին տեղեկություն ներկայացնել շրջվարչակազմ։ ՙՄարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց՚, ՙՃարտարի Սևակ Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատ՚, ՙՄարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոն՚, ՙՃարտարի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ-ների տնօրենների՝ 2015թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվություններով հանդես եկան նշված հաստատությունների ղեկավարները։ Նրանց հաշվետվություններում նշվեցին 2015թ. կատարված աշխատանքների, իրականացված միջոցառումների, հանրապետական մրցույթներում արձանագրված հաջողությունների մասին, ինչպես և շնորհալի պատանիների և երիտասարդների անուններ, ովքեր մասնակցել և առաջնակարգ տեղեր են գրավել ՀՀ-ում և ԼՂՀ-ում կազմակերպված մրցույթ¬փառատոներում։ Հարցի վերաբերյալ ընդունվեց որոշում՝ կոնկրետ հանձնարարականներով։ Նիստի աշխատանքներն ամփոփեց շրջվարչակազմի ղեկավար Կ. Թովմասյանը։

Օլեգ ՄԱՆԱՍՅԱՆ

ԱՍԿԵՐԱՆ

Օրակարգային հարցերի քննարկմանը, որի առաջին հարցը ԼՂՀ կառավարության կողմից գյուղատնտեսական արտադրության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերի շրջանակներում շրջանի բնակչությանը տրամադրված արտոնյալ փոխառությունների մարման գործընթացի մասին էր, տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ Նրա ներկայացրած ցուցանիշների հիման վրա 2015թ. նոյմբերի 10-ի դրությամբ 2008-15թթ. ընկած ժամանակահատվածում շրջանի բնակիչներին և պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալ հողօգտագործողներին ԼՂՀ կառավարության կողմից ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի միջոցով, համաձայն երկկողմ կնքված պայմանագրերի, տրամադրվել են 3մլրդ 460մլն 917հազար դրամի տարբեր կարգի արտոնյալ փոխառություններ՝ հիմնականում տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով։ Հաշվետու ժամանակահատվածում փոխառությունների մնացորդը կազմել է 2 մլրդ 272մլն 145 հազար դրամ, որից ժամկետանց գումարները կազմել են 218մլն 901 հազար դրամ։ Գյուղբաժնի վարիչը կոչ արեց համայնքների ղեկավարներին համապատասխան միջոցներ ձեռնարկել պետության կողմից արտոնյալ կարգով տրամադրված փոխառությունների մարումն ապահովելու ուղղությամբ։ Օրակարգի հաջորդ հարցը շրջանում մարզական միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին էր, որի մասին տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը։ Առաջնորդվելով 2015 թվականի տարեկան պլանով՝ շրջանում անցկացվել է 12 մարզական առաջնություն՝ շախմատ, բասկետբոլ, ատլետիկա, վոլեյբոլ, ֆուտբոլ մարզաձևերից, ինչպես նաև կազմակերպվել են մրցույթներ՝ ՙԼավագույն մարզական ընտանիք՚ և ՙԱռողջ ապրելակերպ՚ անվանակարգերով։ Մարզական միջոցառումներ են անցկացվել նվիրված պետական տոներին և հիշարժան օրերին։ Ներկայում ընթացքի մեջ են դպրոցականների սպարտակիադայի հանրապետական մրցումները, որի շրջանակներում շրջանի դպրոցականներն արդեն մասնակցել են հանդբոլի, մինի ֆուտբոլի, ՙԱրծվիկ՚ ռազմամարզական խաղերին, հրաձգության առաջնություններին և գրավել մրցանակային տեղեր։ Նիստում տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությունը կենցաղային ոլորտում, ինչպես նաև հասարակական վայրերում կատարվող հանցագործությունների նախականխման, կանխման աշխատանքների մասին տեղեկանք ներկայացրեց ոստիկանության շրջբաժնի պետի ծառայության գծով տեղակալ Կարեն Գրիգորյանը։ Ինչպես իրազեկեց Կ. Գրիգորյանը, նշված ոլորտներում կատարվող հանցագործությունների հիմնական պատճառը կողմերի անբարյացակամությունն է, ինչպես նաև ոգելից խմիչքի չարաշահումը։ Համագործակցելով համայնքների ղեկավարների հետ՝ ոստիկանության Ասկերանի շրջբաժինը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ հասարակական կարգի անվտանգության պահպանման, հասարակական վայրերում և կենցաղային ոլորտներում կատարվող հանցագործությունների ծնող պատճառները կանխելու ուղղությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ