[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՈՑ ՄԵԾ ՎՐԵԺԻ ՈՒԽՏԱՎՈՐԸ

 Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ մի առանձին հպարտությամբ հնչեցին բոլոր այն հայորդիների անունները (Սողոմոն Թեհլերյան, Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Միսաք Թոռլաքյան, Պետրոս Տեր-Պետրոսյան, Արտաշես Գևորգյան, Ստեփան Ծաղիկյան և ուրիշներ), ում անձնվեր քայլերի շնորհիվ աշխարհի առաջադեմ մարդկությունն ուշադրությունը սևեռեց հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Համիդյան Թուրքիայի անմարդկային գործողությունների վրա։

Մեծ եղեռնի դժնդակ ժամանակներից մինչև անցյալ դարի 70-ական թվականների սկիզբը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով կարելի է բնորոշել որպես լռության ու անտարբերության ժամանակաշրջան, ինչի արդյունքում մեր ժողովրդի երբեմնի հպարտ հոգեկերտվածքում պատվաստվեց մի նոր, արհեստածին որակ՝ զոհի հոգեբանությունը։ Ընդ որում, հայ ժողովուրդը, որ ցեղասպանության զոհ էր, հիմա էլ դառնում էր անտարբերության զոհ, որի հետևանքները նվազ սարսափելի չեն։ Հայությունը ներփակվեց իր համայնքային հոգսերի մեջ, դարձավ ինքնամփոփ՝ շարունակ վերապրելով և իր զավակներին ու թոռներին փոխանցելով ազգային ողբերգության մորմոքը։ Պայքարի քաղաքակիրթ մեթոդների անարդյունավետության պատճառով էլ 1975 թվականին կազմավորվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ նպատակ ունենալով Թուրքիայի դիվանագետների նկատմամբ իրականացվելիք հրապարակային զինված գործողությունների միջոցով միջազգային հանրության և պատկան ատյանների ուշադրությունը սևեռել Հայ Դատի հիմնախնդրի վրա։ Նվիրյալների շարքում կան այնպիսիք, ում մասին քիչ կամ գրեթե աննշան տեղեկություններ են հասել մեզ։ Դրանցից մեկն էլ Գուրգեն Յանիկյանն է, ով մեզ ներկայացվել է որպես սոսկ կույր վրիժառությամբ առաջնորդված մի ծերունի, ինչն անարդարացիորեն ստվերում է նրա բովանդակալից կենսագրության արտասովոր ոդիսականը, որի ամեն օր ու ժամ նվիրված է եղել իր ժողովրդի ողբերգության արդար հատուցման գործին։ Կորովի այս հայի մեջ մեկտեղված էին իր ժողովրդին բնորոշ բոլոր շնորհները։ Ընդհանուր տեղեկություններ Ծնվել է 1895թ. դեկտեմբերի 24¬ին։ Ծննդավայրը՝ Էրզրում, Արևմտյան Հայաստան։ Մեծ Եղեռնի ականատես է։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել ՙՄարկ Տվեն՚ մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարանը և նվիրաբերել Սարյանի ՙԱրևելյան սենյակ՚ նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած։ 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։ Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին ԱՄՆ¬ում։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ Գուրգեն Յանիկյանն արդեն ավելի քան յոթ տասնամյակն իր հետևում թողած այր էր, և իր որդեգրած պայքարի միջոցների արդյունավետությունը կասկածի տակ առնող մտքերն ավելի ու ավելի հաճախ էին այցելում նրան։ Իսկ մանուկ օրերից անբաժան մի լուսանկարից սիրելի եղբոր պատկերն ահագնանում, հատուցում էր պահանջում՝ մղձավանջով լցնելով իր գիշերները։ Եվ այդպիսի մի գիշեր էլ որոշում կայացրեց... ...Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսի և փոխհյուպատոսի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելը բնավ դյուրին գործ չէր։ Մանավանդ Յանիկյանն ուզում էր, որ այդ հանդիպումը տեղի ունենար ոչ թե հյուպատոսարանում, այլ դրսում՝ առանձին մի վայրում, որպեսզի կարողանար լիարժեք իրագործել իր ծրագիրը։ Նրա համար կարևոր էր վրիժառուի ոչ այնքան բուն գործողությունը, որքան՝ հետևանքը, այն է՝ ամեն գնով ողջ մնալ. դա պետք էր, որպեսզի դատարանում ի լուր աշխարհի բարձրաձայներ ցեղասպանության և Հայոց պահանջատիրության մասին. (ՙԵվ ամեն միջոց պիտի ձեռք առնեմ, որ ձերբակալվեմ ու ողջ մնամ, որ կարողանամ դատարանի առաջ գոռալ մարդկության երեսին սրտիս տենչանքն ու պահանջել արդարություն թե՜ իմ ազգի, և թե՜ մեզ պես ազգերի համար՚ (Գ. Յանիկյան, ՙՆպատակ և ճշմարտություն՚)։ Լոս Անջելեսում նա թուրք հյուպատոսին ու փոխհյուպատոսին ներկայանում է որպես պարսիկ մեծահարուստ՝ Յանի խան անունով և, նրանց շահագրգռելով Թուրքիայի կառավարության համար մեծ արժեք ներկայացնող նվերներով (ժամանակին սուլթան Աբդուլ Համիդի ննջարանը զարդարված իտալացի վարպետի մի կտավ և հին թուրքական մի թղթադրամ, որի վրա տասնամյակներ առաջ հավաքել էր արևելյան երկրների տարբեր ղեկավարների շուրջ 25 ստորագրություն)՝ ձեռք է բերում պայմանավորվածություն հանդիպման ժամկետի ու վայրի մասին։ ...1973թ. հունվարի 27, Սանտա Բարբարայի ՙԲալթիմոր՚ հյուրանոց։ Բայց մինչ այդ էլի պարտք ուներ կատարելու։ Հասցնում է այցելել Երևան և իր անձնական հավաքածուից Հայրենիքին նվիրաբերել մի քանի բացառիկ մշակութային արժեքներ, այդ թվում՝ Հայոց արքաներից մեկի մատանին և Մարտիրոս Սարյանի ՙԱրևելյան սենյակ՚ հայտնի կտավը, որը ժամանակին Գալուստ Գյուլբենկյանը ցանկանում էր գնել իր լիսաբոնյան թանգարանի համար, սակայն Յանիկյանը ոչ մի գնով չբաժանվեց նրանից։Անչափ տպավորիչ է հանդիպման ընթացքը։ Հյուրանոցի սենյակում հյուպատոսներն ագահաբար տնտղում են խոստացված թղթադրամը, իսկ Յանիկյանը հանգիստ հայտնում է, որ ինքը հայ է՝ ծնված Էրզրումում։ Թուրքերը փորձում են թաքցնել իրենց շփոթմունքը, ինչ-որ բաներ բարբաջում բարեկամության և ներողամտության մասին։ Յանիկյանն ավելի առաջ է գնում՝ հայտնելով, որ ինքն այն հայտնի ՆԵԳՐՈՒԳ-ն է (ՙԳուրգեն՚ անվան հակառակ ընթերցանությունը), որի ծանրակշիռ հրապարակումները ցեղասպանության մասին երկար տարիներ գլխացավանք էին պատճառում թուրքական իշխանություններին։ Խոսում է և այն մասին, որ Թուրքիան, որքան էլ կոծկի ու խեղաթյուրի ճշմարտությունը, վաղ թե ուշ հատուցելու է կատարածի համար։ Եվ մինչ մոլեգնած հյուպատոսները փորձում են հաշվեհարդար տեսնել ծերունու հետ՝ գրքի մեջ թաքցրած ատրճանակով հայ վրիժառուն սառնասրտորեն գնդակահարում է երկուսին էլ։ Դեռևս նախորդ երեկոյան փոստով հարյուրավոր գրություններ էր ուղարկել տարբեր լրատվամիջոցների՝ հայ երիտասարդությանը կոչ անելով տեր կանգնել համաժողովրդական դատին։ Գուրգեն Յանիկյանի գործողությունն ու հղած կոչերն անչափ ոգևորեցին հայ երիտասարդությանը և մեծագույն խթան հանդիսացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման համար։ Պատահական չէ, որ կազմակերպությունը սկզբնական շրջանում կոչվում էր ՙԳուրգեն Յանիկյանի խումբ՚։ Տարբեր երկրների հայկական համայնքներից տասնյակ երիտասարդներ շտապեցին համալրել ԱՍԱԼԱ-ի շարքերը։ ՙՎան՚ գործողությունը ԱՍԱԼԱ¬ի իրականացրած մարտական ձեռնարկների շարքում առավել արդյունավետներից է։ 1981թ. սեպտեմբերի 24-ին ՙԵղիա Քեշիշյան՚ անվանումը կրող չորսհոգանոց մարտախումբը (Վազգեն Սիպյան, Գևորգ Գյուզելյան, Արամ Բասմաջյան, Հակոբ Ջուլաֆյան) գրավում է Փարիզի թուրքական հյուպատոսարանը։ Գրոհի սկզբում Վազգեն Սիպյանն ու Հակոբ Ջուլաֆյանը ծանր վիրավորվում են, սակայն մարտախումբը համախմբվում և կարողանում է իրադրությունը վերահսկել այնքան ժամանակ, մինչև հյուպատոսարանը պաշարած ֆրանսիական ոստիկանությունը կառավարության անունից խոստանում է կատարել նրանց պահանջը։ Երիտասարդ մահապարտները ցուցաբերեցին գաղափարական-քաղաքական ապշեցուցիչ հասունություն, ապացուցեցին, որ մարտական պատրաստվածությունն իրենց կազմակերպության համար ընդամենը միջոց է, ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր անդամ ի վիճակի է իր ժողովրդի դատը պատվով ու մեծագույն հաջողությամբ պաշտպանել նաև դատական ատյանում։ Դատավարության ամենատպավորիչ ակորդը թերևս Գևորգ Գյուզելյանի պաշտպան Լըքլերի ճառն էր, որի հիմնավորվածությունն ու փաստարկվածությունը ներդաշնակված են հուզականությամբ ու պաթոսով, հպարտություն են ներշնչում յուրաքանչյուր հայի։ ՙԵղիա Քեշիշյան՚ մարտախմբի անդամները դատապարտվեցին 7-ական տարվա ազատազրկման, ինչը նշանակում է, որ դատարանը նրանց ամենևին չդիտարկեց որպես ահաբեկիչների։ ԱՍԱԼԱ-ի մարտախմբերի հանդուգն գործողությունների լուրերը հասնում էին Կալիֆոռնիայի նահանգային բանտում մեկուսացված Գուրգեն Յանիկյանին, հպարտությամբ լցնում նրա վիրավոր հոգին։ ՙՎան՚ գործողության դատավարությունը դատաքննությամբ չավարտվեց։ Երբ նախագահը վճիռը հրապարակելու համար չորս մեղադրյալներին խնդրեց ոտքի կանգնել, ոտքի ելան դահլիճի բոլոր հայերը։ - Դուք նստեցեք,- նրանց ասաց նախագահը։ - Եթե այս երիտասարդները մեղավոր են, ուրեմն մենք էլ ենք մեղավոր,- միաձայն հակադարձեցին հայերը։ Քրեականին հաջորդած քաղաքացիական դատաքննությունը մարտախմբի անդամներից յուրաքանչյուրի համար, որպես թուրքական կառավարությանը վնասի փոխհատուցում, 720 հազար ֆրանկի պատժատուգանք սահմանեց։ Դատավարությանը ներկա հայերը գրպաններից մանրադրամներ հանեցին, որպես բողոքի նշան, ընդվզում՝ շպրտեցին դատակազմի կողմը։ Ամենատպավորիչը, թերևս, հրաժեշտի պահն էր։ Ոստիկանները, դատապարտյալներին ձեռնաշղթաներ հագցրած, բանտ էին տանում, իսկ սրահը լցված հայերը, որպես հաղթանակի նշան, վեր էին պարզում իրենց զույգ մատները։ Այդ պահին հռչակավոր երգչուհի Լիզ Սարյանն սկսեց երգել ՙԶարթի՜ր, լաո՚ ազգային մարտերգը, ամբողջ դահլիճը հուզումնահեղձ ձայնակցեց։ Չորս երիտասարդներն իրենց պայքարը շարունակեցին նաև բանտում։ Հացադուլներով, բողոքի այլ ձևերով, որոնց ցույցերով, քայլերթերով հաճախ սատարում էր ամբողջ ֆրանսահայությունը, նրանք հասան այն բանին, որ իրենց քաղաքական կալանավորի կարգավիճակ շնորհվի։ Չնայած նման՝ արտաքուստ առանձնահատուկ պայմաններին, ֆրանսիական գաղտնի ծառայությունները շարունակում էին հոգեբանական ճնշումներն ու տարբեր նվաստացումները։ Արդյունքը եղավ այն, որ 1985թ. ապրիլի 12-ին բանտախցում, իր իսկ գիշերանոցից պարան հյուսելով, մենախցի պատուհանի երկաթյա ձողից իրեն կախեց Արամ Բասմաջյանը։ Այժմ նա հանգչում է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանոցում, Անդրանիկի մահարձանից ոչ հեռու։ Իրենց օրինակելի վարքի, ինչպես նաև բանտում բարձրագույն կրթություն ստանալու համար երեք արդարամարտիկները յոթի փոխարեն հինգ տարի մնացին Ֆլորի Մերոժիս բանտում, 1986թ. Լիբանան վերադարձան, որտեղ նրանց ընդունեցին՝ ինչպես հերոսի։ Ի՞նչ կերպ դասավորվեց ՙՎան՚ գործողության մասնակիցների հետագա կյանքը։ Հակոբ Ջուլֆակյանը գաղտնի ոստիկանության մշտական հսկողությունից ձերբազատվելու համար հասավ Կանադա, ապաստանեց այդ հեռավոր երկրում, բայց 12 տարի անց կառավարությունը բացահայտեց նրա ՙահաբեկչական՚ անցյալը և արտաքսեց։ Նա ընտանիքով մշտական բնակություն հաստատեց Հայաստանում։ Գևորգ Գյուրզելյանը նույնպես Հայաստան եկավ, կազմավորեց ՙՄեծ Մուրադ՚ ջոկատը, մասնակցեց Արցախի ազգային-ազատագրական պատերազմին։ Հաղթանակից հետո ապրում է ԱՄՆ-ում։ Հայրենիքում է նաև մարտախմբի հրամանատարը՝ Վազգեն Միսլյանը, ով աննկատ ու անաղմուկ շարունակում է իր պայքարը, հավատում նպատակների վերջնական իրագործմանը։ Իրավացի է ֆրանսահայ հոգեվերլուծաբան Ժիլ Լուսակը, ով իր գրքում հավաստում է. ցեղասպանությունից չեն բուժվում, յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում կորստի, վշտի, վրեժի զգացումը։ Մի ավելացում միայն՝ ցեղասպանությունից, ամենայն հավանականությամբ, բուժվում է այն ժողովուրդը, որը հասնում է հատուցման։ ԱՍԱԼԱ-ի և մասնավորապես ՙՎան՚ գործողության պատմական նախադեպը Առաքելոց վանքի հռչակավոր կռիվն է, երբ Անդրանիկն իր չորս տասնյակից էլ պակաս քաջերով կամովին մտավ Առաքելոց վանք և պաշարվեց թուրքական վեցհազարանոց կանոնավոր բանակով։ Շատերը ֆիդայապետի այդ քայլը խելահեղ արկածախնդրություն համարեցին և նույնիսկ մեղադրեցին նրան՝հայության վերջին հույսը հանդիսացող ընտրյալ ֆիդայիներին անխուսափելի մահվան տանելու համար։ Սակայն Անդրանիկը գիտեր ինչ է անում և ինչու։ Որ ասալայականներն Անդրանիկի հոգեզավակներն էին՝ վկայվում է նաև Օռլիի գործողության պատասխանատվությունն ստանձնած Վարուժան Կարապետյանի օրինակով, ով բանտարգելության երկար ու ձիգ տարիները մաշելիս փորձում էր ինքնուրույն յուրացնել կերպարվեստի գաղտնիքները և Զորավար Անդրանիկին էր պատկերում՝ իր սպիտակ ձիով թշնամու դեմ խոյանալիս։ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մարտիկների սխրանքն ու հայրենաշունչ պատգամները պիտի ոգեշնչեն մեր սերունդներին այնքան ժամանակ, քանի դեռ հայի ճակատին ու հոգում չի հարթվել այնպիսի մի կնճիռ, որի անունն է Հայոց ցեղասպանություն։ 

 Գագիկ ԱՍՐՅԱՆ Իրավաբանական գիտ. թեկնածու