Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՅԱՆ ՀՐԵՏԱՆՈՒ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Լրացավ Արցախի հերոս, ՙՈսկե Արծիվ՚ շքանշանի ասպետ Քրիստափոր ԻՎԱՆՅԱՆԻ ծննդյան 95-ամյակը

Գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանը Լեռնային Ղարաբաղ եկավ նորանկախ հանրապետության համար դժվարին մի պահի, երբ արցախահայությունը կենաց-մահու կռիվ էր մղում ադրբեջանական զավթիչների դեմ։ Նևայի ափին թողնելով պաշտոնաթող գեներալի հանգիստ ու բարեկեցիկ կյանքը՝ նա ազգային արժանապատվության և հայրենասիրության բարձր դրսևորումներով իր մասնակցությունն է բերել ազգային-ազատագրական պայքարին։ 71-ամյա գեներալը և՜ փառքի էր արժանացել, և՜ գնահատման, իսկ փութալով Արցախ, նա սոսկ կատարել է իր որդիական պարտքը՝ լծվել անխոնջ աշխատանքի ու հարուստ ռազմական գիտելիքները փոխանցել հայրենակիցներին։ Եվ անջնջելի հետք է թողել մասնագետների ու հրամանատարների պատրաստման ոչ դյուրին գործընթացում։ Նրան ենք պարտական ցայսօր գործող ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների և փորձադաշտերի համար, Էլ չենք խոսում թողած բարի անվան, անջնջելի հիշողությունների, նվիրվածության ու աշխատասիրության վառ օրինակի մասին։

Քրիստափոր Իվանի Իվանյանը ծնվել է 1920թ. դեկտեմբերի 20-ին, Թբիլիսի քաղաքում։ Միջնակարգն ավարտելուց հետո, 1938թ. սեպտեմբերին ընդունվել ու 1940թ. փետրվարին արագացված դասընթացներով ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը։ Մինչև 1941թ. ապրիլը եղել է Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգի 30-րդ հրաձգային դիվիզիայի դասակներից մեկի հրամանատարը։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել հրետանային զորամասերում։ 22-ամյա Ք. Իվանյանը մեկ տարի եղել է 195-րդ ականանետային գնդի հրամանատարը։ 1943թ. դեկտեմբերի 12-ից մինչև 1944թ. հուլիս ամիսը նա 318-րդ հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատրն էր, այնուհետև՝ մինչև 1945թ. դեկտեմբեր, Ուկրաինական ռազմաճակատի 123 գվարդիական ՀԴ հրետանու հրամանատարը։ Հրետանային ակադեմիայի ունկնդիր, 260-րդ հրետանային բրիգադի հրամանատար, Ֆրունզեի անվան ակադեմիայի ունկնդիր, 238-րդ գվարդիական կործանիչ հակատանկային (ԿՀՏ) գնդի հրամանատար, Գերմանիայում խորհրդային զորախմբի 280-րդ գվարդիական ԿՀՏ գնդի հրամանատար, յոթ տարի՝ Օդեսայի ռազմական օկրուգի 45-րդ կորպուսի հրետանու պետ, իսկ վեց տարի՝ օդեսյան 52-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ 1968թ. օգոստոսից մինչև 1973թ. հուլիս ամիսը նորընծա գեներալ Իվանյանը ՌՕ-ի 14-րդ բանակի հրթիռային զորքերի ու հրետանու պետն էր, իսկ մինչև 1978թ. մարտը վարել է Անդրբայկալյան ՌՕ-ի հրթիռային զորքերի հրետանու հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 1978թ. ապրիլին գեներալ Ք. Իվանյանն անցել է թոշակի։ Նա սովոր չէր հանգստանալու, ուստի սկսել է զբաղվել դասախոսական աշխատանքով։ Հայրենական պատերազմին մասնակցելու և բեղուն ծառայության համար Ք. Իվանյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով, Կարմիր դրոշի, Սուվորովի 3-րդ աստիճանի, Կարմիր աստղի՝ 3, Հայրենական պատերազմի 1-ին, Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանների, Չեխոսլովակյան ՙԽաչ՚ խիզախության համար և այլ շքանշաններով ու մեդալներով։ Ահա այսպիսի փառավոր անցյալ ուներ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանը, երբ 1992թ. հուլիսին եկավ մաքառող Արցախ։ Արդեն 1992թ. սեպտեմբերին նա նշանակվեց ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ապա ձեռնամուխ եղավ բանակային կառույցների ու ծառայությունների, հատկապես հրետանու կազմավորմանը։ Ք. Իվանյանը ՊԲ-ում հրետանային կանոնավոր ծառայության և ուսումնական բազաների ստեղծման նախաձեռնողն ու կազմակերպիչն էր։ Դեռ ավելին, ցուցադրելով անսպառ եռանդ և բացառիկ աշխատասիրություն, նա անդադար գործել է ԼՂՀ-ում կանոնավոր, շարժունակ և ժամանակակից բանակ ստեղծելու ուղղությամբ ու հասել նշանակալի արդյունքների։ Գեներալ Իվանյանի գործնական գիտելիքները, փորձն ու իմաստուն խորհուրդները նպաստել են ռազմաճակատում քանակապես ու տեխնիկապես գերազանցող թշնամուն հաղթելու գործին։ Անմիջապես ղեկավարել է մի շարք թշնամական կրակակետերի ճնշման ռազմագործողություններ և փայլուն հաջողությունների հասել։ Մարտում վիրավորվել ու կոնտուզիա է ստացել։ Նա հանդիսանում է տարբեր մակարդակի մի շարք հրամանատարների ուսուցիչն ու դաստիարակը։ ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանակիր Ք. Իվանյանը 1994թ. ԼՂՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալն էր։ 1995թ. սեպտեմբերի 25-ին նշանակվել է նորաստեղծ զորամիավորման հրամանատար։ Այդ պաշտոնում էլ նա դիմավորել է իր 75-ամյակը՝ առանց ավելորդ ճոխության ու շուքի, որպես պրոֆեսիոնալ զինվորական, գրեթե դիրքերում։ 1996թ. նոյեմբերի 30-ին նա ազատվել է զորամիավորման հրամանատարի պաշտոնից և 1997թ. հունվարի 1-ին նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։ Միաժամանակ կատարել է նախարարի տեսչական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։ Բայց, ի վերջո, զգացնել տվեցին տարիքն ու առողջությունը, և գեներալ Իվանյանը վերադարձավ Սանկտ Պետերբուրգ։ Վաստակաշատ գեներալը վախճանվեց 1999թ. օգոստոսի 30-ին։ Գեներալ Իվանյանը հիրավի մեծություն է։ Նա կյանքի մայրամուտին իր պարտքը կատարեց հարազատ ժողովրդի հանդեպ, իր անշահախնդիր օգնությունն ու նպաստը բերեց ազատագրական պայքարին և իր լուման ունեցավ հաղթանակի կերտման գործում։ Քրիստափոր Իվանյանը հավերժ կմնա բոլոր ճանաչողների սրտերում՝ որպես օրվա ընթացքում 18-20 ժամ աշխատելու բացառիկ, կարգապահ, մարտական ու պետաքաղաքական բարձր պատրաստության, զինվորական մասնագիտությունը սիրող, սկզբունքային ու պրոֆեսիոնալ զինվորականին վայել հետևողականություն ունեցող, օրինակելի վարքի տեր անձնավորություն, ով ամեն ինչ արեց մարտունակ բանակի ստեղծման, հակառակորդի ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ։ 2002թ. սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ հռչակման օրվա առթիվ Ք. Իվանյանին հետմահու շնորհվել է ՙԱրցախի հերոս՚ հայրենիքի բարձրագույն կոչումը, նրա տիկնոջն է հանձնվել ՙՈսկե Արծիվ՚ շքանշանը։ Նա հայրենիքի պաշտպանության և նրա բարգավաճման գործին ծառայելու և նվիրվելու լավագույն օրինակ է և մնալու է այդպիսին՝ իբրև լեգենդ, իբրև հուշ... 

Սիրվարդ Մարգարյան