Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ ՄԱՐՄԻՆ, ՄԵԿ ՀՈԳԻ

Օրերս ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամներ, Ստեփանակերտի դպրոցների ներկայացուցիչներ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի, ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանի եւ վերոնշյալ հասարակական խորհրդի նախագահ Վիտյա Յարամիշյանի ղեկավարությամբ այցելեցին ՊԲ զորամասեր։

Նպատակը մեկն էր՝ տեղում շնորհավորել մեր զինվորականների Ամանորը: Ենթախումբը, որի կազմում էի նաև ես, եղավ Պաշտպանության բանակի առանձին հետախուզական գումարտակում: Մեզ հետ էին մայրաքաղաքի համար 6 դպրոցի տնօրեն Վիլեն Ղահրամանյանը, զինղեկ Արմեն Մարտիրոսյանը, դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Աբրահամյանը, ուսուցիչներ, աշակերտներ, Մեզ ուղեկցում էին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերի գծով տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Էլինա Մինասյանը, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ: Զորամաս հասնելուց եւ հրամկազմի հետ ծանոթանալուց հետո բոլորը հավաքվեցին զինվորական ճաշարանի դահլիճում: Բանակայիններն անչափ ուրախ էին նման անակնկալի համար: Աշակերտները հանդես եկան գեղարվեստական ծրագրով` երգ, ասմունք, պար, տոնական բարեմաղթանքներ… Ապա զինվորականներն ու աշակերտները միասին կատարեցին ՙՀայկական բանակ՚ հանրահայտ երգը: Դահլիճը դղրդում էր ծափերից… Ձմեռ պապ - Արմեն Ավանեսովը եւ Ձյունանուշ - Անի Զաքարյանն իրենց վարպետ դերակատարմամբ հիացրին ներկաներին։ Հանդիպման գեղարվեստական մասն ավարտվելուց հետո Ձմեռ պապն ու Ձյունանուշը զինվորականներին բաժանեցին ամանորյա նվերներ։ Պաշտպանության բանակում արդեն մեկուկես տարի ծառայող կրտսեր սերժանտ Հայկ Գալստյանն իր բոլոր ծառայակիցների անունից շնորհակալություն հայտնեց հյուրերին` վստահեցնելով, որ հետախուզական գումարտակը միշտ պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը, պատրաստ դիմագրավելու ամեն մի դժվարություն: Շնորհավորական մեր խոսքում ես և Վիլեն Ղահրամանյանը հայրենյաց պաշտպաններին մաղթեցինք ուրախ եւ անփորձանք ծառայություն, ապա մեր կազմակերպության վարչության անունից ԱԿԱՀՄ ՙՀայրենիք եւ հավատ՚ մեդալ հանձնվեց առանձին հետախուզական գումարտակի հրամանատարին: Հրամանատար, փոխգնդապետ Արմեն Պետրոսյանը, երախտագիտական խոսք հղելով մեր ամբողջ խմբին, հույս հայտնեց, որ ստեղծված կապը կշարունակվի ու կխորանա: Նա շեշտեց, որ նման հանդիպումները շատ կարեւոր են այն առումով, որ ոգևորում են բանակում ծառայողներին: Մեր բանակն ու ժողովուրդը մեկ մարմին են, մեկ հոգի. այդպես եղել, այդպիսին կա, այդպես էլ կլինի ընդմիշտ։ Այս միտքն էր, որպես օրվա կարգախոս, պտտվում յուրաքանչյուրիս ուղեղում հրաժեշտից առաջ։ 

 

Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ