comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՎԱՐԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԱԿԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԱԿԱՆ

Ապրիլմեկյան չորսօրյա կայծակնային պատերազմը մեր դարավոր ոսոխին շոշափելի ոչ մի արդյունք  չտվեց, բայց մենք՝ արցախցիներս և ողջ հայ ժողովուրդը, հասկացանք, որ ինչպես երկրում, այնպես էլ բանակում մի բան այնպես չէ, ինչպես պետք է լիներ։

 Այսօր խուսանավումների ժամանակը չէ, այլ հզոր ու իմաստուն բարոյականի հրամայականի։ Պիտի պարտվողականի հոգեվիճակի մեջ գտնվողները, որոնք ճշմարտության հանդեպ բնազդական, թյուր կարծիք ունեն, հաղթահարման մեծագույն ճիգեր  թափեն, որ ձերբազատվեն բոլոր անտես կապանքներից, գոտեպնդվեն։ 

Այո, պետք է գոտեպնդվենք, որովհետև  տարածաշրջանում հզորագույն բանակը մերն է, որը սովորական ընթացակարգով հսկում է Արցախի սահմանները, իսկ նենգ թշնամին կատվի խորամանկությամբ, գաղտագողի, գերժամանակակից-գերհզոր զենքով հարձակվեց մեր դիրքերի վրա։ ՙՀակառակորդը, մարտի մեջ մտցնելով հատուկ նշանակության ստորաբաժանումներ, կիրառելով բանակային ավիացիա և զրահատեխնիկա, այնուամենայնիվ չի կարողացել հասնել նշանակալի հաջողության, կրել է լուրջ կորուստներ՝ հազարավոր զոհեր և վիրավորներ, ու ստիպված է եղել հրադադար աղերսել՚։ Սա  պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանն է ասում։  Հայրենիքի ու արցախահայության անվտանգության ապահովման գործին նվիրվածությունը, հրամանատարական փայլուն հատկությունները, ռազմական պատրաստվածության բարձր մակարդակը, երիտասարդական եռանդն ու հետագա կատարելագործման ձգտումը, հեռատեսությունն ու շրջահայացությունը, խորաթափանցությունն ու հաստատակամությունը հրամանատարի  բնավորության անբաժանելի մասն են։

Բոլոր ժամանակներում էլ՝ Հայկ Նահապետից, Վարդան Մամիկոնյանից մինչև Ավո ու Ռոբերտ Աբաջյան,  դյուցազնական այս ոգին իր ցոլարձակումներն է գտել մեր տեսլապաշտ բազում ու բազմաշատ պայքարողների սրտում արդարության և ճշմարտության, ազատության և ինքնահաստատման ճանապարհին։ Անհուսահատ, հաստատակամ մաքառումներով Ավարայրի, Սարդարապատի և Արցախական, ինչպես նաև այլ բնույթի տարբեր դիմադրություններն անցել են աննման հերոսների հաղթանակներով։ 

Այսպիսի աստղեր շատ կային Արցախականում, որոնք 90-ականների սկզբից ջոկատներ էին կազմել ու  թուրքերի դեմ կենաց և մահու մարտեր էին  մղում ամեն տեղ։ Շատերը թողել են ծառայությունը, ոմանք զոհվել են, մի մասն էլ տաղանդավոր զորապետներ են Հայոց բանակում։ Դրանից մեկը Սամվել Կարապետյանն է։ Արցախի հերոս է, գեներալ-մայոր, Արցախի ազատամարտիկների միության նախագահն է, պաշտպանության փոխնախարարը։ Միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ պետք է՝ թիկունքից՝ առաջին գիծ...

Նմանաապես և Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հերոս, գեներալ-մայոր, ով նաև պաշտպանության փոխնախարար է եղել, քանիցս ընտրվել է ԼՂՀ  ԱԺ պատգամավոր։ Ունի պայքարի մեջ թրծված ոգի, ջերմագին հավատում է ազգային իդեալներին, իր խորահայաց տեսողությամբ միշտ պատրաստ է նետվելու մեծ ճգնաժամերի մեջ՝ կյանքը նվիրաբերելու հանուն հայրենիքի և ժողովրդի փրկության։ Օրհասական պահին վայրկյանների ընթացքում զրահավորվեց, զինավառվեց ու դաշտն իջավ արյունի։ 

Նրանք անձնազոհության, ինքնամոռացության զգացումով լուսավորված՝ ոգեղեն մարդկանց հետ միասին կարողանում են համարժեք պայմաններում ստեղծել ժողովրդական յուրահատուկ քաղաքակրթություն ու մշակույթ։ Այդ նրանք են, որ տևական ժամանակ ոտքի վրա կպահեն զանգվածներին։ Հուսահատության  մեջ ընկածներին հույս կներշնչեն՝ դառնալով վստահելի առաջնորդներ։ 

Սարդարապատի ու Արցախական ճակատագրական բախումները ողջ հայության միացյալ դիմակայությունն են, որոնց հուժկու գրոհների տակ խուճապի մատնվեցին մեր դարավոր թշնամու  բանակային ուժերը՝ պարտության ու փախուստի ամոթի մուրը տանելով իրենց ճակատներին։ Այո, հայ ժողովուրդը հատուցման պահին կարողանում է դրսևորել իր համակամությունը՝ հրաշագործելով հաղթանակներ, քանզի միացյալ ու միակամ հայության հզոր ուժի դիմաց անհնարին է, որ բարբարոսը հաղթանակի։

Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ