[ARM]     [RUS]     [ENG]

ԵԶՐԱՓԱԿՎՈՒՄ Է ՙՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՕՐԵՐ՚ ՓԱՌԱՏՈՆԸ

Սեպտեմբերի 21-ին ՙՖրանսիայում Արցախի օրեր՚ փառատոնը հյուրընկալվել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքում, որի շրջանակներում նախատեսված միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13-ը։

 Էքս-ան-Պրովանս քաղաքում փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ, սենատոր Սոֆի Ժուասենը, նախկին քաղաքապետ Ալեն Ժուասենը, Էքս-ան-Պրովանսի քաղաքային խորհրդի անդամներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են Արցախին նվիրված լուսանկարների և գծանկարների ցուցահանդեսներ, Արցախի մասին դասախոսություններ և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ։ 

Էքս-ան-Պրովանսում միջոցառումներով եզրափակվում է ՙՖրանսիայում Արցախի օրեր՚ փառատոնը, որի մեկնարկը տրվել է 2017թ. նոյեմբերի 21-ին Վիլյորբան քաղաքում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը։ Մոտ մեկ տարի տևած փառատոնը հյուրընկալվել է Արցախի քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած Ֆրանսիայի 11 քաղաքներում, որի շնորհիվ փառատոնի այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Արցախի պատմությանը, արցախահայության առօրյային և հարուստ մշակութային ժառանգությանը։