comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՄԱՍՏԱԼԻՑ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ…
Logo
Print this page

ԻՄԱՍՏԱԼԻՑ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ…

Նոյեմբերի 26-ին Արցախի պառլամենատականների ասոցիացիայի հրավիրած նիստը, որ յուրօրինակ հոբելյանական երեկո էր, նվիրված էր Արցախյան շարժման առաջամարտիկ, պետական ու քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանի ծննդյան 70-ամյակին։

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Խորհրդարանի շենքում՝ Արցախի պառլամենտականների ասոցիացիային հատկացված գրադարանում, հավաքվել էին հոբելյարի ընկերներն ու մտերիմները, հարազատները։ Եկել էին շնորհավորելու, մեկ անգամ ևս վերհիշելու նրա ազգանպաստ գործունեության հատկանշական դրվագները։ Իսկ ասելիք, իրավամբ, կար։  

Ղարաբաղյան շարժման ռահվիրա Համլետ Գրիգորյանը վաղուց գիտեր Բորիս Առուշանյանին, բայց Շարժման տարիներին այդ ծանոթությունը փոխակերպվեց մտերմության, քանզի համախոհներ էին, գաղափարակիցներ։ Համարձակ, նախաձեռնող, շրջահայաց և ուղղամիտ, կարևոր պահին հստակ որոշում կայացնող. այսպիսին էր հոբելյարը գոյապայքարի տարիներին, երբ ՙԿռունկ՚ կոմիտեի վարչության անդամ էր, հետո՝ Տնօրենների խորհրդի նախագահ։ Հենց այդ տարիներին էլ դրսևորվեց նրա կազմակերպչական ձիրքը։ 

Բորիս Առուշանյանը նաև օրենսդիր գործունեթյամբ է զբաղվել, ԼՂՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր էր. եղել է ԱԺ մանդատային, մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների, այնուհետև պետաիրավական մշտական հանձնաժողովների անդամ։ Իսկ 1996թ. ընտրվել է ԱԺ նախագահի առաջին տեղակալ։ Սլավա Առուշանյանը նրա հետ աշխատել է 2-րդ գումարման խորհրդարանում։ Ներկայացնելով ընկերոջ մարդկային հատկանիշները՝ նա առնաձնահատուկ ընդգծեց այն սերն ու հարգանքը, որ այսօր էլ վայելում է հոբելյարը՝ նախկին ու ներկայիս գործընկերների կողմից։ Ղարաբաղյան շարժման սկզբնափուլում, երբ արդեն զգացվում էր պատերազմի վտանգը, Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում զենք, զինամթերք էր պատրաստվում, ինչը ևս Բ. Առուշանյանի համարձակության մասին է վկայում։ Մի շարք որոշումներ, ինչպես մյուս գաղափարակից ընկերը՝ Ռուդիկ Ազարյանն է հավաստիացնում, կայացվել են Բ. Առուշանյանի անմիջական հորդորով ու մասնակցությամբ։ 

Հոբելյարին շնորհավորեցին և նրա հասարակական-քաղաքական գործունեությունը կարևորեցին Ռոբերտ Խաչատրյանը, Սերժ Հարությունյանը։ Տարիների հեռվից նրան մոտիկից ճանաչածների ու նրանց համար, ովքեր բախտ են ունեցել վայելելու նրա ընկերությունն ու մտերմությունը, նորանոր հարստություններով է բացվում  Բ. Առուշանյանի մարդկային նկարագիրը: 

Պարտավորեցնող էր ու հատու՝ ԱԺ նախագահի շնորհավորանքի խոսքը. ՙԲորիս Առուշանյանը պետականորեն մտածող այր է։ Լավ իմանալով իր երկրի հին ու նոր պատմությունը՝ միշտ ձգտում է բարձր պահել Արցախ աշխարհի պատիվը, նոր սերնդին հաղորդել նրա հերոսական պատմությունը։

Արևշատություն, ղարաբաղյան երկարակեցություն մաղթենք ազնիվ մտավորականին ու քաջ ղարաբաղցուն։ Թող կյանքի հաջորդ տարիները նույնպես լինեն իմաստալից ու բեղմնավոր, պրպտուն՝ ինչպես ապրած յոթ տասնյակը՚։ Որպես հավաստումն ասվածի՝ Ա. Ղուլյանը Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալ հանձնեց հոբելյարին, ինչը կլրացնի մինչ այդ նվաճած բարձրագույն պարգևների շարքը։       

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.