comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄԵՆԱՀՐԱՇԱԼԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆԱՀՐԱՇԱԼԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆԵՐԸ

Ամանորի և Սուրբծննդյան տոների նախօրեին Արցախի առողջապահության ոլորտի անցած տարվա անելիքներն է ի մի բերում և գալիք՝ 2019 թվականի ծրագրերն է հակիրճ նախանշում 

ԼՂՀ առողջապահության նախարար Արայիկ ԲԱՂՐՅԱՆԸ

-2018 թվականի հուլիս ամսից ստանձնել եք ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնը։ Ամփոփելով ոլորտի աշխատանքները՝ նշանակալից ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել, և ի՞նչ ծրագրեր ու փոփոխություններ են նախատեսվում Արցախի` 2019թ. առողջապահության համակարգում։

- Հաշվի առնելով համակարգում իրականացված բարեփոխումները` ոլորտի անցնող տարվա աշխատանքները գնահատում եմ լավ: Կան բոլոր նախադրյալները, որպեսզի նոր տարում աշխատենք ավելի եռանդով։
Երկրի ղեկավարությունը գնահատելի քայլեր է կատարում ոլորտի զարգացման, ինչպես նաև բուժաշխատողների նյութական ապահովության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Դա են վկայում 2019 թվականից բուժաշխատողների բարձրացվելիք աշխատավարձերը։
Ինչ վերաբերում է 2018 թվականի կարևոր ձեռքբերումներին, պետք է առանձնացնել մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդնումը, նոր համակարգչային շերտագրիչի ներկրումը, որը մոտ օրերս արդեն կտեղադրվի Հանրապետական բժշկական կենտրոնում։
Շարունակվել է բժիշկների վերապատրաստման գործընթացը, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի ներուժով Ստեփանակերտում անց են կացվել արտագնա 6-շաբաթյա դասընթացներ առաջնային օղակի 42 բժիշկների համար։ Բացի այդ, Առողջապահության նախարարության միջնորդությամբ տարբեր ծրագրերով տասնյակ բժիշկներ վերապատրաստվել են հայաստանյան և արտասահմանյան առաջատար բուժհիմնարկներում։
Հանրապետության բնակչությանը, որպես աջակցություն, ԼՂՀ կառավարության 2013թ. հունվարի 29-ի N 23-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն, որի համաձայն` հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող մինչև 18 տարեկան անձանց դրամական օգնության տրամադրման չափը մինչև 50%-ի փոխարեն դարձվել է 100%, սակայն այն չպետք է գերազանցի 2 մլն դրամը:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ, որի կիրառման արդյունքում կկարգավորվի ինչպես քաղաքացիների հերթագրման գործընթացը, այնպես էլ փաստաթղթաշրջանառությունը։
-Ծննդյան տոներին ինչպես են կազմակերպվելու ոլորտի աշխատանքները։
-Հանրապետության բնակչությանը իրազեկում եմ, որ Ամանորյա տոներին առողջապահության համակարգն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Գործելու է նաև ՙԹեժ գիծ՚ ծառայությունը. քաղաքացիները կարող են անվճար զանգահարել 30-03 կարճ համարով։
Ամանորը մարդկության ամենահրաշալի ու ընտանեկան տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս։ Տոնի առթիվ ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում համայն հայությանը. թող հայկական երկու հանրապետությունների սահմանները մշտապես լինեն խաղաղ ու անառիկ։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ