Logo
Print this page

ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՊԱՀՈՎ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ

Տարեմուտի իր ցանկություններով, արված-թողածի վերլուծությամբ ու գալիք տարվա ակնկալիքներով ԱԱ-ի հետ կիսվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել ԱՎԱՆԵՍՅԱՆԸ:

 -Պրն Ավանեսյան, գնահատելով անցնող տարին` ի՞նչը կառանձնացնեք:

-Շատ բարդ ու լուրջ տարի էր` թե՜ նոր ծրագրերի, թե՜ վերջին տարիների մեր աշխատանքի արդյունքները տեսնելու, և մի շարք ուղղություններով ակտիվ քաղաքականության անցնելու առումով:
-Ինչպե՞ս եք վերաբերում Ձեզ ուղղված քննադատությանը, որը կարող է կապված լինել թե՜ գերատեսչության աշխատանքների և թե՜ Ձեզ հետ՝ որպես ղեկավարի:
- Առողջ քննադատությանը շատ հանգիստ եմ վերաբերում, համարում եմ, որ ամեն դեպքում կողքից հայացքը խիստ կարևոր է սեփական աշխատանքդ գնահատելու, իրականության հետ անընդհատ առերեսվելու տեսանկյունից: Սակայն մի անընդունելի կարծրատիպ է կարծես ձևավորվել մեր շրջապատում. եթե նախարար ես կամ որեւէ այլ պաշտոնյա, ուրեմն, արդեն իսկ մեղավոր ես: Նաև չեմ հասկանում, երբ քննադատում են տվյալ ոլորտի աշխատանքի յուրահատկությունների մասին պատկերացում չունեցողները, էլ չեմ խոսում բամբասանքների եւ զրպարտությունների վրա հիմնված խոսակցությունների մասին:
-Առանձնահատո՞ւկ տոն է Ձեզ համար Նոր տարին: Ունե՞ք Ձեր ընտանիքում տոնի ձևավորված ավանդույթներ:
-Ամանորին սպասում են բոլորը` անկախ տարիքից ու զբաղեցրած դիրքից: Սա այն տոնն է, երբ զավակներիդ հետ մանկանում ես, հավատում Ամանորի հրաշքին: Նոր տարին ընտանեկան տոն է, որտեղ գլխավոր դերերը երեք զավակներիս են վերապահված, բայց ձևավորված ավանդույթներ, կարծես թե, չկան: Ամանորը, իհարկե, համախմբվելու, միմյանց բարեմաղթանքներ ուղղելու լավ հնարավորություն է:
-Մասնակցո՞ւմ եք նախատոնական գնումներին:
-Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հիմնականում՝ ոչ: Ծախսերն եմ ապահովում:
-Հիշո՞ւմ եք, թե ո՞րն էր Ձեր կյանքի ամենաուրախ և ամենատխուր Նոր տարին:
-Ամանորը միշտ էլ պետք է ուրախ դիմավորել: Իմ ընտանիքի համար տխուր էր 1994-ի Ամանորը, երբ մեզ հետ չէր եղբայրս:
-Ձեր բարեմաղթանքները:
- Ծանր, դժվարություններով լի տարի ենք ճանապարհում: Մաղթում եմ հայ ազգին իմաստնություն: Թող գալիք տարում չունենանք կորուստներ: Մեր բոլոր ջանքերն ուղղված են միայն մեկ նպատակի` ապահովել բարեկեցիկ, հանգիստ ու ներդաշնակ կյանք մեր ժողովրդի համար: Թող հայ մարդն իրեն ապահով եւ պաշտպանված զգա իր երկրում: Մաղթում եմ արժանավայել աշխատանք, բարեկեցություն եւ հարատև խաղաղություն:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.