comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԸ՝ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԸ՝ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊՈՎ

Արցախի հանրային հեռուստաընկերությունը 2019 թվականի սկզբից արբանյակային սփռվածություն ունի։ Այն հնարավորություն է տալիս հանրայինի եթերն ուղիղ ռեժիմով հասցնել Ղազախստանի հարավից մինչև Արևմտյան Եվրոպա։

Հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանի խոսքով՝ արբանյակային սփռվածությանն Արցախի հանրայինում երկար են սպասել։ Այն օգտագործելով՝ հեռուստատեսության թիմը փորձելու է տեղեկատվություն ապահովել ինչպես տեղական, այնպես էլ հայաստանյան ու արտասահմանյան լսարանին:

ՙՄեզ համար մեծ հնարավորություն է բացվում, աշխարհագրորեն մեծ դաշտ։ Սա աննախադեպ ու շատ ցանկալի հնարավորություն է, որպեսզի Արցախի հեռուստաընկերության ծրագրերը ոչ միայն մեր հայրենակիցները դիտեն, այլ նաև արտասահմանցիները, և մենք մտադիր ենք մեր հեռուստահաղորդումները թարգմանել գոնե երկու լեզվով՝ ռուսերեն ու անգլերեն՚,- նշել է Մ. Դավթյանը։
Հանրային հեռուստատեսության արբանյակային սփռվածության ծրագիրն իրագործվել է պետական միջոցներով՝ կառավարության 2018 թվականի որոշմամբ։ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության ջանքերով անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել արտերկրից և տեղափոխվել Արցախ։ Նախարարության աշխատակազմի կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կարեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ Արցախի հանրայինի արբանյակային սփռվածությունն ապահովում է հեռահաղորդակցության ՙԻնտելսատ՚ միջազգային օպերատորը. ՙԷկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կոմից 2018 թվականին մեծ աշխատանք է տարվել հայտնի միջազգային արբանյակային կապի պրովայդեր ՙԻնտելսատ՚ ընկերության հետ, որ Արցախի հանրայինի եթերը հեռարձակվի արբանյակային կապով՚։
Արբանյակային հաղորդիչ-ընդունիչ կայանի տեղադրման աշխատանքները վստահվել է ՙԱրցախկապ՚ ընկերությանը, որի մասնագիտական խումբը կարճ ժամանակահատվածում իրականացրել է համապատասխան աշխատանքները։ Փորձարկումներից հետո Արցախի հանրային հեռուստաընկերության եթերն անխափան արբանյակային սփռվածություն ունի։ Կարեն Գրիգորյանի համոզմամբ՝ արբանյակային կապով միանգամից երկու խնդիր է լուծվել. ՙԱրցախում հանրայինի եթերը հասանելի է 100 տոկոսով, ինչը նախկինում չունեինք, այսինքն՝ երկրի բոլոր բնակավայրերում հեռուստատեսության եթերը կարող են դիտել բոլորը։ Երկրորդ ձեռքբերումն այն է, որ մեր հեռուստատեսությունը կարող են դիտել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում ապրող մեր հայրենակիցները՚։
Հեռուստատեսության սփռվածությունն արդեն խառնաշփոթ է առաջացրել հարևան Ադրբեջանում։ Համացանցում օրեցօր ավելացող հոխորտանքներին հանրայինում վերաբերում են ժպիտով՝ այն համարելով արդեն օրինաչափություն։ Հեռուստաընկերության տնօրեն Մ. Դավթյանը ոչ բարեկամ երկրի արձագանքից չի զարմանում։ Սա այն հարթակն է, որի օգնությամբ աշխարհն Արցախի մասին կարող է իմանալ ավելին: ՙՄեր օրերում միամիտ է մեր հարևանների պահվածքը, որովհետև տեղեկատվության այնպիսի հնարավորություններ կան այսօր աշխարհում, որ արբանյակային կապն ընդամենը դրանցից մեկն է, և մենք, իսկապես, իրացնում ենք Արցախի մասին տեղեկատվություն հաղորդելու մեր սահմանադրական իրավունքը։ Հեռուստատեսության կայքէջը բազմահազարանոց լսարան ունի, նաև սոցցանցերում ենք բավականին ներգրավված։ Այնպես որ, Արցախի հանրային հեռուստատեսության մասին աշխարհը նոր չէ, որ պետք է իմանա, պարզապես սա ևս մեկ հնարավորություն է եթերային ցանցը հասանելի դարձնել նաև արտաքին լսարանին՚,-ասում է մեր զրուցակիցը:
Արցախի հանրայինը նոր եթերաշրջան է մտնելու մարտի մեկից, բնականաբար, արբանյակային հեռարձակմամբ։ Հաճելի նորությունը նախանշում է նոր անելիքներ, ինչի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Հեռուստատեսության ստեղծագործական թիմը սիրված հաղորդումները լսարանին կմատուցի կատարելագործված տարբերակով՝ նոր եթերաշրջանում խոստանալով նաև նոր հեռուստանախագծեր. ՙՄենք նոր նախագծերն առանց արբանյակային հեռարձակման մեզ համար էլ սահմանել ենք և մշտապես ինքնակատարելագործման ճանապարհին ենք, բայց պիտի խոստովանեմ, որ, այո, սա ստիպում է ձգել գոտիները, որպեսզի մենք ավելի որակյալ, ավելի հետաքրքիր, դիտարժան ծրագրեր մատուցենք լսարանին՝ թե՜ արտաքին և թե՜ ներքին՚,- եզրափակել է Մ. Դավթյանը։
Հարկ է նշել, որ Արցախի հանրային հեռուստաընկերությունը նոր եթերաշրջան է մտնելու ութ եթերային ժամով՝ կրկնապատկելով ներկայիս եթերաժամը։

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ