comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍԵՓԱԿԱՆ ԱՐՅԱՄԲ ԳՐՎԱԾ... ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՓԱԿԱՆ ԱՐՅԱՄԲ ԳՐՎԱԾ... ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Շահմուրադ Պետրոսյանին Մարտունու շրջանում շատերը գիտեն: 

 Ծնվել է 1960թ. հունիսի 19-ին, նախկին Գյունե Ճարտար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 13 տարեկան էր, երբ մահացավ հայրը: Ընտանիքի հոգսերը, բնականաբար, անցան իր ուսերին: Հեռակա կարգով ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի ՙԱգրոնոմիա՚ բաժինը: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում էր, ուստի հեռակա ուսումը հնարավորություն տվեց սովորելուն զուգահեռ աշխատել: ՙԲարձրագույն կրթություն չեմ ստացել, բայց կյանքի բարձրագույն փորձություններն անցել եմ՚` այսպես է ինքն իրեն բնութագրում զրուցակիցս:

1978-1980թթ. Շ. Պետրոսյանը ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո աշխատել է տարբեր ոլորտներում, սակայն հիմնականը եղել է գյուղատնտեսությունը:
ԱՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի և բացառիկ ներդրման համար` 2018թ. հոկտեմբերի 15-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով Շահմուրադ Պետրոսյանը պարգևատրվել է ոսկե մեդալով: Գյուղնախարարության կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի:
Շահմուրադ Պետրոսյանն Արցախյան պատերազմում իր մեծ ավանդն ունի. ակտիվորեն մասնակցել է Գևորգավանի, Սիփանի համար մղված ազատագրական մարտերին: 1993թ. հունվարի 4-ին ականի պայթյունից ստանում է ուղեղի ցնցում: Այդ օրը նույն ականից զոհվում են նրա ութ համագյուղացիները: Վեց ամիս Շահմուրադը բուժում է ստանում Երևանում: Շուրջ երկու տարի գտնվում էր հոգեկան անհավասարակշիռ վիճակում. համագյուղացի տղաներն անընդհատ աչքի առաջ էին: Ապաքինվելուց հետո կրկին վերադառնում է շարք: 1994թ. հունվարի 27-ին ՙՍիփան-2՚ կոչվող դիրքում թշնամու տանկի արձակած արկի բեկորից վիրավորվում է գլխից, վնասվում է նաև դեմքը։ Մինչև ապաքինվելն ավարտվում է պատերազմը, բայց փորձությունները չեն ավարտվում:
2001թ. Գևորգավանի ճանապարհին ականի պայթյունից նա զրկվում է ձախ ոտքից, իսկ աջ ոտքը վնասվում է։ Երեք անգամ վիրահատության է ենթարկվում: Իր իսկ խոսքով՝ 17 տարի ցավազրկիչ դեղահաբով է քնում: Ոտքը չորրորդ անգամ վիրահատվել է 2018թ. փետրվարի վերջին, արդյունքում փոքր-ինչ մեղմացել է ցավը:
Բնույթով կենսուրախ, կատակասեր զրուցակիցս ֆիզիկապես է հաշմանդամ, հոգով իրեն այդպիսին չի զգում:
Հենվելով հենակին` նա որոշում է սեփական տնտեսությունը հիմնել: Գործունեությունը սկսում է խաղողագործությունից: Վերին Վեյսալու կոչվող տեղամասի սեփական հողատարածքում 2հա-ի վրա այգի է հիմնում: Հավաստում է` ինքնակրթությամբ է զբաղվում, այդ պատճառով շատ լավ տիրապետում է այգեգործությանը, մանավանդ` խաղողագործության գաղտնիքներին: Խաղողայգում հիմնականում խնդողնի, ռկածթելի սորտեր է աճեցնում: Այսօր մտածում է պետական աջակցության դեպքում ոռոգումը կաթիլային եղանակով կատարել, ինչն ավելի կհեշտացնի մշակման աշխատանքը և ավելի մեծ եկամուտ կբերի:
Խաղողի առաջին բերքը ստացել է չորրորդ տարում` ավելի քան 6-7 տոննա հեկտարից: Այսօր բերքատվությունը հեկտարից հասնում է մինչև 25 տոննայի: Բերքը հիմնականում մթերում է գինեգործարանում, մի մասից ինքն է տնային պայմաններում գինիներ պատրաստում: Խաղողի այգին մեծ խնամք է պահանջում ու ծախսատար է, իսկ բերքի իրացման գինը շատ ցածր է:
2015թ. ընդլայնում է այգին` 8հա-ի (4-ը` սեփական հողատարածքում) վրա հիմնադրելով 2,5հա նռան և 1,5հա պտղատու այգի: Բոլոր աշխատանքները կատարում է սեփական միջոցներով: Աճեցնում է Արցախում աճող նռան բոլոր տեսակները, սպասում է առաջին բերքին:
Այսօր նրա այգում աճում են շատ բերքատու ծառատեսակներ, անգամ քմահաճ կիվին և չորադիմացկուն, ջերմասեր ունաբը:
Այգու հետ կապված բոլոր աշխատանքները կատարում է սեփական ձեռքերով, ինքնուրույն, միայն բերքահավաքի շրջանում է աշխատուժ վարձում:
Մինչ այսօր նա մոտ 4 միլիոն դրամի ներդրում է կատարել պտղատու այգիների հիմնադրման համար։ Այգեգործության առաջ ծառացած խնդիրներից ու դժվարություններից նա առաջնահերթը համարում է գյուղտեխնիկան: Ունի մեկ թրթուրավոր տրակտոր (ինքն է բանեցնում), որով այլևս հնարավոր չէ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Նպատակ ունի լիզինգային եղանակով նոր տրակտոր ձեռք բերել:
Զրուցակիցս չորս երեխայի հայր է, ութ թոռան պապ: Միակ որդին` Եղիշե Պետրոսյանը, հոր հետքերով է շարժվում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց սիրում է դաշտավարությունը և հոր դաշտային աշխատանքները նա է կազմակերպում:
Հիմա, կարծես թե, կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Հետևում են մնացել բազո՛ւմ-բազում դժվարություններն ու փորձությունները:
Եվ Շահմուրադ Պետրոսյանը` ֆիզիկապես հեռու կատարելությունից, բայց հոգով` ավելի ամուր ու անսասան, ընթանում է մեծ ջանքերի գնով գծած իր ճանապարհով: Ճանապարհ, որ գրվել է սեփական արյամբ:


Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի