comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԼԻՆԻ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԿԼԻՆԻ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ

Հարցազրույց ԼՂՀ ԱՆ ՙՔաշաթաղի Արցախ Բունիաթյանի անվան շրջանային բուժմիավորում՚ 

ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը գործում է 1996 թվականից (հիմնադիր գլխավոր բժիշկ՝ երջանկահիշատակ Արցախ Բունիաթյան), ում անունով էլ կոչվում է այժմ։ Հիմնադրման օրվանից մինչ օրս հիվանդանոցում բուժումն անվճար է։ Բուժմիավորումն ունի 131 աշխատակից, որից բժիշկ՝ 15, բուժքույր՝ 73։ Բուժմիավորման կազմում գործում է Կովսականի տարածքային հիվանդանոցը (ներկա պահին այստեղ աշխատում է 6 բժիշկ, 27 բուժքույր, որոնցից 20-ը սպասարկում են հարակից համայնքների բնակչությանը)։ Կա գյուղական բժշկական 3 ամբուլատորիա` մեկը Իշխանաձոր համայնքում, մյուսները` Վարդուտում, Մոշաթաղում։
Արդեն 5 տարի է, ինչ շրջանային բուժմիավորման համար Բերձորում նոր շենք է կառուցվում։ Գործող հիվանդանոցն ունի 6 հիվանդասենյակ՝ 22 մահճակալով։ Կովսականի տարածքային հիվանդանոցում ստացիոնար բուժման համար կա 10 մահճակալ։ Վերջինիս շենքային պայմանները բավարար են, այն 4 տարի առաջ հիմնանորոգվեց, նաև ապահովված է բուժսարքավորումներով։
2015թ. դեկտեմբերի 9-ից բուժմիավորման գործադիր տնօրենն է Կարեն Գրիգորյանը:

- Ի՞նչպես կգնահատեք 2018 թվականը բուժմիավորման համար։
-Կարևոր ձեռքբերումն այն է, որ տարվա ընթացքում հիվանդանոցային մահ չի գրանցվել, չնայած այն հանգամանքին, որ բուժմիավորումը` ներառյալ Կովսականի տարածքային հիվանդանոցը, Իշխանաձորում, Մոշաթաղում և Վարդուտում գործող գյուղամբուլատորիաները, 2018-ին սպասարկել են 15583 այցելուի, 494-ը տարբեր ժամկետներով ստացել են ստացիոնար բուժում։ Տարվա ընթացքում ստացել ենք շտապօգնության 2 մեքենա՝ մեկ ՈՒԱԶ՝ բոլորովին նոր, և մեկ ՙՖորդ՚՝ օգտագործված, բայց լավ վիճակում։ Ներկա դրությամբ ունենք շտապօգնության 4 մեքենա, որոնցից մեկը՝ Կովսականում։ Կարևոր է նաև այն, որ տարվա ընթացքում շինարարական աշխատանքներ կատարվեցին նոր մասնաշենքում, բայց անելիքներ շատ կան։
-Ապահովվա՞ծ կարելի է համարել բուժմիավորումը մասնագետ-բժիշկներով:
-Սա մեր ամենացավոտ տեղն է։ Բերձորում աշխատում է ընդամենը 7, Կովսականում 6 և մեկական բժիշկ Իշխանաձորում և Վարդուտում։ Առավել զգալի է մանկաբույժի և մանկաբարձ-գինեկոլոգի կարիքը։ Բերձորում աշխատում է ընդամենը մեկ մանկաբույժ՝ Սվետլանա Դանիելյանը, իսկ այցելուները շատ են։ Այս տարի շրջանում գրանցվել է 168 ծնունդ, որից ընդամենը 20 հոգի է ծննդաբերել Բերձորի հիվանդանոցում, մեկը՝ Կովսականում, մնացածը՝ Ստեփանակերտում, նաև՝ Կապանում ու Գորիսում։ Պատճառը՝ բժիշկ-գինեկոլոգի բացակայությունն է։ Չունենք նաև ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, այլ նեղ մասնագետներ։
-Բժիշկների պակասը լրացնելու նպատակով ԱՀ կրթության, գիտության և սպորտի ու առողջապահության նախարարությունների երաշխավորությամբ հանրապետության շրջանների դպրոցներից շրջանավարտներ են ընդունվում Երևանի պետական բժշկական համալսարան՝ ավարտելուց հետո շրջան վերադառնալու պայմանով։ Կա՞ն վերադարձածներ Քաշաթաղի շրջանից։
-Այս պահին մեզ մոտ այդ շրջանակներում որպես վիրաբույժ է աշխատում Տիգրան Սահակյանը, ով մինչ այդ աշխատել է նաև հայոց բանակում։
- Բժիշկների և բուժքույրերի համար վերապատրաստման դասընթացներ լինու՞մ են։
-Շատ կարևոր են վերապատրաստման դասընթացները՝ բժիշկների ու բուժքույրերի կատարելագործման համար։ 2018 թվականին 5 բժիշկ՝ երկուսը Բերձորից և 3-ը Կովսականի տարածքային հիվանդանոցից, մոտ 10 օր վերապատրաստվեցին Ստեփանակերտում։ Այժմ Բերձորից թերապևտ Վիոլետա Ասրյանը և Վարդուտի ամբուլատորիայի բժիշկ Դավիթ Խաչատրյանը Երևանում մասնակցում են դասընթացների։ Տարվա ընթացքում նաև բուժքույրերի համար կազմակերպվեցին նման դասընթացներ Երևանում, որտեղ վերապատրաստվեցին 1 բժիշկ և 2 բուժքույր, այնուհետև 17 բուժքույր՝ այստեղից և գյուղերից, վերապատրաստվեցին Բերձորում և Կովսականում։ Նախատեսված է ևս 15 բուժքրոջ վերապատրաստում 2019 թվականին։ Այս կարևոր գործընթացը շարունակական է։
Ներկա դրությամբ ունենք բուժքույրերի կարիք` հատկապես գյուղական բուժկետերի համար։ Հիվանդանոցում հերթապահ և շտապօգնության ծառայության բուժքույրերն աշխատում են ծանրաբեռնված։
-Հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում այցելուները.
-Շատ են սիրտ-անոթային, թոքաբորբ և նման հիվանդություններ ունեցողները։
-Ամեն տարի, հատկապես ամռան ընթացքում, շրջանում օձի խայթոցի դեպքեր են գրանցվում։ Ինչպե՞ս էր իրավիճակը 2018-ին։
-Տարվա ընթացքում գրանցվել է օձի խայթոցի 6 դեպք։ Բոլոր տուժածները ստացել են անհրաժեշտ բուժում Կովսականում և Բերձորում։
- Շա՞տ են լինում շտապօգնության կանչերը։
-2018 թվականի ընթացքում բուժմիավորումում գրանցվել է շտապօգնության 806 կանչ, սպասարկվել է 836 հոգի։ Շրջանի տարածքը մեծ է, ճանապարհների վիճակը` ոչ այնքան բարվոք։ Բայց բոլոր կանչերի դեպքում շտապօգնության մեքենան տեղ է հասնում; Օգտվելով առիթից՝ հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ շտապօգնության դիմել լուրջ դեպքերում։ Գյուղերում գործող բուժքույրերը կարող են ցուցաբերել առաջին բուժօգնություն թեթև դեպքերի ժամանակ: Եղել են դեպքեր, շտապօգնության մեքենան բերում է հիվանդին, և պարզվում է՝ որևէ լուրջ խնդիր չկա։ Պարզապես դիմողը ցանկացել է գյուղից Բերձոր գալ։
Օգտվելով ընձեռված հնարավորությունից` շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որ այս պայմաններում աշխատում են նվիրումով, չեն թերանում իրենց գործում։ Ունենք ԱՀ նախարարության կողմից հաստատված ծրագիր, որի հիման վրա մեր բժիշկները տարվա ընթացքում այցելում են Քաշաթաղի բոլոր համայնքները, տեղում բնակչությանը ցուցաբերում է բուժօգնություն և տալիս պրոֆիլակտիկ ցուցումներ։ Մենք լավատես ենք, այդ լավատեսությունն ավելի ամրապնդվեց, երբ վերջերս Նախագահ Բակո Սահակյանը պետնախարարի ուղեկցությամբ այցելեց բուժմիավորում, հավաստիացրեց, որ նոր տարին շրջադարձային է լինելու ոլորտի, այդ թվում նաև մեր միավորման համար` հատկապես աշխատավարձերի բարձրացման հարցում (վերջին խնդրի ընթացքավորումն արդեն իսկ փաստ է): Իսկ դա ավելի է պարտավորեցնում բոլորիս:

Հարցազրույցը`
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆԻ