comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՅՈՒՂ, ՈՐ ՆԱՅՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻՆ...
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂ, ՈՐ ՆԱՅՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻՆ...

Հայրենիքում մնալն ու արարելը պատվախնդրություն է, հոգու հրամայական 

Բերդաշենը շրջանի խոշոր, կայուն զարգացում ապրող բնակավայրերից է։ Բերդաշենցին միշտ աչքի է ընկել որպես իր հող ու ջրին ամուր թելերով կապված մարդ:

Գյուղը հանրահայտ էր հարուստ այգիներով, հողի մշակության ձեռքբերումներով, անասնապահությամբ։ Բնակիչներն իրենց հայրենասիրությունը դրսևորեցին ինչպես Արցախյան գոյապայքարի տարիներին, այնպես էլ երկրի խաղաղ ու ստեղծարար գործընթացներում։

Ըստ համայնքի ղեկավար Մխիթար Սարգսյանի` Բերդաշենն ունի 376 տնտեսություն՝ 1590 բնակչով։ 2018 թվականին ծնվել է 31 երեխա։ Այստեղ գրանցվում է բնակչության թվաքանակի նկատելի աճ։ Գործում են միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, ակումբ, բուժկետ, փոստ, 17 խանութ, հանդիսությունների տուն, կոշկակարանոց, վարսավիրանոց, ՙՂարաբաղ Տելեկոմի՚ սպասարկման կետ։
Ինչպես մեր բոլոր համայնքներում, այստեղ ևս բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ հացահատիկային և այլ մշակաբույսերի մշակությունը, այգեգործությունը, պտղաբուծությունը, ծխախոտագործությունը, անասնապահությունը։ Գյուղատնտեսության մեջ ներգրավված է ավելի քան 450 մարդ։
Համայնքի ղեկավարի հիմնավորմամբ` անհրաժեշտ ջրային պաշարների առկայության դեպքում բերքատվության ավելի մեծ ցուցանիշներ կարող են գրանցել, քանի որ մնացած բոլոր պայմանները կան։ Այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։ Խնդիրը շրջանի և երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է։ Տարածքում առկա է 6 արտեզյան ջրհոր, որոնց մաքրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Դրանք իրենց զգալի դերակատարությունը կունենան հետագայում՝ խնդրի լուծման համար։ Վերջերս գյուղի խնդիրների լուծման գործում զգալի առաջընթաց է նկատվել, առանձնապես երկրի Նախագահ Բակո Սահակյանի գյուղ այցելելուց հետո: Բարձրացվել են խնդիրներ, որոնք արգելակում են համայնքի առաջընթացը, պետական աջակցություն ակնկալում: Շատ վատ վիճակում էին գյուղ տանող և գյուղամիջյան ճանապարհները։ ՙՎարանդաշին՚ ՓԲ ընկերությանը տրված հանձնարարականից հետո իրականացվել է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգում և ընդլայնում։
Կատարվել են գյուղամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Արդյունքում, աշխատանքով ժամանակավոր ապահովվել է 7 գործազուրկ։ Գյուղի տարածքում գործում են ՙՄագիա՚, ՙՌազո՚ և ՙԷրիզմ՚ ընկերությունները, որոնք զգալի նշանակություն ունեն բնակչությանն աշխատատեղով ապահովելու առումով։
Բերդաշենի այցեքարտ համարվող թանգարանն ու Աղջկա արձանը գտնվում են, կարելի է ասել, կործանման եզրին, ինչը հրատապ լուծում պահանջող խնդիրներից է։ Նաև շրջանի այս մեծ համայնքն առայժմ չունի ակումբի, ապահով համայնքապետարանի շենքեր։ Ակումբի կամ կինոթատրոնի շենքը փլված վիճակում է, համայնքապետարանի շենքը՝ փլուզման ենթակա, մանկապարտեզի տանիքը կապիտալ նորոգման կարիք ունի, դպրոցի շենքը՝ նույնպես։ Նշված խնդիրների մի մասը նոր տարվա կապիտալ շինարարության ծրագրի մեջ է մտցված, մյուս մասի աշխատանքների շուրջ քննարկումներ են ընթանում։ Համայնքի ղեկավարը լիահույս է, որ տեսանելի ապագայում բերդաշենցին լուծված կտեսնի սոցիալ-տնտեսական նշանակության այս և այլ խնդիրները։
Գյուղն ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ, գազիֆիկացված է, ապահովված է ինտերնետ կապով։ Խմելու ջուրը մատակարարվում է շուրջօրյա, ամռան շրջանում՝ ժամանակացույցով։
Կառավարության աջակցությամբ երեք բնակիչ օգտվել է հատկացված շինանյութերից։ Մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվել և շահագործման է հանձնվել առանձնատուն, երկրորդի շինարարության աշխատանքները շարունակվում են։
Ինչպես միշտ՝ Բերդաշենի բնակչությունը պատրաստ է հայրենիքի պաշտպանության և տնտեսության զարգացման գործում ունենալ իր դերակատարությունը, ամուր կառչած է իր հողուջրին: Այստեղ յուրաքանչյուր բերդաշենցու տեսլականում գյուղի ապագան լայն հորիզոններ ունի, իսկ ակնկալվելիք ձեռքբերումների մեջ` յուրաքանչյուր բերդաշենցու անձնական ավանդը:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի