comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ԵՍ ՀԱՅ ԵՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ԵՍ ՀԱՅ ԵՄ՚

Մի կյանքի պատմություն

Կազակությունն Անդրկովկասում ի հայտ է եկել դեռևս XVIII դարի առաջին քառորդում` ռուսական զորքերի կազմում, Պետրոս I-ի պարսկական արշավանքների ժամանակ: Բայց Անդրկովկասում, այդ թվում և Հայաստանում ու Ղարաբաղում, մշտական տեղակայման նպատակով նրանց զանգվածային տեղաշարժի պատճառ հանդիսացան XIX դարի պատերազմները` ռուս-պարսկական` 1826-1828թթ., ռուս-թուրքական` 1828-1829թթ. և Ղրիմի պատերազմը` 1853-1856թթ.: Ստեփանակերտում նրանց շտաբ-կայանը տեղակայված էր քաղաքի վերևի մասում: Տեղակայման վայրը կարճ ժամանակում բնակեցվեց կազակներով: Դա են հաստատում նաև վերջերս Ստեփանակերտում կառուցված Մայր տաճարի շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված նմուշները: Դա ռուսական կայազորի վարժահրապարակի սալահատակի հատվածն է: Արցախի իշխանությունների որոշմամբ` այդ սպիտակ սալաքարերը կտեղադրվեն տաճարի պատերից մեկի մոտ` ի հիշատակ ռուս-արցախյան պատմական բարեկամության:

Կազակների կյանքում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ուղղափառ եկեղեցին: Կազակական բոլոր գնդերում կային գնդային եկեղեցիներ և գնդերեցներ: Ուղղափառ եկեղեցի կառուցվել էր նաև Ստեփանակերտում: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կազակներից շատերը հրաժարվում էին վերադառնալ հարազատ բնակավայրեր և բնակություն էին հաստատում Ստեփանակերտում: Նրանք այստեղ էին տեղափոխում իրենց ընտանիքները կամ ընտանիքավորվում էին հենց տեղում: Ելիզավետապոլի նահանգի ռուսական բնակավայրերի ուսումնասիրությամբ զբաղվող Ի.Լ. Սեգալի խոսքով` այստեղ ձևավորվել է ՙբնավայր` պաշտոնաթող զինվորականներից, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից, ովքեր ծառայության ավարտից հետո չցանկացան հայրենիք վերադառնալ՚:
Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ղարաբաղում դեռ մնացել են այդ կազակների սերունդների ներկայացուցիչներ: Եվ մեր փնտրտուքները պսակվեցին հաջողությամբ: Ստեփանակերտում գտանք մի մարդու, ով դեռևս XIX դարում այստեղ տեղափոխված Դոնի կազակների ուղղակի ժառանգն է: Դա Վլադիմիր Միխայլովիչ ԽԱՐՉԵՆԿՈՆ է: Ստորև ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը:
- Վլադիմի՜ր Միխայլովիչ, որտեղի՞ց են սերում Ձեր նախնիները:
- Դոնից: Բայց շատ վաղուց են տեղափոխվել այստեղ: Նույնիսկ դժվարանում եմ ասել` կոնկրետ երբ, բայց գիտեմ, որ մենք այստեղ երրորդ կամ չորրորդ սերունդն ենք: Հայրս` Խարչենկո Միխայիլ Եգորովիչը, դեռևս անցյալ դարի 20-ական թթ. այստեղ ծանոթացել է մորս` Վերա Կոնդրատևայի հետ: Նրանք ամուսնացան, 1926թ. ունեցան աղջիկ, իսկ 1939թ. ծնվեցի ես: Հայրս որպես ավագ ձիապան աշխատում էր` Ստեփանակերտի Շահումյանի անվան անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումին կից տնտեսությունում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեկնել էր ճակատ, զոհվել է 1941թ.` պատերազմի հենց սկզբում: Մեզ մեծացրել է մայրս:
Ավարտել եմ Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը, ինչպես նաև երաժշտական դպրոցի փողի դասարանը: 1957թ. աշխատանքի տեղավորվեցի որպես կինոմեխանիկի օգնական` Ղարմետաքսկոմբինատում: 1958թ. զորակոչվել եմ բանակ: Ծառայել եմ նավատորմում` նախ Կրոնշտադի ուսումնական ջոկատում, այնուհետև ինձ ուղեգրեցին Սեվերոմորսկ: Ծառայեցի էսկադրային ականակիրի անձնակազմում, այնուհետև ինձ տեղափոխեցին Մուրմանսկ ռազմական հածանավ: 1962թ. զորացրվել եմ, վերադարձել Ստեփանակերտ և միանգամից գործի ընդունվել նորաբաց էլեկտրատեխնիկական գործարանում: Գործարանի տնօրենը Ա. Սեյրանյանն էր, աշխատում էի հավաքման արտադրամասում: Ունեմ մի շարք պարգևներ, լուսանկարս զետեղված էր Պատվո տախտակում: Գործարանում աշխատեցի ընդհուպ մինչև նրա փակվելը: Միաժամանակ նվագում էի փողային նվագախմբում` Նիկոլայ Տոմովիչ Զասեևի ղեկավարությամբ: Ստեփանակերտում մանկական զբոսայգի կար, այնտեղ նվագում էինք երեխաների համար, իսկ երեկոները` մեծերի համար` վերևի զբոսայգու պարահրապարակում:
- Երբևէ չէ՞ք ցանկացել վերադառնալ նախնիների հայրենիք, կամ ընդհանրապես տեղափոխվել Ռուսաստան:
- Երբեք: Ուր էլ լինեի, ինձ միշտ ձգում էր հայրենիքս` Ստեփանակերտը, քաղաք, որը շատ եմ սիրում: Ես շատ առաջակներ էի ստանում, անգամ նավատորմում ծառայելու ժամանակ: Ինձ առաջարկում էին արտագնա նավարկություն, աշխատանք կետորսական նավակազմում, այնուհետև քույրս հրավիրեց իր մոտ` Ղրիմ, բայց ես հրաժարվեցի:
- Երբ սկսվեց Արցախի ազգային-ազատագրական պայքարը, ապա և պատերազմը, ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ տեղափոխվեցին ավելի ապահով վայրեր: Այն ժամանա՞կ էլ չէիք ուզում տեղափոխվել:
-Ոչ, միայն մի բան էի ուզում` օգնել իմ ժողովրդին: Այո, փաստաթղթերով այլ ազգության եմ, բայց հոգու խորքում` հայ, արցախցի հայ: Տարիքիս պատճառով ռազմաճակատ չվերցրին, բայց ես օգնում էի, ինչով կարող էի: Ցերեկը հավասարակշռության էինք բերում զենքի մեխանիզմները, մաքրում արկի պարկուճները, իսկ երեկոյան` պահակություն անում զինվորական պահեստներում, բեռնում և բեռնաթափում արկերը:
-Վլադիմի՜ր Միխայլովիչ, արդեն 80 տարի է` ապրում եք Ստեփանակերտում, ասացե՜ք խնդրեմ, երբևէ զգացե՞լ եք խտրական վերաբերմունք:
-Երբեք, ընդհակառակը, միշտ իմ հանդեպ հարգալից վերաբերմունք եմ զգացել, և ոչ միայն իմ: Ղարաբաղում միշտ էլ մեծ հարգանքով, ես կասեի` անգամ մեծարանքով են վերաբերում սլովենական ազգերի նկատմամբ, և ես դրա կենդանի օրինակն եմ: Ես շատ հայ ընկերներ ունեմ, կինս հայուհի է, թոռներս հայ են, ինքս էլ ինձ ավելի շատ հայ եմ զգում:
Սրանով ավարտվեց Վլադիմիր Միխայլովիչի հետ մեր զրույցը: Մեր կողմից կցանկանայինք ավելացնել, որ ընթացիկ տարում կլրանա Վլ. Խարչենկոյի 80-ամյակն ու տիկնոջ` հայուհի Ռայայի հետ համատեղ կյանքի 50-ամյակը: Շնորհավորենք Վլադիմիր Միխայլովիչին հոբելյանի ու Ոսկե հարսանիքի կապակցությամբ, ինչպես նաև նրան ու իր տիկնոջը մաղթենք երկար, երջանիկ համատեղ կյանք:
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ