comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅ ԻՇԽԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵԼԻՍԵՆԴԱ ՄԵԾ ԹԱԳՈԻՀԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԻՇԽԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵԼԻՍԵՆԴԱ ՄԵԾ ԹԱԳՈԻՀԻՆ

Երուսաղեմի պատմության մեջ հայկական ծագմամբ մի քանի կին տիրակալ է եղել, իսկ նրանցից մեկը` Մելիսենդան, Սուրբ քաղաքի մեծ թագուհիների շարքին է պատկանում:

 Մելիսենդան (1105-1160թթ.) Բալուդին 2-րդ թագավորի ու հայ արքայադուստր Մորֆիա Մալաթիացու դուստրն էր: Հայրը միշտ պատերազմների մեջ էր ներքաշված, և մայրը դստերը հայեցի դաստիարակություն էր տալիս: Բարեկամական թելերով Մելիսենդան կապված էր նաև Կիլիկիայի Ռուբինյան և Լուսինյան հայ արքաների, Պրովանսի կոմսերի և Անգլիայի Պլանտագենետ թագավորների հետ:

Մալաթիայի Գաբրիել հայ իշխանի թոռնուհին` Մելիսենդան, 1129թ. ամուսնանում է Ֆրանսիայից Անժու 5-րդ Ֆուլկի հետ: 1131թ. նրանք դառնում են Երուսաղեմի համակառավարիչներ: Պատմաբանների վկայություններով` թագավորը երկիրը կառավարում էր` հետևելով իր կնոջ խորհուրդներին: Անգամ ամենասովորական հանդիպումները և ընդունելությունները չէին անցնում առանց Մելիսենդայի ներկայության:
Արդեն 1143թ., Ֆուլկ թագավորի մահվանից հետո, Մելիսենդան սկսում է միանձնյա կառավարել Երուսաղեմը:
1144թ. խաչակիրների պետություններից մեկը` Էդեսայի կոմսությունը, թուրքերի հարձակումների հետևանքով գտնվում էր գոյատևման սահմանագծին: Մելիսենդան արձագանքում է օգնության խնդրանքին` ուղարկելով բանակ: Չնայած նրա ջանքերին` Էդեսան անկում է ապրում:
Դրանից հետո Մելիսենդան նամակ է ուղարկում Հռոմ` Պապին, և Արևմուտքը հայտարարում է Խաչակրաց երկրորդ արշավանքի սկիզբը, որը գլխավորում էր Ֆրանսիայի Լյուդովիկոս 7-րդ թագավորը: Արշավանքին, որն անհաջող ավարտ ունեցավ, մասնակցում էր նաև Մելիսենդայի որդի Բալդուին 3-րդը:
Որդու` Երուսաղեմի ապագա տիրակալի հետ Մելիսենդան բարդ հարաբերություններ ուներ: Որպես մայր, նա լավ գիտեր իր որդուն ու նրա ընդունակությունները: Որպես կառավարիչ` նա դժկամությամբ էր որոշումներ կայացնելը վստահում երիտասարդ թագավորին: Բայց իրական իշխանությունը թագուհին որդուն փոխանցում է 1152թ. ոչ շուտ, չնայած նրան, որ Բալդուինը չափահաս էր դարձել1145թ.:
Ողջ կյանքի ընթացքում Մելիսենդան վայելել է եկեղեցու աջակցությունը: Նա Բեթանիայում հիմնել է Սուրբ Ղազարոս վանքը, որտեղ նրա կրտսեր քույր Յովետան մայրապետ է դառնում: Պատմաբանների տվյալներով` Մելիսենդան նաև զգալի նվիրաբերություններ է արել Տիրոջ Գերեզմանի տաճարին, Իոսաֆատի Աստվածամոր տաճարին, հիվանդախնամների հիվանդանոցին և Սուրբ Ղազարի բորոտների հիվանդանոցին:
Իր որդու կառավարման օրոք և մինչև իր կյանքի վերջը Մելիսենդան թագավորության դիվանագիտական գործերով է զբաղվել:
1161թ. թագուհին, ամենայն հավանականությամբ, կաթված է ստանում ու շատ չանցած վախճանվում: Մելիսենդան թաղվել է Գեթսեմանի (Արևմտյան Երուսաղեմ) Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու գաղտնարանում, որը նա վերականգնել էր ավերումից հետո: Նա իր ունեցվածքը (ինչպես նրա մայրը), կտակել է ուղղափառ վանքին:

www.rusarminfo.ru