comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՄՈՒՐ ՈՒ ԱՆԵՐԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՐ ՄԱՐԴԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՈՒՐ ՈՒ ԱՆԵՐԵՐ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՐ ՄԱՐԴԸ

Էռնեստ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. մարդ ու քաղաքացի, ում ապրած կյանքը կարող է օրինակ հանդիսանալ սերունդների համար։

Մարդ, ով կյանքի, հանգամանքների դժվարին պայմաններում կարողացավ իր անունը մաքուր ու անբասիր պահել։ Նա եղավ Ղարաբաղյան շարժման բոլոր փուլերի մասնակիցը, ամեն քայլափոխի ՙգրելով՚ իր կենսագրությունը։ Ծանր ու հանկարծահաս հիվանդությունն անժամանակ հեռացրեց նրան. 10 տարուց ավելի հարազատների, բարեկամների, մտերիմների, ընկերների հիշողությունների ու մտքերի, կորստի ցավի ու ափսոսանքների մեջ է։

Փետրվարի 2-ը Է. Հայրապետյանի ծննդյան օրն է, 70 տարեկան կդառնար։ Եվ հատկապես այդ օրը առիթ դարձավ դիմելու նրա մտերիմներին՝ ընթերցողների հետ կիսելու իրենց խոհերը։
Նախ ներկայացնենք նրա կենսագրությունը, որը ևս մի շտրիխ կավալացնի նրա՝ որպես քաղաքական և տնտեսական գործչի կերպարին։
Ծնվել է 1949թ., Ստեփանակերտ քաղաքում, ծառայողի ընտանիքում։ 1966թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Մեկ տարի աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, իսկ 1969-1970թթ. Ղարմետաքսկոմբինատում` որպես փականագործ։ 1979թ. ավարտել է Վորոնեժի անտառ-տեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 1971թ.-ից աշխատել է Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայում, սկզբնական շրջանում որպես նրբատախտակագործ, ապա տեխնոլոգ, հետո արտադրության կառավարիչ, իսկ 1979թ. ֆաբրիկայի գլխավոր ինժեներ, 1981թ.-ից` կահույքի ֆաբրիկայի տնօրեն (ցավոք, ինչպես կահույքի ֆաբրիկան, այնպես էլ շատ ու շատ ձեռնարկություններ այսօր չեն գործում)։ 1986-1990թթ. զբաղվել է հասարակական աշխատանքով, ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1988թ. եղել է ՙԿռունկ՚ հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, 1990թ.` տնօրենների խորհրդի նախագահ։
Պարգևատրվել է ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով, ՙՄեսրոպ Մաշտոց՚ շքանշանով։

Ղուլյան Բեգլար, կահույքի ֆաբրիկայի նախկին գլխավոր ինժեներ.- Մենք մանկության ընկերներ էինք` տարիքային աննշան տարբերությամբ, ապրում էինք Ստեփանակերտի նույն թաղամասում։ Երկուսս էլ սովորել ենք նույն դպրոցում։ Էռնեստը լավ մարզիկ էր բասկետբոլի գծով։ Երկուսս էլ մաթեմատիկական առարկաներից ստանում էինք բարձր գնահատականներ, և ընդունվեցինք ՎորոնեԺի անտառ-տեխնիկական ինստիտուտը` հեռակա` և՜ աշխատում, և՜ սովորում էինք։ Էռնեստը մանկուց շատ ընկերասեր էր, միշտ պատրաստակամ օգնելու, առանց ցուցամոլության, առանց մեծամտության։ Ընկերների հանդեպ նվիրվածության զգացումն ուղեկցեց նրան ամբողջ կյանքի ընթացքում։ Էռնեստն ուժեղ կամքի տեր անձնավորություն էր` համառ, կյանքի դժվարություններից չվախեցող։ Հիշեմ մեկ դրվագ. 1980-ականներին կահույքի ֆաբրիկան հրդեհվեց։ Մի ամբողջ տեղամաս, որը կազմում էր գործարանի մեկ երրորդ մասը, փլվել էր։ Ֆաբրիկան պիտի փակեին։ Բայց տնօրենը ելքը գտավ։ Մի քանի անգամ ներկայացավ մարզի ղեկավարներին, որոնք թերահավատ էին, համոզեց վթարը վերականգնել։ Քանի որ վթարը պատահել էր ամռանը, դրսում կառուցեց ժամանակավոր տեղամասեր, և աշխատանքը կանգ չառավ։ Իր խելամտության, լայնախոհության, համառ, հավասարակշիռ բնավորության, համոզելու շնորհքով կարողացավ անել այնպես, որ 360 աշխատողներ գործազուրկ չդառնային։ Հրդեհն առիթ դարձավ, որ ֆաբրիկան ընդլայնվի, աշխատի նոր թափով, նոր հզորությամբ։
Նա երկար ճանապարհ էր անցել` բանվորից մինչև տնօրեն, և շատ սրտացավ էր բանվորների հանդեպ։ Շատ զգայուն էր, չի եղել դեպք, որ մեկը որևէ հարցով դիմեր և անպատասխան մնար, կապ չուներ աշխատանքային հարց էր, թե սոցիալ-կենցաղային։ Հայրապետյանի հեղինակությունը շատ բարձր էր և՜ ֆաբրիկայում, և՜ ֆաբրիկայից դուրս։ Նա մեծ հարգանք ուներ աշխատանքի և աշխատողի հանդեպ։ Հայրապետյանի ղեկավարության օրոք ֆաբրիկան դարձել էր աշխատանքային դաստիարակության դարբնոց, որտեղ իշխում էր փոխադարձ հարգանքը։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, կահույքի ֆաբրիկան առաջիններից մեկն էր, որտեղ ստորագրություններ հավաքեցինք մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջով։ Այն ժամանակ դեռ մարդիկ կային, որ թերահավատ էին, բայց Էռնեստն առաջինն ինքը ստորագրեց, մյուսներին էլ համոզեց։ Ասելս այն է, որ նա` որպես պետական այր, օրինակ էր ծառայում, և պատահական չէր, որ նրա հեղինակությունն ու հարգանքը Շարժման տարիներին ավելի մեծացավ։ Հայրապետյանը մտավորական էր բառիս բուն իմաստով, մեծ հայրենասեր. նա կարողանում էր ՙլեզու գտնել՚ քաղաքում տեղակայված խորհրդային ներքին գործերի զորամասերի ղեկավարության հետ, և ստուգումները ֆաբրիկայում անցնում էին բարեհաջող։ Տարիներ են անցել, բայց մենք ընկերներով միշտ հավաքվում, հիշում ենք նրան։

Սարգսյան Հրանտ, կահույքի ֆաբրիկայի նախկին մատակարարման բաժնի պետ.- Քաղաքի տղերք էինք, գրեթե հասակակիցներ, ապրում էինք նույն փողոցում։ Հետո սովորեցինք նույն դպրոցում, ընկերներ դարձանք, երբ երկար տարիներ աշխատեցինք ֆաբրիկայում։ Նա մեծ համբերության տեր մարդ էր, մաքուր, ազնիվ, անշահախնդիր, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Բարությունը նրա գլխավոր հատկանիշն էր, բայց դա չէր խանգարում նրա հեղինակությանը։ Մեծ հարգանք էր վայելում և՜ բանվորների, և՜ ղեկավարների շրջանում։ Ղարաբաղյան շարժման զարթոնքի տարիներին նրա հեղինակությունն ավելի բարձրացավ։ Շատ դեպքեր են պատահել, որ միասին, մեզ վտանգի ենթարկելով, գործուղվել ենք Շահումյանի շրջան։ Մեր մտերմությունը շարունակվում է ընտանիքներում։ Ափսոս, շա՛տ ափսոս, պարզ, անկեղծ մարդ էր, հրաշալի որդի, հայր, ընկեր։

Բորիս Առուշանյան, ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ.- Ես կուզենայի Էռնեստ Հայրապետյանի մարդկային որակներից ընդգծել հայրենասիրությունը, համբերատարությունը։ Ղարաբաղյան շարժման ժամանակ քաղաքական շատ վայրիվերումներ, վերելքներ և վայրէջքներ եղան։ Դրսից ուժեր կային, որ փորձում էին մեզ շեղել ընտրած ուղուց, տարբեր քաղաքական լուծումներ էին առաջարկում: Էռնեստն ակտիվիստների հիմնական կորիզի հետ հաստատակամ շարժվում էր դեպի հաղթանակ։ Մենք արմատներով Ասկերանի շրջանի Ռև գյուղից էինք, կարծես թե դա էլ էր ինչ-որ դեր խաղում` իրար հետ ավելի մտերմանալու հարցում։ Ասում էի՝ մեր փոքրիկ գյուղը տվել է Սովետական Միության երկու հերոս` Հայաստանի Գերագույն խորհրդի մեկ նախագահ և երկու...ՙէքստրեմիստ՚։ Հարցնում էր՝ ովքեր են, ասում էի` ես ու դու, և սրտանց ծիծաղում էինք։ Այն ժամանակ խորհրդային մամուլը Ղարաբաղյան շարժումը և ակտիվիստներին պիտակավորում էր որպես ծայրահեղականներ։ Մենք ոչ միայն մտերիմ ընկերներ էինք, այլև համախոհներ, մեր քաղաքական համոզմունքների մեջ եղել ենք ամուր, հաստատակամ։ Պոլյանիչկո-սաֆոնովյան ծանր ժամանակներ էին, տնտեսական և տեղեկատվական խոր շրջափակում, մենք զբաղվում էինք նաև այլ գործունեությամբ, որի մասին տեղին չէ այսօր խոսել։ Հայրապետյանն ուներ ղեկավարման իր ձևերը՝ շփվելով, դրություն մտնելով, համոզելով, օգնելով, շահագրգռելով, երբեմն օգտագործելով վարչական որոշ լծակներ։ Նրա ղեկավարման ոճը բարյացակամությունն էր, որով հասնում էր մեծ արդյունքի։ Հայրապետյանը մեծ հեղինակություն էր վայելում Տնօրենների խորհրդում։ Նա կարողանում էր մերձեցնել տարբեր սկզբունքների, տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց, բայց քաղաքական հայացքների մեջ մնում էր աներեր, անսասան։ Տարիներ են անցել, բայց ընկերներով հիշում ենք, հավաքվում, այցելում ենք...

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ