comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԺԱՆԻ ՀՈՐ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԱՆԻ ՀՈՐ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿԸ

Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի հիմնական դպրոցը կրում է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան, Համահայկական խաղերի հիմնադիր, գրող Աշոտ Զարեհի Մելիք-Շահնազարյանի անունը։ Նա Արցախի ազնվական տոհմի ներկայացուցիչներից էր, տոհմ, որը երկու հարյուրամյակ կառավարել էր պատմական հինգ մելիքություններից մեկը՝ Վարանդան։

 Ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում։ 1937 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ նա ավարտել է թիվ 160 միջնակարգ դպրոցը։ 1949 թվականին Աշոտ Մելիք-Շահնազարյանն ընդունվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որն ավարտել է 1956 թվականին։ Հետագայում նա ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ բարձրագույն դիվանագիտական դպրոցը և ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար աշխատողների դասընթացները։

Համարյա կես դար դիվանագիտական աշխատանք է կատարել. 33 տարի՝ ԽՍՀՄ ԱԳՆ-ում և 12 տարի՝ ՀՀ ԱԳՆ-ում։
ՀՀ ԱԳՆ-ում պաշտոնավարելու ժամանակ ակտիվորեն ու գործիմացությամբ պաշտպանել է արցախահայության շահերը։ 1993 թվականի ամռանը ԼՂՀ ԱԳՆ հիմնադիրներից մեկն էր և հետագա տարիներին օժանդակել է նրա կայացմանը։ Նա իր մասնագիտական հարուստ փորձը փոխանցել է ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներին՝ մինչև իր կյանքի վերջը մնալով աշխատանքի մեջ։
1997 թվականի սեպտեմբերից ունեցել է Արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներին։
Աշոտ Մելիք-Շահնազարյանը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայտնի է որպես համահայկական մարզական շարժման հիմնադիր, ոգեշնչող և կազմակերպիչ։ 1996 թվականին Փարիզում նա հրապարակայնորեն առաջ է քաշել համահայկական մարզական խաղերի անցկացման գաղափարը, իսկ 1997 թվականին դարձել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը։ Համահայկական խաղերի բոլոր խորհրդանիշների, ինչպես նաև քայլերգի երաժշտության, խոսքի և հրաժեշտի երգի հեղինակն է։
Աշոտ Մելիք-Շահնազարյանը քաղաքական, մարզական և օլիմպիական թեմաներով մի շարք գրքերի հեղինակ է։
Այսօր Ջրաղացների հիմնական դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները մի առանձին հպարտությամբ են նշում, որ դպրոցը կրում է հենց այդպիսի մեծանուն, հայրենասեր մարդու անունը։ Եվ նրանց հպարտությունն ու գոհունակությունը կրկնապատկվում են, երբ հայտնի տոհմի ներկայացուցչի որդին իր ծնողից ոչ պակաս հայրենասեր է. արժանի հոր արժանի զավակ: Արսեն Մելիք- Շահնազարյանն ապրում է Մոսկվայում և աշխատում ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում։ Առաջին դասի խորհրդական է, քաղաքագետ և լրագրող։ Ապրելով Մոսկվայում՝ անմասն չի մնում իր հոր անունը կրող դպրոցի կյանքից։ Պարբերաբար հետաքրքրվում է դպրոցի խնդիրներով, հուզող հարցերով։ Հաճախակի է այցելում դպրոց և ձգտում ամեն կերպ օգտակար լինել։
Այս վերջին տարիների ընթացքում նա դպրոցին նվիրել է թենիսի սեղան, համակարգիչներ, հեռուստացույց, տպիչ սարք, դպրոցական կահույք։ Դպրոցի աշակերտներն ամեն տարի սրտատրոփ սպասում են Ամանորին, քանզի գիտեն, որ իրենց հավատարիմ բարեկամի կողմից ամանորյա նվերներ կստանան։ Վերջին մեկ տարվա ընթացքում Արսեն Մելիք-Շահնազարյանի միջոցներով փոխվել են դպրոցի հին պատուհանները, տեղադրվել է մետաղապլաստե 13 պատուհան։
Դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանն անթաքույց հպարտությամբ է խոսում բարերարի մասին։
-Երբ զգում ես, որ սատարող ուժ ունես, ավելի մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ ես լծվում գործիդ, աշխատում ես անհնարինը դարձնել հնարավոր, բարձր պահել հարազատ կրթօջախիդ պատիվը։
Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները երախտագիտություն են հայտնում բարերարին։ Նրա կատարածը գնահատված է բոլորի կողմից։ Չէ՞ որ այն, ինչ արվում է մատաղ սերնդի կրթության, դաստիարակության համար, միայն մեծարանքի է արժանի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան