comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓՈՐՁԱՔԱՐ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՐՁԱՔԱՐ՝ ՊԱՏՎԻ ՈՒ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ...

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Երբ 1994 թվականի հունիսին Թալիշ գյուղի վերին հատվածում գտնվող Մեժունց աղբյուրի մոտ հանդիպեցի գյուղի նախկին ու ներկա գյուղապետ, ծառայությանը նոր¬նոր հրաժեշտ տված ազատամարտիկ Վիլեն Պետրոսյանին, գյուղի բնակիչներին կարելի էր մատների վրա հաշվել։ Այնտեղ տեր ու տնօրինություն էին անում Թալիշի գումարտակի տղաները։ Այսօրվա պես հիշում եմ` այնտեղից ՙԵղնիկներ՚-ի ճանապարհը բռնեցի գումարտակի տղաների վճռականությունից ու հավատքից զորացած։ Տարիների հետ հավատս ավելի զորացավ, գյուղը վերածնվեց ու շնչեց լիաթոք... 2016թ. ապրիլին գյուղի գլխին կրկին սև ամպեր կուտակվեցին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ոսոխը կրակ տեղաց իրենց օջախներում խաղաղ քնի մեջ գտնվող բնակիչների գլխին: Մի քանի ժամվա ընթացքում` կրկին մահ ու ավերածություն, նորից տեղահանություն... Կանգնել եմ գյուղամիջում ու մոռացել անելիքս... Մի կողմում ավերակներ՝ դառն ու սառը ՙքրքիջը՚ շուրթերին, մյուս կողմում շինարարի մուրճի ձենն է զարկվում քարին ու արձագանքում լեռներում։ Դարբնի զնդանում կռվող ու կրակարանում թրծվող երկաթի ամրությամբ վերածնվում¬վերընձյուղվում է նոր Թալիշը, այս անգամ նոր գույներով՝ քաղաքատիպ, հիմնովին՝ ժամանակների փորձությանը դիմակայելու հույսով ու հավատով...

Անցյալի ու ներկայի հետ կռիվս տալով` գյուղամիջով իջնում ու հանդիպում ենք Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, Թալիշում կառավարության լիազոր ներկայացուցիչ Լևոն Ապրեսյանին։ Հին ու ծանոթ դեմք՝ ազատամարտիկ, գումարտակի հրամանատար, շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ առաջնային գծով, ներկայումս պահեստազորի փոխգնդապետ, ու հայրենի գյուղի վերականգնման¬վերակառուցման թիվ 1 պատասխանատուն, ու կրկին՝ առաջնագծում... Եվ առաջին հարցս՝ ձեռքսեղմումից հետո.
-Դու չե՞ս հոգնել առաջնագծում լինելուց,¬ Լևոնը ջերմ ու անմիջական ժպտում է, խորը հոգոց քաշում ու իսկույն հավաքում իրեն` արագ տեղավորվելով իր կերպարի մեջ, այն է` հայրենի գյուղի շենացման թիվ 1 պատասխանատու։
-Իմ հայրենիքը Թալիշն է,- ասում է Լևոնը,-և քանի դեռ այն ֆորպոստ է, ուրեմն ես էլ առաջնագծում եմ։ Հավելենք, որ զրուցակիցս միայն 25 տարի եղել է խրամատում և Թարթառ գետից մինչև Մռավ սար ոչ միայն անգիր գիտի ամեն քար ու թփի տեղը, այլև յուրաքանչյուր բուռ հողի վերաբերում է որպես սրբության, և, որ շատ կարևոր է` իրեն պատասխանատու է զգում բոլոր հարցերում՝ խնդրո առարկա, թե... Ընտանիքը՝ կինն ու երկու դպրոցահասակ երեխաները` Հրաչյան ու Հասմիկը, ներկայումս գտնվում են Երևանում, իսկ ավագը՝ Հրանտը, հոր կողքից չի հեռանում, համալսարանն ավարտել, մագիստրատուրայում է սովորում հեռակա կարգով, հիմա էլ պայմանագրային հիմունքներով ՊԲ¬ում ծառայության է անցել, որ գյուղի դիրքերը պահի և գյուղի վերածնվելը տեսնի։ Իրականությունը դառն է, ճշմարտությունը` առավել, իսկ ճակատագիրը՝ հայի ճակատագիր է իր բոլոր պատճառահետևանքային կապերով. չդիմացա՜ր, կուրծքդ դեմ չտվեցի՜ր` կորած ես։ Իմ զրուցակիցն ընդունել է ճակատագրի մարտահրավերը և վստահ է, որ հաղթանակով է դուրս գալու հերթական փորձությունից։ Ֆիզիկապես շատ կուզենար ընտանիքի հետ լիներ, երկարամյա ծառայությունից հետո հանգստանալ, բայց հոգու թելադրանքն այլ է, այլ միջավայրում նրա հոգին խաղաղություն չունի։ Նա պարզապես անկարող է մասնակիցը չլինել այն ամենի, ինչ այսօր տեղի է ունենում հայրենի գյուղում։
Ապրիլյան պատերազմի օրերին Լ. Ապրեսյանը յոթերորդ պաշտպանականում ծառայության էր, նա այդտեղ էլ առաջնային գծով հրամանատարի տեղակալ էր: Չարաբաստիկ այդ գիշերը զորամասի օպերատիվ հերթապահն էր։ Այդ թոհուբոհի, լարվածության մեջ մի պահ մոռացել էր ընտանիքի մասին... Առավոտյան ժամը վեցին որդին զանգեց, որ ճանապարհին են, ստիպված են եղել լքել տունը... Փոխհրամանատարի բախտը բերել է, որ 23-ամյա որդին տանն էր, եթե Ստեփանակերտում դասի լիներ, ի՞նչ կլիներ կնոջ ու անօգնական փոքրիկների հետ, Աստված գիտի։ Ապրիլի 5-ին, երբ տղամարդիկ գյուղ են վերադարձել, երբեմնի շեն գյուղից միայն հիշողություն էր մնացել։
Ամեն ինչ անցյալում է, այսօր արդեն առաջնահերթը Թալիշի պատասխանատուների համար ցանկացած գնով պատմական բնակավայրի պաշտպանության ու պահպանման խնդիրն է։ Շատ դժվարություններ են հաղթահարել, սա էլ կհաղթահարվի, ինչքան էլ որ ծանր լինի։ Լ. Ապրեսյանի համոզմամբ` հայրենիքը յուրաքանչյուր հայի համար սկսվում է Թալիշ գյուղից։ Իսկ հանրապետության նախագահի (ում ամենօրյա ուշադրության կենտրոնում են գյուղի հոգսերն ու խնդիրները) բնորոշմամբ` Թալիշի վերականգնումը պատվի ու արժանապատվության հարց է:
Գյուղն ազատագրվել է 1994¬ի ապրիլի 14-ին: 1992 թվականի հունիսի 16-ին՝ գյուղի առաջին բռնատեղահանման ժամանակ էլ Լ. Ապրեսյանը գյուղում է եղել, երբ Թափ¬Կարակոյունլուից հարձակվել են (և առաջին 4 զոհն ունեցել), Լևոնը հայաստանաբնակ թալիշցիների ջոկատի կազմում էր։ Դիրք էին պահում, հունիսի 16¬ին շատերը գյուղից դուրս են եկել ոտաբոբիկ։ Իսկ թե մինչև ետդարձ ինչպե՞ս են ապրել, Աստված գիտի... Դաժան օրեր էին, և մտահոգիչն այն է, որ թալիշցիներն այդ գեհենի միջով երկրորդ անգամ են անցնում։ Նրանց հասկանալ է պետք. սոցիալական, հոգեբանական արգելքներն ինչպե՞ս առանց ցնցումների հաղթահարեն, ոչ թե դժվար է, այլ հաճախ չի էլ ստացվում, բարձրաձայն մտորում է համայնքի պատասխանատուն. ՙԻմ տունն այս անգամ էլ, որ վերականգնեմ, լինելու է երրորդ անգամ։ Դառը դատում ես, դատարկ նստում. սա է իրականությունը։ Եվ ինչքան մարդկանց փորձում ես համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու, կարծես չեն վստահում, զգույշ են, մի քիչ վախեցած, անվստահ։ Տարիներն անցնում են, բայց չկա լիակատար խաղաղության երաշխիք, և անորոշությունը երկվություն է ծնում՚։
Այդքանով հանդերձ, Լևոն Ապրեսյանը լավատես է և համոզված, որ իր հայրենի գյուղը վերածվելու ու հառնելու է փյունիկի պես, իր նման մտածողներ էլի կան, բայց կան նաև դրան չհավատացողներ։ Նոր Թալիշում նոր շունչ է լինելու, ժամանակակից բնակավայր պիտի դառնա։ Նախկին գյուղը վերանորոգվել է հին, այստեղից¬այնտեղից քանդած շինանյութերով, դուռ¬պատուհանով։ Ներկայում գյուղը կառուցվում է նոր ու ժամանակակից միջոցներով։

Լևոնի ցանկությունն է` գյուղը լրիվ մաքրվի ավերակներից և դրանք այլևս ջնջվեն մարդկանց հիշողությունից։ Նոր շունչ, նոր բնակավայր` մաքուր ու գեղեցիկ, սա պիտի լինի վաղվա տեսլականը։
Նախապատերազմյան Թալիշը շուրջ 3 հազար բնակչություն է ունեցել, 760 տնտեսություն, դպրոց է հաճախել գրեթե հազար աշակերտ։ 1995թ., երբ բռնատեղահանությունից հետո տուն են վերադարձել, աշակերտների քանակը մոտավորապես հարյուր էր, բնակչությունը՝ 5 հարյուր, և 140 ընտանիք։ Այսօր որտեղ ասես թալիշցիներ կան, տուտը մինչև Ամերիկա է հասնում, մեծամասնությունը ապաստան է գտել Կրասնոդարի երկրամասում։ Շատերն այլևս գյուղի հետ կապ չունեն, սակայն ձեռք մեկնողներ էլ կան։ Գյուղի 44 զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը թալիշցի բարերարի ` բելառուսաբնակ Սաղաթելյան Բորիսի միջոցներով է վեր հառնել։ Զրուցակիցս (և ոչ միայն ինքը) ավելի գործուն աջակցություն է ակնկալում ու չի թաքցնում, որ նկատելի սառնություն կա։ Գյուղին ջերմություն է պետք, սրտացավ, հոգատար վերաբերմունք։ Այդուհանդերձ, Թալիշն Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Ներկա դրությամբ գյուղում մեծածավալ աշխատանքներ են կատարվում, ու կատարվում են որակով։ Աշխատանքների սկսման նախնական փուլում թերահավատություն կար, այսօր անզեն աչքով էլ տեսանելի է կատարվածը, որը ոչ միայն հիացմունք է առաջացնում, այլև՝ հույս ու հավատ ներշնչում։ Փոփոխությունները նկատելի են, ամենակարևորը՝ հուսադրող։ Պահի դրությամբ 15 բնակարաններում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Լրիվությամբ պատրաստ են դպրոցը, մանկապարտեզը, հանդիսությունների սրահը, գյուղապետարանը, բուժկետը, կենցաղի տունը, նույնիսկ խաղասրահը։ 28 բնակարան ամբողջությամբ պատրաստ վիճակում է, դրանք բարեկարգ, ժամանակակից, բոլոր հարմարություններով կահավորված բնակարաններ են։ Տան ծորակները երբ բացես՝ ջուր կա։ Ի դեպ, վերականգնվում¬հիմնանորոգվում են այն տները, որոնց բնակիչները ցանկություն են հայտնել վերաբնակվելու։ Նախնական փուլում անվստահություն շատ կար, բայց տեսնելով արդյունքը, շատերը մտափոխվեցին։ Այսօր գյուղի մեջ մի շնչի ներկայությունն էլ կարևոր է, մի երդիկից ելնող ծուխն էլ հարևանին տուն կկանչի։ Այսօր 70 ընտանիքի համար է կառուցվում, չի բացառվում, որ վաղն էլի ցանկություն հայտնողներ կլինեն։ Սպայական ընտանիքներ էլ կան, որ սպասում են գյուղացիների վերադարձին։ Եթե ազատ բնակարաններ լինեն, չի բացառվում, վերաբնակներ էլ կունենան։
Նորակառույց դպրոցը 120-տեղանոց է, հանդիսությունների տունը՝ 250 հոգու համար է նախատեսված, մանկապարտեզը՝ 35։ Վերջին տվյալներով, ներկայումս Ալաշանում ապրում է 155 մարդ, մոտավորապես 60 հոգի էլ Մատաղիսում է ժամանակավորապես բնակվում։ Տեղափոխումը կատարվելու է միաժամանակյա։ Ընթացիկ տարում մնացած բնակարանների հարցն էլ կլուծվի և վերադառնալ ցանկացող բնակիչների 90 տոկոսը կլինի ապահովված։
Արդյո՞ք վերադարձից հետո թալիշցիների անվտանգությունը երաշխավորված կլինի. հնչեցրած մտահոգությանս ի պատասխան կառավարության լիազոր ներկայացուցիչն ասաց, որ ամեն ինչ քննարկված ու հաշվի է առնված։ Կա նաև պայմանագրային հիմունքներով թալիշցիներով համալրված դասակ: Նաև լրացուցիչ դիրքեր են կահավորվել, մտադիր են դասակը համալրել նորեկներով, և բնակչության անվտանգության երաշխիքները կավելանան ու նաև աշխատատեղերով ապահովված կլինեն։ Մնում է, որ զենքն ամեն պահի պատրաստ լինի, տունն ու ընտանիքն ամուր պահել, այլ ելք ու ճանապարհ չկա։ Լ. Ապրեսյանի երազանքն է, որ գյուղը համալրվի երիտասարդ, աճող ընտանիքներով, և ինչպես գարնան գալուն ծառ ու ծաղիկ են վերընձյուղվում, այդպես էլ Թալիշը ծաղկի ու շենանա։ Առաջնահերթն, իհարկե, խաղաղությունն է, իսկ մնացած բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում լուծում կստանան։
Ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության միջոցներով ու միահամուռ ուժերով կրկին ավերակներից հառնում է Նոր Թալիշը: Ապագայի տեսլականում նաև Հոռեկա վանքի վերականգնումն է, Թալիշ գյուղի երակն այնտեղ է, ասում է Լևոնը, և ուզում է հավատալ, որ բարեգործներ կգտնվեն և մի օր իրենք ևս ծրագրերով կգան ավերակներից ձերբազատված Թալիշ։

Գյուղի հոգս ու խնդիրներով ապրող Լևոն Ապրեսյանը չի հասկանում այն մարդկանց, ովքեր մեկ կամ երկու օրով գալիս, կանգնում են գյուղամիջում ու իրենց տան ճամփան առանց օգնության չեն գտնում... Իսկ պատմական ու պատվական Թալիշ անվամբ գյուղը մեծահոգի է ու նմաններին անգամ չի մոռանում, ամեն օր նրանց ճամփան է պահում` հույսը՝ Աստծուն, պատիվը՝ որդիներին ապավինելով...


ՏԻՐԱԿԱՆ Է ՆՐԱՆՑ ԿԱՄՔԸ...


Թալիշի տեր ու տիրականն այսօր շինարարներն են։ Արևածագից մինչև մայրամուտ քայլ առ քայլ ծնունդ են տալիս նոր Թալիշին։ Հպանցիկ նայում են գյուղ մտնող և դուրս եկող հատուկենտ այցելուներին ու կրկին կենտրոնանում իրենց գործի վրա։ Նրանք այստեղ են Հայաստանի, Արցախի տարբեր բնակավայրերից... Արտակը, Էդուարդը, Գևորգը, Սարգիսը, Ասծատուրն ու Վաչագանը մեկ բրիգադից են՝ ՙՃանշին՚ ՍՊԸ-ի բանվորներ։ Նրանք Արցախի շատ բնակավայրերում են աշխատել, հիացել իրենց աշխատանքի ավարտուն արդյունքը տեսնելով, բայց Թալիշն ուրիշ է։ Այստեղ իրենց չափազանց պատասխանատու են զգում, պատասխանատու նաև երկրի ապագայի համար։ Նրանք վերացնում են պատերազմի հետքերը և յոթը աղոթք ունեն ամեն Աստծո օր, որ այն այլևս չկրկնվի։ Եվ ինչն է շատ կարևոր` նրանք ձգտում են գործն օր առաջ ավարտել. տունդարձի ճանապարհը պահողներ շատ կան։ Չեն թաքցնում, իրենք էլ են կապվել բնակավայրի հետ, հեռանալուց ոչ միայն կկարոտեն, այլև կհպարտանան, որ նաև իրենց քրտինքով շաղախվեց Թալիշի վերածնունդը։ Հերթական տունը շուտով շահագործման կհանձնեն, ու այսպես շարունակ:
Շինարարները գոհ են իրենց աշխատանքային պայմաններից, խոհարարը ճաշը, թեյը միշտ տաք է պահում, աշխատավարձն էլ ժամանակին ստանում են, մեկ-մեկ էլ տուն են գնում, բայց միշտ շտապում են վերադառնալ, գործ շատ կա, բանող ձեռքն է քիչ։ Մինչ այստեղ գալը գյուղի պատմությանը ծանոթ չէին, հիմա այնքան են լսել գյուղի գլխով անցած պատմությունները, որ այն այլևս իրենց կյանքի մի մասնիկն է դարձել։ Նրանք հիմա են լիարժեք հասկանում ՙայստեղով թուրքն է անցել՚ արտահայտության իմաստը, ի՞նչ կարող ես անել` այդ ազգն էլ քանդելուց, ավերելուց ու մորթելուց է հաճույք ստանում։ Իսկ իրենք կառուցելու են ու չեն հոգնելու, կառուցելու են, որ առաջնագծում կանգնած տղաների թիկունքն ամուր լինի, տաքուկ ու վարքար տան շունչ լինի, ու նրանք իմանան, թե ինչի համար են կրում բազում զրկանքները։ Իրենք էլ ծառայել են բանակում, իրենց ընտանիքներից էլ զինծառայողներ կան առաջնագծում։
-Թուրքը որ հասնի ու թաթը դնի այստեղ, հետո էլ մեր տներին կհասնի,- ասում է համեմատաբար տարիքովը՝ Վաչագանը, իսկ Ասծատուրը շարունակում է ընկերոջ միտքը,- թե սահմանամերձ բնակավայրերն անառիկ եղան, իրենց տուն-օջախներն էլ պաշտպանված կլինեն։ Այնպես որ` մեկ օրվա համար չեն կառուցում ու իրենց գործին հույս, հավատ, սեր ու վճռականություն են շաղախում: Շուտով այդ 4-5 երդիկից բարձրացող ծուխը կդառնա հարյուր-երկու հարյուր, ու ժամանակի մարտահրավերին դիմակայած Թալիշն աշխարհի հետ կխոսի նոր գույներով, նորանոր լուծումներով ու նոր լեզվով, դեռ ոչ ոքի չի հաջողվել Արցախի ու արցախցու հետ խոսել վերջնագրի լեզվով. վկան՝ մեր բազմադարյա պատմության էջերն ու նրա անխոտոր ընթացքը։