Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՆՑ ԳՅՈՒՂԱՑԻՆ Է ՕԺՏՎԱԾ...

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայրենի հողում աշխատելն ու արարելը երիտասարդ գյուղաբնակի համար

Հաթերքը շրջկենտրոնից հեռու է 45 կմ, գտնվում է Մռավի հարավային լեռնալանջին՝ 1000 մետր բարձրության վրա։ Տարածքի մեծությամբ գերազանցում է շրջանի գրեթե բոլոր գյուղերին: Համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, տեղամասային հիվանդանոց, կապի բաժանմունք, այլ օբյեկտներ։ Գյուղը յուրահատուկ է ոչ միայն տեղանքով, բնությամբ ու ենթակառուցվածքներով, այլև` մարդկանցով, ովքեր իրենց ներդրման չափով փորձում են նպաստել հայրենիքի շենացմանը։ Ինչպե՞ս կարելի է հաթերքցուն հերոս չանվանել, եթե գյուղը թշնամու կողմից երկու անգամ գրավված լինելով՝ շարունակել է ծաղկել ու ապրել...
Հաթերքը, որն ունի մոտ 1500 բնակիչ, տարածվում է գեղեցիկ ու անտառապատ սարահարթի վրա։ Սակայն հաթերքեցիներից ոմանք խոստովանում են. միայն բնությունը բավարար չէ, որ գյուղը զարգացում ապրի:
38-ամյա Գագիկ Մաթևոսյանը գտնում է, որ այդ գործում շատ կարևոր է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելը, ինչի ցանկությունը նրա մոտ եղել է մանկությունից, սակայն իր առաջին քայլերն արել է անցած տարի։
ՙՃիշտ է, շատերս ունենք մասնագիտություն և որևէ աշխատանք, սակայն գյուղացու համար միայն դա չպետք է չափանիշ լինի, որովհետև հենց գյուղացին է օժտված բնության տված հրաշալիքներով անընդհատ արարելու ձիրքով։ Եթե ապրում ես գյուղում, ապա պարտավոր ես զբաղվել գյուղատնտեսությամբ։ Ես էլ, որպես արցախցի, ինչպես նաև չորս երեխայի հայր, պարտավոր եմ արյան գնով պաշտպանած հողը միշտ ծաղկուն պահել։ Իմ ընտանիքը, մեր համագյուղացիները շատ զրկանքներ ու կորուստներ են տեսել Գոյամարտի ժամանակ, հիմա եկել է ավելի լավ Արցախ կերտելու ժամանակը։ Դրա համար ամենքս պետք է մեր փոքրիկ ներդրումն ունենանք։ Ես, օրինակ, որոշեցի Թարթառ գետի մերձակայքում գտնվող մեր դաշտերում լոբի ցանել։ Գաղափարը դեռ վաղուց կար, սակայն առաջին փորձն ինքնուրույն արեցի անցած տարի՚,-պատմում է նա։ Խոսելով դժվարություններից, նա ասաց, որ խնդիրը ոռոգման ժամանակ է ծագում հիմնականում, որովհետև որոշ տեղեր ջուրը դժվար էր հասնում, պետք էր ուշադիր հետևել։ Անհրաժեշտ էր սպասել արդյունքի՝ հետագայում այդ փոքրիկ ՙբիզնեսը՚ շարունակելու կամ չշարունակելու որոշում կայացնելու համար։
ՙԱպրել այնպես, որ հողը երբեք չզգա քո ծանրությունը՚,- Սևակի այս խոսքերը կարծես որդեգրած, Գագիկը խոսում էր հայրենի հողին օգտակար լինելուց և սեփական ծննդավայրը շենացնելուց։ Հենց այս գաղափարն էլ նրա համար ուղեցույց է հանդիսացել առաջին հայացքից սովորական թվացող լոբու ցանքով զբաղվելու համար։ Գագիկի եղբայրը՝ Արմենը, արդեն երկար տարիներ է, ինչ, այսպես ասած, ՙցորեն արտադրող գյուղացի է՚։
ՙՄինչ այս գործն սկսելը եղբորս էի օգնում, որովհետև գյուղատնտեսությամբ զբաղվելն ինձ համար հոբբի էր։ Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել, պետք է աշխատեմ, բարիք ստանամ, պապերիցս ժառանգած հողերը ծաղկեցնեմ և ընտանիքս պահեմ։ Եվ հետո, իմ մեջ մեծ ոգևորություն եմ զգում, երբ տեսնում ու զգում եմ հորս հպարտությունը մեր կատարած գործից՚,-պատմում է նա, մանրամասնելով, որ հայրը մասնակցել է Արցախյան պատերազմին և երկու անգամ վիրավորվել, ինչից եղբայրները և՜ տառապանքների միջով են անցել, և՜ միաժամանակ հպարտություն զգացել՝ իրենց մեջ արմատավորելով հայրենի հողի սուրբ նշանակությունը։
Երիտասարդ գյուղաբնակը նշում է, որ սկսած գործը որոշակի արդյունք է տվել արդեն, սակայն ավելիին հասնելու համար առաջին հերթին պետք է ամենահասարակ բանը՝ ավելի շատ աշխատանք, իհարկե, հավատալով ու վստահելով սեփական ուժերին և ընտանիքը պահելու համար հույսը չդնել միայն ծնողների կամ պետության վրա։
;